Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Kepka 4

Շուտով ամերիկյան բանակում զինծառայողների դաշտային համազգեստի բերետները կփոխարինվեն կեպիներով: 2001թ.-ից բերետ են կրում ոչ միայն ամերիկյան բանակի հետախուզության հատուկ ստորաբաժանումները` ռեյնջերները, այլև ցամաքային զորքերի բոլոր զինծառայողները (համարյա 1 մլն մարդ):

Սակայն նրանց շրջանում բերետը հարգի չէ և, բացի դրանից, գործնական որակներով էլ զիջում է կեպիին` արևից չի պաշտպանում, քրտինքը վատ է ներծծում: Բացի դրանից, համարյա կրկնակի թանկ է կեպիից. վերջինս արժե 6.50 դոլար, իսկ բերետը` 11.90:

georgia-nato-flags

Լիտվայում սկսվել է ՆԱՏՕ-ի «Սաթե հույս» զորավարժությունը, որին մասնակցում են 9 երկրների 2200 զինծառայողներ: Այդ երկրներից յոթը ՆԱՏՕ-ի անդամ են (ԱՄՆ-ը, Կանադան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Նորվեգիան, Լեհաստանը), իսկ երկուսը` գործընկեր (Վրաստանը և Ֆինլանդիան):

Զորավարժությանը դիտորդներ են ուղարկել նաև Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան և Ուկրաինան:

Զորավարժության սցենարը կազմվել է` Աֆղանստանում, Իրաքում և Սոմալիում ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական և հակաճգնաժամային գործողությունների փորձը հաշվի առնելով:

Ahmadinejad-&-Aliev

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Թեհրան` հունիսի 25-26-ը մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանսին, որին ներկա են լինելու 60 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ժամանակ նախագահելու է Իրանի նախագահը: Քննարկվելու է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ռազմավարությունը:

Նկատենք, որ հունիսի 25-ին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կազանում:

Kaspi-1

ԱՄՆ-ը և Ադրբեջանը անվտանգության ոլորտում համագործակցության նոր փուլ են սկսում, որը վերաբերում է նախևառաջ Կասպից ծովում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը: Այս մասին հունիսի 11-ին հայտարարեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Ռուսական «Վոյեննոյե օբոզրենիյեն» (www.topwar.ru) այդ համագործակցությունն անվանել է «հարված Ռուսաստանին»:

Բրայզայի հայտարարությունից մի քանի օր առաջ` հունիսի 8-ին, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Կասպից ծովի հատակով խողովակաշարերի կառուցմանը: Այդ հարցում Ռուսաստանին պաշտպանում է Իրանը` մատնանշելով բնապահպանական խնդիրները:

Իսկ ահա Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը գտնում են, որ եթե իրենք համաձայնության գան խողովակաշարի հարցում, ապա մերձկասպյան մյուս երկրների կարծիքն էական չէ: Նախագծի համաձայն` Ղազախստան-Թուրքմենստան-Ադրբեջան անդրկասպյան գազամուղը պետք է միանա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը «Նաբուկո» խողովակաշարի հատվածներից մեկն է:

Պենտագոնի վերլուծաբան Բարրի Ուոտսի կարծիքով, «սթելս» տեխնոլոգիան, որը թռչող սարքերն աննկատ է դարձնում հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների համար, մի քանի տարի հետո կարող է դառնալ ավելորդ: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի հավանական հակառակորդները, մասնավորապես Ռուսաստանն ու Չինաստանը, կատարելագործում են ռադիոլոկացիոն ու զենիթահրթիռային համակարգերը, որոնք շուտով ունակ կլինեն հայտնաբերելու նաև «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված թռչող սարքերը:

Իսրայելի պաշտպանության նախարարության տեխնոլոգիական ստորաբաժանումը մշակել է «Emulsion» կոչվող համակարգը, որի շնորհիվ հնարավոր է պայթեցնել ստորերկրյա այն թունելները, որոնցով մաքսանենգները Սինայի թերակղզուց Գազա են տեղափոխում զենք և արգելված այլ ապրանքներ: Հատուկ մեքենաները հողի մեջ են բաց թողնելու հեղուկներ, որոնք առանձին-առանձին անվտանգ են, բայց ստորերկրյա խոռոչներում միանալու դեպքում վերածվում են պայթուցիկ նյութի:

Ռուսաստանի ցամաքային զորքերի 726-րդ ուսումնական կենտրոնում փորձարկվում է շարժական զենիթահրթիռային նոր համալիր (ՇԶՀՀ), որն իր մարտավարական-տեխնիկական բնութագրերով գերազանցում է եղած ՇԶՀՀ-ներին: Ծրագրի համաձայն` փորձնական-կոնստրուկտորական աշխատանքները կավարտվեն այս տարի, և պետպատվերի շրջանակներում զորքեր կառաքվի շուրջ 250 միավոր ԶՀՀ: Զորքերում ՇԶՀՀ-ները կտեղադրվեն շարժական պլատֆորմների վրա, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա հեռակառավարվող ավտոմատ կրակը: