Տարածաշրջան
Ռուսաստանի ձեռնարկությունների ընդամենը 9.4%-ն է տեխնոլոգիական նորամուծություններ (ինովացիաներ) ներդնում երկրի տնտեսության մեջ, մինչդեռ լավագույն ցուցանիշը համարվում է 25-30%-ը: Այս հարցում Ռուսաստանը զիջում է եվրոպական երկրների մեծ մասին, Բրազիլիային և Չինաստանին: Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.25%:
Մեծ Բրիտանիան Վրաստանի պաշտպանության նախարարություն կուղարկի անվտանգության և պաշտպանության հարցերով խորհդրականի: Օրերս այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ռազմավարության և միջազգային անվտանգության հարցերով նախարար Ջերալդ Հովարդը` Վրաստանի պաշտպանության նախարար բաչո Ախալայայի հետ հանդիպելուց հետո:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Վրաստանին է հանձնել «Hummer» տեսակի մեծ անցողունակությամբ զրահապատ 40 մեքենա: Դրանք օգտագործվելու են վրացի զինվորականներին մինչև Աֆղանստան ուղարկելը խաղաղապահ գործողությունների նախապատրաստելու համար: Դրանից հետո ավտոմեքենաները կմնան Վրաստանում` որպես պետության սեփականություն:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Աֆղանստանում համատեղ կստեղծեն տարբեր մոդիֆիկացիայի «ՄԻ» ուղղաթիռների սպասարկման կենտրոն: Այլևս կարիք չի լինի նորոգման համար մեծ ծախսեր կատարելու և ուղղաթիռը տեղափոխելու Եվրոպա:
ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Բելեվիտինը և նույն վարչության գնդապետ Ալեքսեյ Նիկիտինը ձերբակալվել են կոռուպցիայի հարցով քրեական գործի շրջանակներում: Նրանք կասկածվում են բժշկական սարքավորումների գնման ժամանակ 4,7 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Բելեվիտինը պատրաստվում էր վերացնել կաշառքի փոխանցման միջնորդ-վկային:
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն` ԱՄՆ-ը Ռուսաստանից 30 տոկոսով ավելի ռազմավարական միջմայրցամաքային հրթիռներ և ատոմային մարտագլխիկներ ունի: Երկրի սպառազինության մեջ են 882 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, Ռուսաստանն ունի 521 այդպիսի հրթիռ: Ամերիկյան մարտագլխիկների թիվը 1800 է, ռուսական մարտագլխիկներինը` 1537: Առավելություն կա նաև արձակման կայանների մասով` համապատասխանաբար 1124 և 865:
Ամերիկյան բանակը 1995թ. մինչ օրս սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մշակման 22 նախագիծ է փակել, որոնց վրա, ընդհանուր առմամբ, ծախսվել է 32 միլիարդ դոլար: Հետախուզական RAH-66 Comanche ուղղաթիռները և «Ապագայի մարտական համակարգերը» ամենախոշոր ֆինանսավորում ստացած, սակայն այդպես էլ ոչ մի միավոր նոր տեխնիկա բանակին չտրամադրած նախագծերն են: Comanche-ի նախագծումն սկսվել է 1980-ականներին, դադարեցվել է 2004թ., երբ արդեն ծախսվել էր վեց միլիարդ դոլար: