Տարածաշրջան
Ռուսական «ՄԻԳ» ավիաշինական կորպորացիան Հնդկաստանի ռազմածովային ուժերին է փոխանցել ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ 5 կործանիչ, նաև օդաչուների ուսուցանման` շարժունակության համակարգով համալիր վարժասարք, կործանիչների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներ: 1,5 միլիարդ դոլար արժողությամբ 29 հատ ՄԻԳ-29 ինքնաթիռների մատակարարման մասին պայմանագիրը կնքվել է 2010թ. մարտին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շուրջ 100 միավոր հեռանկարային բազմանպատակ ռազմատրանսպորտային ԿԱ-60 ուղղաթիռներ է պատվիրել: Ուղղաթիռի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2015թ.:
Ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանմամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ԱՊՀ անդամ երկրները վաղ թե ուշ ստիպված են նոր զենք գնել Ռուսաստանից, քանի որ սպառազինությունը նույնպես հնանում է և չի կարող շարունակ արդիականացվել:
Ամերիկյան «Lckheed Martin» ավիաշինական ընկերությունը հրաժարվել է Թուրքիային տրամադրել 5-րդ սերնդի «F-35» կործանիչի արտադրման տեխնոլոգիան, ինչի պատճառով Թուրքիան դեռևս այս տարվա մարտ ամսին հայտարարել էր, որ դադարեցնում է 100 հատ ամերիկյան «F-35» գնելու շուրջ բանակցությունները: Ամերիկյան ընկերությունը չի տալիս կործանիչի ծրագրային ապահովման ներքին և արտաքին բանալիները (կոդերը), առանց որոնց թուրք ճարտարագետները չեն կարող փոփոխություն կատարել ինքնաթիռի ծրագրային ապահովման մեջ:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին Բոլիվիայի իր գործընկերոջ հրավերով հունիսի 1-ին այցելել է Սանտա-Կրուս: Նա կմասնակցի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների դաշինքի (որի անդամ են Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Նիկարագուան և Դոմինիկյան Հանրապետությունը) ռազմական դպրոցի բացման արարողությանը: Իրանում իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ Իրանի պաշտպանության նախարարն այցելում է Բոլիվիա:
Մոտ ժամանակներում ՌԴ ռազմական օկրուգների ՀՕՊ զորքերի մարտական հնարավորությունները կավելանան 40%-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ Ցամաքային զորքերի ՀՕՊ-ի պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Լեոնովը` նշելով, որ 2011թ. պետական պաշտպանական պատվերի շրջանակում ձեռք կբերվի ավելի քան 400 միավոր հրթիռահրետանային սպառազինություն, կարդիականացվի 100 միավորը:
Ռուսական «Սուխոյ» ընկերության փորձարկող-օդաչու Սերգեյ Բոգդանին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում` «Су-35»-ի և 5-րդ սերնդի ռուսական հեռանկարային կործանիչի փորձարկումների համար: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` բարձր գնահատելով օդաչուի ներդրումը ռուսական մարտական ավիացիայի զարգացման գործում: