Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Իսրայելի պաշտպանության նախարարությունում անհանգստանում են, որ այս տարվա սեպտեմբերին Պաղեստինի պետության անկախության միակողմանի հռչակման դեպքում շատ երկրներ կարող են հրաժարվել իսրայելական զենքից:
Անցած երկու տարիներին Իսրայելը ռազմական տեխնիկայի և սպառազինության արտահանման ծավալով աշխարհում 4-րդն էր. նրա ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կազմում էր տարեկան 7.5 մլրդ դոլար:

Թբիլիսիի նախկին տանկավերանորոգման գործարանում արտադրում են «Դիդգորի-1» և «Դիդգորի-2» զրահափոխադրիչները (անվանումն ընտրված է ի պատիվ այն վայրի, որտեղ վրացիները տարել են իրենց պատմության ամենամեծ ռազմական հաղթանակը), որոնք առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին մայիսի 26-ին տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ: Զրահափոխադրիչները տարբերվում են սպառազինությամբ (MINIGUN կամ 12.7մմ տրամաչափի գնդացիր) և տարողունակությամբ (7-9 մարդ): Զանգվածը մոտ 7 տոննա է:

Մայիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 19-ի մոտ, Իրանի կենտրոնական մասում` Սպահան քաղաքի մերձակայքում, կործանվել է «Cobra-209» մակնիշի ռազմական ուղղաթի, երկու օդաչուներն էլ զոհվել են: Նախնական տվյալներով, ուղղաթիռը օդում բոցավառվել է և վայր ընկել:

Իսպանիայում 8 մարդ է ձերբակալվել` Իրանին մաքսանենգ ճանապարհով 100 մլն դոլարի «Bell-212» մակնիշի ամերիկյան մարտական 9 ուղղաթիռ և դրանց պահեստամասեր վաճառելու կասկածով: Տեխնիկան և պահեստամասերը խուզարկությամբ հայտնաբերվել են Մադրիդի և Բարսելոնի մերձակայքում գտնվող` իսպանացի 5 գործարարների ձեռնարկությունների արհեստանոցներում:

Իրանի անվտանգության նախարար Հեյդար Մոսլեխին երկրի պետական և մասնավոր ընկերություններին զգուշացրել է գաղտնի տեղեկություն չտեղադրել Ինտերնետում և հետևել հետախուզության և անվտանգության ծառայությունների խորհուրդներին: Նա շեշտել է, որ երկրի հետախուզական համակարգը լիովին վերահսկում է կիբերտարածությունը և համակարգչային վիրուսներին թույլ չի տա թափանցել Իրանի ինտերնետային ցանց:

Իսրայելի փոխվարչապետ, երկրի ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնը մայիսի 31-ին այցելել է Մոսկվա` ռուսական կողմին համոզելու, որ նա հրաժարվի Իրանին ու Սիրիային զենք վաճառելուց: Փոխվարչապետը նշել է, որ Իսրայելի համար դա ցավոտ հարց է, իսկ Ռուսաստանի կառավարությունն այն ընկալում է այլ կերպ:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՏԵՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՏՈՄԱԳԵՏՆԵՐԻՆ

Չինաստանում ատոմային էներգետիկան խթանելու նոր ձև են գտել: Չինացիները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել գերմանացի ատոմագետներին, որոնք հնարավոր է զրկվեն աշխատանքից ատոմային էներգետիկայից հրաժարվելու` ԳԴՀ կառավարությունում մշակվող ծրագրի պատճառով: Նաև նշել են, որ գերմանացի գիտնականներն ու ինժեներները մեծ հեղինակություն են վայելում աշխարհում, և նրանք կարող են աշխատել և հետազոտություններ կատարել Չինաստանում: