Հոգևոր-մշակութային
Արվեստի ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, որն Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների, մասնավորապես ճարտարապետության հիանալի գիտակ էր, երկու անգամ (1889, 1915) եղել է Հայաստանում, ուսումնասիրել Մաստարայի, Արուճի, Մրենի եկեղեցիները, Անիի Մայր տաճարը, Հռիփսիմեն, այլ շինություններ եւ գրել «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» երկհատոր աշխատությունը։
Ռուսական տարեգրության մեջ շատ կան ուշագրավ հիշատակումներ հայերի մասին։ Ահա դրանցից մեկը։
1552 թվականն էր։ Ռուսական զորքերը պաշարել էին թաթարական Կազան քաղաքը, որտեղ այդ ժամանակ մեծ թվով հայեր կային։ Թաթարները բոլոր օտարերկրացիներին, այդ թվում՝ հայերին, թույլ չէին տալիս հեռանալ քաղաքից եւ նրանց ուժերն օգտագործում էին ռուսների դեմ։ Հայերի մեջ եղել են թնդանոթաձիգներ, որոնք, սակայն, չեն կամեցել կրակել ռուսների վրա։ Ռուս տարեգրի վկայությամբ՝ թաթարները նրանց բոլորին երկաթե շղթաներով կապել են թնդանոթներին, յուրաքանչյուրի մոտ կանգնեցրել մերկացրած սրերով զինվորների եւ ստիպել կրակել։
«Բազմավեպ» հանդեսի վկայությամբ՝ Ֆրանսիայի Ռոն գետն ունեցել է վտակ, որը կոչվել է Հայկական։ Նման անվանակոչության պատճառն այն է եղել, որ գետի հովտում ապրել են մեծ թվով վտարանդի հայեր, ակտիվ մասնակցություն ունեցել մոտիկ վայրում կազմակերպվող տոնավաճառներին։ Փաստորեն, այդ վայրը որոշ առումով հայկականացված է եղել, եւ ահա վտակն էլ կոչել են Հայկական։
17-18-րդ դարերում Հաբեշստանի արքունիքում պետական բարձր պաշտոններ են վարել մի շարք հայեր։ Այդպիսին է եղել, դիցուք, վառոդագործի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է մի հայ մասնագետ եւ հաբեշներին սովորեցրել, թե ինչպես պետք է պատրաստել վառոդ։ Ինքնին հասկանալի է, թե ինչ նշանակություն է ունեցել դա երկրի պաշտպանության գործում, եւ ինչ հեղինակություն է ունեցել հայ վառոդագործը։
Միջնադարի հայ ճարտարապետ Նաքամատը, որի ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են, նշանավոր բանաստեղծ եւ նկարիչ Մկրտիչ Նաղաշի համագործակցությամբ 1439-43 թվականներին նորոգում է Ամիդի (Դիարբեքիրի) Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որն ունեցել է 18 նիստ եւ նույնքան լուսամուտ։ Ահա այդ հսկա եկեղեցու վրա Նաքամատը կառուցել է նույնպես հսկա մի գմբեթ, որն իր հոյակապությամբ զարմանք ու հիացմունք է պատճառել տեսնողներին։
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ…
Եղեգնյա գրիչ է տեսել Վարուժանն իր ձեռքին.
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր,
Քեզի ընծա, իմ հայրենիք…
Ըստ պատմաբան Հրանտ Արմենի «Ֆրանսահայ տարեգրքի» (1927թ.)՝ Կիլիկիայի հայոց արքունիքը ֆրանսիացի վաճառականներին տվել է մաքսային առանձնաշնորհ, որով նրանք ավելի պակաս գումար են մուծել որպես մաքս, քան այլ ազգությունների պատկանող վաճառականները։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի Մոնիֆիլիե քաղաքի դիվանատանը պահվում է Կիլիկյան Հայաստանի Օշին թագավորի 1314թ. հունվարի 7-ի արտոնագիրը, որով թույլատրվել է այդ քաղաքի առեւտրականներից գանձել ընդամենը երկու տոկոս մաքս։