Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«Բազմավեպ» հանդեսի վկայությամբ՝ Ֆրանսիայի Ռոն գետն ունեցել է վտակ, որը կոչվել է Հայկական։ Նման անվանակոչության պատճառն այն է եղել, որ գետի հովտում ապրել են մեծ թվով վտարանդի հայեր, ակտիվ մասնակցություն ունեցել մոտիկ վայրում կազմակերպվող տոնավաճառներին։ Փաստորեն, այդ վայրը որոշ առումով հայկականացված է եղել, եւ ահա վտակն էլ կոչել են Հայկական։

17-18-րդ դարերում Հաբեշստանի արքունիքում պետական բարձր պաշտոններ են վարել մի շարք հայեր։ Այդպիսին է եղել, դիցուք, վառոդագործի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է մի հայ մասնագետ եւ հաբեշներին սովորեցրել, թե ինչպես պետք է պատրաստել վառոդ։ Ինքնին հասկանալի է, թե ինչ նշանակություն է ունեցել դա երկրի պաշտպանության գործում, եւ ինչ հեղինակություն է ունեցել հայ վառոդագործը։

Միջնադարի հայ ճարտարապետ Նաքամատը, որի ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են, նշանավոր բանաստեղծ եւ նկարիչ Մկրտիչ Նաղաշի համագործակցությամբ 1439-43 թվականներին նորոգում է Ամիդի (Դիարբեքիրի) Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որն ունեցել է 18 նիստ եւ նույնքան լուսամուտ։ Ահա այդ հսկա եկեղեցու վրա Նաքամատը կառուցել է նույնպես հսկա մի գմբեթ, որն իր հոյակապությամբ զարմանք ու հիացմունք է պատճառել տեսնողներին։

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ…
Եղեգնյա գրիչ է տեսել Վարուժանն իր ձեռքին.
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր,
Քեզի ընծա, իմ հայրենիք…

Ըստ պատմաբան Հրանտ Արմենի «Ֆրանսահայ տարեգրքի» (1927թ.)՝ Կիլիկիայի հայոց արքունիքը ֆրանսիացի վաճառականներին տվել է մաքսային առանձնաշնորհ, որով նրանք ավելի պակաս գումար են մուծել որպես մաքս, քան այլ ազգությունների պատկանող վաճառականները։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի Մոնիֆիլիե քաղաքի դիվանատանը պահվում է Կիլիկյան Հայաստանի Օշին թագավորի 1314թ. հունվարի 7-ի արտոնագիրը, որով թույլատրվել է այդ քաղաքի առեւտրականներից գանձել ընդամենը երկու տոկոս մաքս։

Վերհիշելով իմ ապրումները հայկական ձեռագիր մատյաններն ուսումնասիրելիս՝ ես չէի կարող չասել, թե ինչպես աշխատանքի ամենափոքր մանրամասնությունը դրանցում կապվում է մշակույթի պատմության լայն հարցերի հետ, ինչպես, վերջին հաշվով, այդ ամենը միանում եւ դառնում է մի հզոր շարժում այն ճանապարհով, որը տանում է դեպի մարդկության վեհ իդեալները։

2013թ. հունվարի 5: Ոգեկոչման արարողություն է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի դպրոցում: Դպրոցը կոչվում է հերոսի անունով` Արա Հարությունյան: 1993 թ.-ի այս օրը Արան հերոսաբար զոհվեց Հադրութի Կավաքասար բարձունքի անհավասար մարտում: Անցել է քսան տարի: Ներկա են մարտական ընկերները, գյուղացիները, դպրոցականները: Դահլիճի առաջին շարքում նստած է Արայի ճերմակահեր Սաթենիկ մայրը: Նրա դեմքին մեկ լուսավոր ժպիտ է, մեկ թախիծ: Հայացքն ուղղում է այն կողմը, որտեղից լսվում է որդու անունը: Իսկ դահլիճով մեկ մի անուն է անցնում շուրթից շուրթ: