Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

-Գաղթի օրերին տատս մի կերպ հասնում է Գյումրի,- պատմում է փոխգնդապետ Գեւորգ Գրիգորյանը,- մինչեւ մահ որդիներին, թոռներին, ծոռներին պատմում էր իր ծննդավայրից՝ Սուլուխից։ Պատմում էր Անդրանիկից, Գեւորգ Չաուշից, նրանց հերոսական կռիվներից։ Այնպես էր նկարագրում հայրական տունը, որ փակ աչքերով էլ կարելի էր այն գտնել։

ԻՄ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է

Հակոբ Կամարի գյուղում, աղբյուրի մոտ, փոխգնդապետ Գագիկ Մարգարյանի եւ իր մարտական ընկերների հիշատակին կառուցված հուշարձան-խաչքարի բացումն էր։ Ելույթ են ունենում մարտական ընկերները, հարազատները։ Շարքում զինվորների կողքին կանգնած է հերոսի որդին՝ Արմենը, որը հոր հետ կողք կողքի քայլել է այս վայրերում։ Հուզիչ էր գյուղ վերադարձած բնակիչների այցը։ Լիդիա Իսահակյանը, Ժենյա Բաղդասարյանը, Սարավան Չալյանն ու կարմիրավանցի Ռոզա Ավագյանն արցունքն աչքերին, դաշտային մի փունջ ծաղիկներ գրկած, մոտենում են խաչքարին. «Ձեր ցավը տանեմ, դուք հերոսներ եք, հերոսներ, էդ ո՞նց շուն թուրքի հախիցը եկաք»։ Հուշարձան-խաչքարին գրված էր նաեւ Գագիկ Մարգարյանի զինակից ընկեր Լեւոն Ղազարյանի անունը։

Երկու եղբայր են, վեց քույր։ Հայրական տունը մնացել է փոքրին՝ Գոռին։ Մեծ եղբոր տունը հայրական տան կողքին է։ Հոր մահից հետո ութ երեխաներին պահել մեծացրել է մայրը։
Գոռը հերոս տղա է, ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած ֆիդայի։ Երբ նա ընտանիքով մեկնեց արտերկիր, մայրը չհամաձայնեց, տեղափոխվեց մյուս տղայի տուն։

ՀՆԱԲՈՒՅՐ ՈՒ ՆՈՐ ՀԱՅՈՑ ՇԵՆԸ

Նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղը գտել էր իր հնաբույր անունը՝ Արեւիս, եւ ձմռան ցրտին ու ամռան տապին բազմաթիվ խաչքար-մատուռներից տարածվում էր այդ բույրը։ Քիչ ներքեւում միջնադարյան նշանավոր Թանահատի վանքն է, որը ժամանակին ունեցել է վանքապատկան 7 գյուղ։ Յոթից մեկն էլ Արեւիսն է եղել։ Տարբեր կողմերից գյուղ է իջնում չորս գետ, գյուղի ոտքերի տակ միանում են իրար ու հոսում Տոլորսի ջրամբարը։

-Եղբայրս՝ Երվանդը, ում բոլորը Ճուտո էին ասում, զոհվեց Շուշիի ազատագրման ժամանակ։ Գիտեինք, որ սիրած աղջիկ ունի, խոստացել էր, որ Շուշիի հաղթանակից հետո կամուսնանա։ Հետո իմացանք, որ սիրած աղջիկը միշտ գնում է Եռաբլուր՝ եղբորս շիրիմին այցի։

Գյուղն ամբողջ գիշեր հրետակոծվում էր։ Առավոտյան սկսվեցին Մարիամի երկունքի ցավերը։ Իսկ հրետակոծությունը չէր դադարում։ Բարձունքին գտնվող տան վրա, որտեղից լսվում էր երկունքի ցավերից գալարվող կնոջ ձայնը, ամեն պահ կարող էր արկ ընկնել։ Տղաները որոշեցին շեղել թշնամու ուշադրությունը եւ կրակն իրենց վրա ընդունելով՝ թույլ տալ, որ ծնունդը բարեհաջող անցնի։

ԿԵՆՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Զինվորներին տեսակցության մեկնող ծնողների հետ էր նաեւ Թագուհի Թերզիկյանը, որը գաղթել էր Գետաշենից, տեսել կոտորած, մահ, ավերածություն։ «Թուրքը մեր գյուղը մտնողը չէր, է՜, օգնեցին, մեր գյուղը թուրքի ոտ մտած չկար»։ Զարմանալին այն էր, որ նա էր ամբողջ ճանապարհին խոսում, ծիծաղում, մյուս մայրերին ոգեւորում, տրամադրությունները բարձրացնում։ Զավակներին տեսակցության մեկնող մայրերից միայն նա էր, որ տեսել էր այդքան վիշտ, տառապանք։ Մեկ-մեկ էլ դիմում էր լուռ նստած մայրերին. «Ի՞նչ եք գլուխներդ կախել, ո՛չ ասում, ո՛չ խոսում եք, հո էդ տեսքով չե՞ք երեւալու զինվորներին։ Մեր զինվորները հերոս տղերք են, առյուծներ։ Ես տեսել եմ նրանց հերոսությունները, դուք էլ, որ տեսած լինեիք, էդպես խեղճ, լուռումունջ չէիք նստի»։