Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ



- Ավագ սերժանտ Խաչիկ Ամրոյանը պարտաճանաչ, պատասխանատու, կարգապահ զինվոր է։ Հրամանները կատարում է անթերի, եռանդով, ներդնում է ամբողջ ուժերը։ Զինվորը հայրենասեր է, խիզախ, բանիմաց։ Խառնվածքով հախուռն է, նախաձեռնող։ Խաչիկը ազնիվ է, արդարամիտ, ընկերասեր։ Նա գնդապետ Ա. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն զինվորներից է- ասում է  զորամասի հրամանատարի՝ անձնակազմի գծով տեղակալ փոխգնդապետ Գ. Ղուկասյանը:   Մենք երեք եղբայրներով ըմբշամարտ էինք պարապում հորս խմբում։ Սպորտն իմ տարերքն էր։ Հայրս խրախուսում էր մեծ մարզիկ դառնալու ձգտումս, ու հենց նրա նախաձեռնությամբ ես ընդունվեցի Երեւանի Վահան Զատիկյանի անվան ըմբշամարտի դպրոց։ 2006-ին դարձել եմ պատանեկան առաջնության Հայաստանի չեմպիոն, մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցումների, գրավել եմ մրցանակային տեղեր...  Չեմ մոռանում նաեւ այն օրը, երբ առաջին անգամ դիրքեր բարձրացա։ Նա, ով չի կանգնել հարազատ երկրի սահմանին, ով զենքը ձեռքին չի պաշտպանել հայրենիքը, չի հասկանա ինձ։ Սահմանին փոխվում են արժեքները, չափանիշները, հասկանում ես, որ քո անձը, քո կյանքը կենդանի վահան է թշնամու առաջ, որ դու պիտի ընդունես առաջին զարկը ու քո մարմնով, քո կյանքով փակես թշնամու ճանապարհը, պաշտպանես հայրենիքդ ու ժողովրդիդ։ Ակամա հայրենիքն ու ժողովուրդը դառնում են անմրցակից արժեք, ամենակարեւորը, ամենաթանկը։ Դրանից հետո, մի տեսակ ամեն ինչ վերաիմաստավորվում է, հասկանում ես՝ հանուն ինչի է քո չարչարանքը, ինչի համար ես դժվարություններ  հաղթահարում, սովորում, մարզվում, ցրտին, շոգին, քամուն, անձրեւին կանգնում սահմանին, վտանգում կյանքդ...

Category:


20/01/2011