Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ



ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆորից արխիվս բացեցի. «Պատերազմ» պահոցում 2020 թ. սեպտեմբեր ամսվա լուսանկարներն են։ Նախ խաղաղ ու երանելի պահեր։ Չարիք-կորոնավիրուսի պատճառով կյանքը մի տեսակ դադարել էր նաև Բերձորում։ Հատկապես տխրում էի, երբ իմ աշխատասենյակի պատուհանի տակ չէին խաղում մանկապարտեզի սաները։ «Մերան»-ի խմբագրությունը և Բերձորի մանկապարտեզը նույն շենքում էին, և մանկապարտեզի երեխաների ուրախ ճիչն ու աղմուկը, պատուհանիս տակով նրանց շարքով անցնելը, ցնծությամբ էին լցնում հոգիս: Սեպտեմբերի 15-ին սկսեցին գործել նաև դպրոցները։ Լուսանկարներում այդ օրվա պահեր կան. Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի առաջին դասարանցիներն են՝ դասղեկ Սվետա Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Իսկ մանկապարտեզի սաները մի քանի օր անց եկան նախակրթարան, ու մեր շենքի տարածքը կենդանացավ, գեղեցկացավ, պայծառացավ։ Սեպտեմբերի 25-ին իջա փոքրիկների մոտ։ Իրենց դաստիարակ Լուսիկ Գեղամյանի հետ դուրս էին եկել զբոսանքի։ Նաև այդ օրվա լուսանկարներն են պատմում։ Նույն օրերին կազմակերպեցի ճանաչողական արշավ Հոչանց գետի ավազան։ Խմբում մոտ 20 երիտասարդներ էին Բերձորից։ Այստեղ եղանք Կատոսավանքում, մաքրեցինք տարածքը, հողից ազատեցինք մի քանի տասնյակ խաչքար։ Նույն սեպտեմբեր ամսին հյուրեր ունեի Երևանից. նրանց ուղեկցեցի Արցախի մի շարք տեսարժան ու պատմական, հերոսական վայրեր՝ Շուշի, Հունոտի կիրճ, Տիգրանակերտ, Ծիծեռնավանք։ «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխ. խմբագիր Արթուր Ղարագյոզյանի նախաձեռնությամբ ֆիլմ պետք է նկարահանեինք Քաշաթաղի պատմական հուշարձանների մասին։ Կորոնավիրուսն այդ աշխատանքներում էլ եղավ խոչընդոտ, և միայն սեպտեմբերին հնարավոր եղավ նկարահանող խմբի այցը Քաշաթաղ։ Եղանք Աղավնոյի հովտում, նկարահանումներ կատարվեցին Ծիծեռնավանքում, Մելիք Հայկազյանների ապարանքում, Մկնատամի Խաչ մատուռում, Սթունիսի եկեղեցիներում։ Հաջորդ օրը նկարահանումների եղանք Հակարի գետի աջափնյա Ծաղկաբերդ գյուղի մոտակա Քրոնքի վանքում։ Մեզ հետ էր նաև Ծաղկաբերդի բնակիչ Գարիկ Ալոյանը։ Երեկոյան եղանք նրա տանը։ Պարզապես անհավատալի էր՝ ինչքան մեծ աշխատանք էր արել 4 զավակների հայր Գարիկը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել էր տուն կառուցել, մի քանի հազար ծառերով մեծ այգի հիմնել, ջերմոց ստեղծել։ Պատերազմից 1 օր առաջ Քաշաթաղի շրջանի հոգևոր կենտրոններից Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ տաճարում կայացավ Սուրբ Անմահ Պատարագ՝ Քաշաթաղի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ։ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվում է Սուրբ Գևորգի տոնը։ Պատարագից հետո վերադարձանք Բերձոր՝ շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի գլխավորությամբ կայացավ շրջխորհրդի նիստ՝ նվիրված համավարակի դեմ պայքարին։ Որոշվեց՝ հաջորդ օրը՝ կիրակի, այցելել շրջանի տարբեր բնակավայրեր։ Բայց, լույսը բացվեց պատերազմի բոթով։ Մոռացվեց համավարակը, աշնանացանը, բերքահավաքը։ Կրկին փակվեցին կրթական կառույցները։ Ստեղծվեց օպերատիվ շտաբ, որն ԱՀ նախագահի հրամանագրով ղեկավարում էր Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի նախագահ Սուրեն Խաչատրյանը։ Շրջանային զինկոմիսարիատն անցավ արտակարգ վիճակի։ Շրջանի տարբեր բնակավայրերից հարյուրավոր կամավորականներ հասան Բերձոր՝ պատրաստ առաջնագիծ մեկնելու։ Շուտով կազմավորվեցին առաջին խմբերը և մեկնեցին Ջրական ու Մատաղիս, Մարտունի ու Ակնա։ Մենք սովոր էինք պատերազմին։ 2014 թ. օգոստոսին հարյուրավոր քաշաթաղցիներս հասանք առաջնագիծ՝ օգնելու մեր զինվորներին։ Ապրիլյան քառօրյայի առաջին օրը դարձյալ հարյուրավոր կամավորականներ շրջանի տարբեր բնակավայրերից առաջնագծում էին՝ Մատաղիսից մինչև Ջրական։ Օրեր անց քաշաթաղցի կամավորականների թիվը հասավ 1200-ի։ Պատերազմի արդեն չորրորդ օրը շշուկով էին խոսում, որ զոհվել է բերձորցի 1984 թ. ծնված Ռոբերտ Հրաչի Գալստյանը: Նույն օրերին զոհվեցին Գոռ Գասպարյանը՝ Մոշաթաղից, Մանվել Դոդորյանը՝ Քարեգահից, Սուրեն Հովհաննիսյանը՝ Փակահանից, Գոռ Հարությունյանը՝ Ծաղկաբերդից, Րաֆֆի Հարությունյանը՝ Կումայրիից… Սեպտեմբերի 27-ին, ժամը 16-ն անց 20-ին, երբ զինկոմիսարիատի մոտ էինք, հնչեց տագնապի ազդանշանը, և Բերձորի երկնքում երևացին թշնամու անօդաչու թռչող սարքերը։ Մեր ՀՕՊ-ին հաջողվեց խոցել դրանցից մեկը, որն ընկավ զինկոմիսարիատից մոտ 300 մ հեռավորության վրա։ Մյուսը խոցվեց ներքին Սուս գյուղի երկնքում։ Այսպիսով՝ պատերազմի հենց առաջին օրը թիկունքային Բերձորը դարձավ թշնամու թիրախ։ Եվ հոկտեմբերի 2-ին թշնամուն հաջողվեց խոցել Բերձոր-Աղավնո կամուրջը Հակարի գետի վրա։ Սակայն կյանքը Բերձորում շարունակվում էր, շտաբը գործում էր ապաստարանում, որտեղ պատսպարվում էին մոտակա բնակիչները, ինչպես նաև Արցախի վտանգված վայրերից արդեն տեղահանված կանայք ու երեխաներ, ծերեր։ Արտակարգ ռեժիմով էր գործում նաև շրջանային բուժմիավորումը, որի նկուղային հարկը ծառայում էր որպես ապաստարան, և բերձորցի կանայք, երեխաները այստեղ էին պատսպարվում։ Ապաստարաններ գործում էին նաև թիվ 2 դպրոցի նկուղային հարկում, բազմաբնակարանների տակ։ Բոլոր ապաստարաններում հերթապահում էին բուժքույրերը։ Մեծ աջակցություն էին առաջնագծին, սահմանամերձ բնակավայրերին հասցնում տարբեր կազմակերպություններ, անհատներ։ Բերձորում շտաբին կից գործում էին պահեստներ, որտեղ կուտակվում էր աջակցությունը և ուղարկվում ըստ անհրաժեշտության։ Նույն պահեստներում աշխատում էին բերձորցի պատանիներ, երիտասարդներ, կանայք։ Դպրոցում այսպես ասած վատ սովորող Արկադին դարձել էր ամենակարգապահ աշխատողներից մեկը և ընկերների՝ Կարենի, այլոց հետ գիշեր-ցերեկ բեռ էր իջեցնում ու բարձում մեքենաները։ Կար նվիրվածություն, հավատ՝ հաղթելու ենք։ Հաճախ է խոսվում այս պատերազմի մասին, որ անկազմակերպ էր, որ մեր ժողովուրդը չօգնեց բանակին։ Բայց խնդիրն այլ էր։ Ժողովուրդը մշտապես, նաև այսօր, բանակի կողքին է։ Նշեմ՝ միայն իմ ծննդավայր Գեղհովիտից եղբորս որդիների, նրանց ընկերների ջանքերով մի քանի մեքենա սնունդ հասավ Բերձոր։ Պետք է արժանին ասել մեր սպիտակ համազգեստով բանակի՝ բուժաշխատողների մասին։ Օրական քանի-քանի շտապօգնության մեքենաներ էին անցնում Բերձորով։ Շարունակվեց պատերազմը, որին Քաշաթաղի շրջանից մասնակից եղան հազարավոր կամավորականներ, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ։ Պատերազմի ավարտից հետո էլ հարյուրավոր քաշաթաղցի աշխարհազորայիններ պաշտպանում էին Բերձորը,  չնայած բազում փորձերին, թշնամին չկարողացավ Բերձոր մտնել։ Անառիկ մնաց նաև շրջանի հյուսիսային հատվածը։ Այս անհավասար պատերազմի ընթացքում ընդամենը 10-11 հազար բնակիչ ունեցող Քաշաթաղի շրջանից զոհվեցին 70-ից ավելի քաջորդիներ, կան անհայտ կորածներ։ Նահատակված բոլոր տղաներին էի ճանաչում, մտերիմ էի շատերի հետ… Շատերը նաև ապրիլյան քառօրյային էին մասնակցել, շատերը նոր էին վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ուռեկան գյուղից Սուրիկ Միքայելյանի 2 որդիները՝ Սամվելն ու Սեյրանը, կամավոր մեկնեցին առաջնագիծ։ Երկար ժամանակ անհայտ էր նրանց ճակատագիրը, ցավոք, գտնվեցին քաջորդիների աճյունները։ Տիգրանավանից Մհեր Հովսեփյանի կրտսեր որդին՝ Արցախը, նահատակվեց 2016 թ. սեպտեմբերին, թշնամու դիպուկահարի կրակոցից, իսկ Հովսեփ որդին նահատակվեց 2020 թ. հոկտեմբերի 21-ին՝ Ջրականում։ Նույն օրը՝ հոկտեմբերի 26-ին, Մարտունու տարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից նահատակվեցին Հունան Խանամիրյանը՝ Բերձորից, դիպուկահար Թունյան Սարոն՝ Շրվականից, Մանվել Դալլաքյանը՝ Աղանուսից և Նարեգ Աղայանը՝ Բերձորից։ Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Բերձորը ռմբակոծվեց հերթական անգամ։ Զոհվեց Վանիկ Բաբայանը, որի Վահագն եղբայրը, որ ԱՀ ՊԲ գնդապետ էր և իր զինվորների հետ անառիկ էր պահել իրենց վստահված տարածքը, նույնպես նույն օրը նահատակվեց ԱԹՍ-ի հարվածից։ Ավարտվեց պատերազմը, և օրեր անց, առանց կրակոցի թշնամուն հանձնեցինք Քաշաթաղի հարավում այն տարածքները, որոնք թշնամին ի զորու չեղավ գրավել, հյուսիսային հատվածը, Քարվաճառը։ Թշնամուն տվեցինք Կատարոյի վանքն ու Ծիծեռնավանքը, Մկնատամի Խաչ, Վարազգոմ ու տասնյակ այլ սրբավայրեր։ Հայրենի երկրի կորստյան ցավին չդիմացան ազատամարտիկ-կանայք. Աղավնոյից Կարինե Աղեկյանը, որ չնայած տարիքին, նաև վերջին պատերազմին մասնակցեց, բերձորցի Թամարա Աբրահամյանը (ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի քույրը)։ Ղազարապատից Գեղամ Մեսրոպյանը չկարողացավ տանել Արման որդու կորուստը, որ հերոսաբար ընկավ Արաքսավանում։

Իսկ վերջերս Ալիևը Բերձորի Վեհափառի հրապարակում տնկեց իր դրոշը և հոխորտաց… Իսկ որպեսզի չիրականանա Ալիևի հոխորտանքը, որ կրկին կարողանանք Ծիծեռնավանքում ու Գտչավանքում Պատարագի մասնակից լինել, մեր միակ ճանապարհը միավորվելն է, հավատալ ու վստահել միայն ու միայն մեր ուժին, ինչի  համար առաջնայինը հայոց բանակի հզորացումն է։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #30 (1452) 05.10.2022 - 11.10.2022, Բանակ և հասարակություն


07/10/2022