Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ



ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻսրայելը Լիբանանի հետ պատմական համաձայնության է հասել ծովային սահմանազատման շուրջ: Վարչապետ Յահիր Լապիդի գնահատմամբ՝ համաձայնագիրը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, կխթանի տնտեսությունը և կայունություն կապահովի երկրի հյուսիսային սահմանին: Նախագծում հաշվի են առնվել հրեական պետության և Լիբանանի հիմնական պահանջները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման զորավարժություններ անցկացնել։ Նրա խոսքով՝ զորավարժությունները պլանավորվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից առաջ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին՝ նշելով, որ մեկուսացումը կլինի քաղաքականության վատագույն տարբերակը: Ըստ նրա՝ երկխոսության արդյունավետ օրինակ է ռուսական կողմի հետ համաձայնեցմամբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի ուղևորությունը Զապորոժիեի ԱԷԿ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, սակայն մեր աջակցությունն Ուկրաինային առանցքային է, տրամադրվող օգնությունը կավելացվի»։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձևավորել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու թռչող սարքերի տեղակայման մասին:

Վրաստանում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։

Թուրքիան 4 տարվա ընդմիջումից հետո Իսրայելում դեսպան է նշանակել:

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը Կասպյան տնտեսական համաժողովում առաջարկել Է ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաև կանաչ մաքսային միջանցք ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանի պետությունների ներուժն արդյունավետ օգտագործելու, բազմակողմ համագործակցություն զարգացնելու նպատակով։

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է հոկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունները։

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյքերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոլաոս Խարդալիասի հետ քննարկել է Հունաստանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները։

ԱՄՆ Սենատը չեղարկել է Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործարքի սահմանափակումները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի հավանական հաղթանակը Ուկրաինայում համեմատել է Դաշինքի պարտության հետ, համարել սպառնալիք բոլորի համար։

«ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության և զորք չի ուղարկի Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների համար»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Ֆրանսիան լրացուցիչ ուժեր կտեղակայի Արևելյան Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի «պաշտպանական դիրքերն» ամրապնդելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են առաջիկա ամիսներին միավորել բանկային ցանցերը։

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Եվրամիության երկակի ստանդարտները և հանդուրժողականությունը Թուրքիայի նկատմամբ՝ պնդելով, որ դա մղում է Անկարային անտեսելու միջազգային իրավունքը և մայրցամաքում նոր հակամարտություն հրահրելու սպառնալիք է ստեղծում։

«Թուրքիան Ադրբեջանի հետ Անդրանատոլիական գազատարի (TANAP) հզորությունը մեծացնելու աշխատանքներ է իրականացնում Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման նպատակով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հեյդար Ալի Բալուջին զինաթափման և միջազգային անվտանգության կոմիտեի նիստում կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա միջուկային զենքի չտարածման պայմանագրին միանալու պահանջով։

ԱՄՆ-ը ազգային անվտանգության նոր ռազմավարություն է ներկայացրել. Չինաստանը «ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերն է, միակ մրցակիցը, որն ունի միջազգային կարգը փոխելու կամք և կարողություն»։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEK) որոշել է այս տարվա նոյեմբերից կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 մլն բարելով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «հիասթափված է արդյունահանումը կրճատելու անհեռատես որոշումից»: Նման իրավիճակում նա ճիշտ է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը։ Վաշինգտոնի կարծիքով՝ ՕՊԵԿ-ի այս քայլը նշանակում է, որ կազմակերպությունը ճշտում է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ։ Դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:

Նավթի արդյունահանման կրճատման որոշման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ միջոցառումն անհրաժեշտ է համաշխարհային շուկայում իրավիճակը կայունացնելու համար։

«Ռուսաստանը Թուրքիայում կարող է ստեղծել գազի տեղափոխման խոշորագույն հանգույց դեպի Եվրոպա մատակարարումների համար»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Տարածաշրջան


14/10/2022