ԿՌՎՈՒՄ ԷԻՆ ԱՆՁՆՈՒՐԱՑ…
Իմ առջև նստած խելացի, զուսպ շարժուձևով երիտասարդը Սերգեյն է, մեկը այն հայորդիներից, որն անցել է 44-օրյա պատերազմի բովով և վերադարձել տուն:
2019 թ. ավարտելով դպրոցը, Սերգեյն ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ՝ որպես մասնագիտություն ընտրելով մարզական լրագրությունը: Նույն թվականի ամռանն էլ մեկնել է ծառայության:
Պատերազմն իր զինակիցների հետ Սերգեյը դիմավորել է մարտական դիրքերում, կռվել է անձնուրաց, գիտակցաբար և հավատացրել ծնողներին, որ իրենք վերադառնալու են հաղթանակած: Սերգեյի մայրիկին՝ տիկին Անահիտին մի քանի անգամ հանդիպել եմ պատերազմի ընթացքում: Այդ ուժեղ կամքով և աննկուն հավատով կնոջ սիրտն ու քայլերը նրան ամեն առավոտ եկեղեցի էին տանում, որտեղ նա անտրտունջ աղոթք էր անում Հայոց աշխարհի խաղաղության համար:
-Պատերազմը սկսվելուց առաջ մենք արդեն մարտական տագնապով բարձրացել էինք դիրքեր: 24 ժամ հետևում էինք հակառակորդի զինտեխնիկայի շարժին: Հասկանում էինք, որ վիճակը լուրջ է, բայց այդպիսի ծավալներով՝ չէինք սպասում:
-Ինչպե՞ս սկսվեց պատերազմը ձեր դիրքում,- հարցնում եմ Սերգեյին:
-Սեպտեմբերի 27-ի առավոտյան մեր մարտկոցը՝ դասակի հրամանատարներ Աբրահամյան Վահրամի և Վարդանյան Տիգրանի հետ կենտրոնական շրջաններից մեկում էր: Բոլորս սպասում էինք կարևոր հրահանգավորումների՝ բնագծերի զբաղեցման հետ կապված: Քիչ հետո հեռվից ձայներ լսվեցին: Մեզ թվաց, թե տանկ է աշխատում: Դասակի հրամանատարը որոշեց դիտարկել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Հենց այդ ժամանակ հակառակորդի թռչող սարքը, հրթիռ արձակելով, անցավ մեր գլխավերեւով: Դրան հետևեցին արդեն անօդաչուները… Հասկացանք, որ պատերազմ է սկսվել:
Պատերազմի սկզբից մինչև նոյեմբերի 3-ը կոնկրետ մեր դիրքերում հեռահար մարտեր էին ընթանում. մենք հակառակորդին մոտիկից չէինք տեսնում, մեծ ուժով աշխատում էր հրետանին, անօդաչուներն ամեն րոպե պտտվում էին մեր գլխավերևում: Նոյեմբերի 3-ից, երբ մարտկոցի հրամանատար Հովհաննիսյան Հովսեփի հետ տեղափոխվել էինք «Մարտունա վառոտներ» կոչվող վայր, այնտեղ արդեն մերձամարտ էր, ժամանակ էլ չունեինք խրամատավորվելու…
-Սերգե՛յ, գիտեմ, որ եղբայրդ նույնպես ծառայում էր քեզ հետ նույն զորամասում: Փաստորեն, դու հայրենիքդ պաշտպանելուց զատ, պատասխանատու էիր նաև եղբորդ համար:
-Դա բառերով անհնար է նկարագրել: Դա մի զգացում է, որն ամբողջ հոգիդ տակնուվրա է անում: Դու պետք է ամեն քայլդ ճշգրիտ հաշվարկես, երբ զինակիցներիդ հետ ես, որոնց համար նույնպես պատասխանատու ես, բայց երբ քեզ հետ հարազատ եղբայրդ է ծառայում, աննկարագրելի է, թե հոգումդ ինչ փոթորիկ է, ինչ զգացումներ են ընդվզում միմյանց դեմ:
-Պատերազմի ընթացքում զգացե՞լ եք ուժերի անհավասարությունը:
-Մինչև վերջ էլ մենք չենք մտածել, թե որքան անհավասար են ուժերը, մեզ համար կարևոր չէր, թե մեր դիմաց ինչ քանակի զորք է կռվում կամ ինչ տեխնիկայով: Գլխումդ միայն մի միտք էր՝ ճշգրիտ կազմակերպել բոլոր գործողությունները և շարքային անձնակազմին պահել հոգեբանական կայուն վիճակում: Այդ ամենը մարտաֆիլմ էր հիշեցնում հանուն Հայրենիքի, որը սցենար չուներ…
-Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ սա քո վերջին մարտն է:
-Յուրաքանչյուր մարտ մեզ համար վերջինն էր թվում, կռվում էինք անձնուրաց՝ չխնայելով ոչինչ, հասկանալով, որ այստեղից տունդարձի ճամփաները փակ են:
-Փաստորեն, ձեր փրկվելը հրաշքի պես մի բան է եղել:
-Եթե կգտնվի մեկը, ով կասի, թե իր հմտությունների և խելացի լինելու շնորհիվ է ողջ մնացել այս պատերազմում, ապա, ներեցեք, նա առնվազն պետք է անխելք լինի: Անցնելով այս դժոխքի միջով՝ հասկանում ես, որ Աստծո հրաշքին ես ականատես եղել, որ միգուցե մորդ աղոթքները Աստված անպատասխան չի թողել:
…Հողը դեռ չի կորցրել իր հայորդիների թափած արյան ջերմությունը: Հողը հիշում է, անջնջելի հիշողությամբ է օժտված: Իսկ մենք պետք է զինվենք գիտելիքով, հզորագույն սպառազինությամբ, համբերությամբ, իմաստնությամբ և հավատով դեպի հաղթանակը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ
Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում