Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ



ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան դատապարտել է համացանցում տեղադրված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես ամերիկյան 4 զինծառայողներ իրենց բնական կարիքները հոգում են սպանված աֆղանցիների վրա: Նա խոստացել է խստորեն պատժել տեսագրության մեջ պատկերված զինծառայողներին:

Սպանված աֆղանցիների դիակների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քննադատել է նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը` ամերիկյան ղեկավարությանը կոչ անելով գտնել և պատժել այդ զինծառայողներին: Նա նաև նշել է, որ նման տեսահոլովակները հեշտացնում են նոր անդամների հավաքագրումը ծայրահեղական կազմակերպություններում:

ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարությունը հայտարարել է, որ դեպքի առթիվ քննություն է սկսվել, և տեսագրությունում երևացող անձանցից երկուսի ինքնությունը արդեն պարզվել է: Նրանք այժմ էլ ծառայության մեջ են, իսկ իրենց ստորաբաժանումը Աֆղանստանում է գտնվել 2011թ. մարտից մինչև սեպտեմբեր: Քննության ավարտին այս դեպքը կարող է որակվել որպես ռազմական հանցագործություն:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները նշել են, որ տեսագրության հրապարակումը չի ազդի ռազմագերիների փոխանակման ուղղությամբ ընթացող բանակցությունների վրա, քանի որ դա քաղաքական գործընթաց չէ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/01/2012