Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆ



ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆՍեպտեմբերի 13-ին ադրբեջանական ներխուժումը կանխելիս զոհվեց  հետախույզ, հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը:

Արորիկ Հովհաննիսյանը ծնվել է 1989 թ. սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։ Ծննդավայրի Մարտուն Մանուկյանի անվան ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հայրենի հողի ու ջրի, նախնիների հերոսական պատմությունների շնորհիվ դեռևս փոքր հասակից ապագա հերոսի մեջ ձևավորվում են այն վսեմ գաղափարները, որոնք հետո պետք է դառնային կայուն համոզմունք ու կենսակերպ։ Դեռևս դպրոցական տարիներից Արորիկն առանձնանում էր ազգային մտածելակերպով, ֆիզիկական ամրությամբ, ինքնատիպ մտածելակերպով։

Հայրենի գյուղին, հողին նվիրվելու երազանքով 2006 թ. ընդունվում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» բաժինը, իսկ մեկ տարի անց ծառայության է անցնում Հայոց բանակում՝ որպես ժամկետային զինծառայող։ Ծառայությունից հետո շարունակում է ուսումն ու ստանում համապատասխան մասնագիտությունը։ Սակայն ծառայության երկու տարիները հայրենասեր պատանու մոտ հասունացրել էին Հայոց պետականությանը ծառայելու, Հայոց սահմանները ամուր պահելու գաղափարները, որոնք էլ պատճառ դարձան, որ նա իր կյանքը լիովին կապի զինված ուժերի հետ: 2011 թ. անցնում է հատուկ պատրաստվածություն և սկսում է իր զինվորական ուղին։

Որպես հատուկջոկատային, որպես զինվոր, հետո նաև սպա՝ Արորիկ Հովհաննիսյանը մասնակցում է վերջին տասնամյակում Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական գործողություններին, պատերազմներին։ Քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների ժամանակ գործած նրա սխրանքների մասին այսօր կարելի է միայն խոսել հպարտությամբ՝ հաստատելով, որ Հայոց բանակի զինվորն արել է առավելագույնը՝ կռվել ու հաղթել ոգով, արիությամբ։ Հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին սկզբից մինչև վերջ նա մնաց մարտի դաշտում՝ ականատես լինելով պատերազմի սարսափներին, մասնակցելով ռազմական գործողություններին Արցախի տարբեր հատվածներում։

…Պատերազմի բովով անցած հերոսը մեկնեց Վերին Շորժա՝ վերստին պաշտպանելու Հայրենիքի սահմանները, ինչը անում էր ամենայն պատասխանատվությամբ։ Նա քաջ գիտակցում էր, որ ինքն է հրամանատարը, որ ինքն է պատասխանատուն իրեն ենթակա զինվորների կյանքի համար, այդ պատճառով գրեթե չէր իջնում դիրքերից։ Նա միշտ այնտեղ էր՝ հպարտ կանգնած դիտակետում, զենքն ամուր սեղմած, պատրաստ կատարելու ցանկացած հրաման։

Հերոսական այս ուղին ընդհատվեց 2022 թ. սեպտեմբերի 13-ին… Չարաբաստիկ այդ գիշերը Արորիկ Հովհաննիսյանը Վերին Շորժայի հատվածում էր։ Ենթակա ժամկետային զինծառայողները իրենց հրամանատարի կողքին էին՝ յուրաքանչյուր պահի պատրաստ իրականացնելու իրենց մարտական խնդիրը։

…Սկսվեց հարձակումը: Սակայն ուժերն անհավասար էին, և հրամանատարը հասկացավ, որ երկար դիմադրել չեն կարող։ Նա ընդունեց իր համար թանկ, մյուսների փրկության համար կարևոր որոշում. բոլորին հրահանգեց հեռանալ, իսկ ինքն արդեն վիրավոր՝ շարունակեց պահել դիրքը մինչև վերջին շունչը…

Հետագայում բոլոր զինակից ընկերները, բոլոր ենթակա զինվորները պետք է հիշեն, որ նա կռվել է մինչև վերջ, իր կյանքն է դրել զոհասեղանին՝ փրկելով մյուսներին։ Այսօր ողջ են նրա զինվորները. հրամանատարն ապրում է նրանց բոլորի սրտում, մտքում, հոգում։

Ճիշտ է ասված՝ հերոս ծնվում են… Արորիկ Հովհաննիսյանի կյանքի պատմությունը միահյուսվում է հայոց նոր պետականության կայացման համար մղված պատերազմների, կռիվների պատմությանը, միահյուսվում է այն հաղթանակներին, որոնք այսօր կայացած ենք համարում նրա ու նրա նման հազարավոր հերոսների շնորհիվ։ Մենք՝ ապրողներս, իրավունք չունենք խոսելու պարտությունների մասին, իրավունք չունենք հուսալքվելու, տառապանքից ու ցավից քարանալու։ Այդ դեպքում իզուր կհամարվեն այն վսեմ գաղափարները, որոնցով ապրել, կռվել ու անմահացել են մեր հերոսները…

ՄԱՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


21/10/2022