Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ԼԻՆԵԼՆ Է



ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ԼԻՆԵԼՆ Է44-օրյա պատերազմի թոհուբոհի միջով անցած Արսեն Զաքարյանը ուսանում է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի երկրորդ կուրսում, կապավոր է:

-Մանկուց երազում էի զինվորական դառնալ, հորեղբայրս ու եղբայրս էլ զինվորականներ են, ինձ գրավում էր համազգեստը, ուսադիրների աստղերի փայլը… Տարիներ հետո միայն հասկացա, որ այդ փայլփլուն ուսադիրների հետևում որքան տքնանք կա, նվիրում, բազում դժվարություններ, պատասխանատվություն ու… ցավագին կորուստներ:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելուց հետո Արսենը գործերը հանձնեց ավիացիոն համալսարան, բայց առաջին տարին չընդունվեց՝ բալերը չբավարարեցին: Մեկնեց բանակ ու ընդամենը երկու ամսվա ժամկետային ծառայող էր, երբ հայտնվեց պատերազմի կիզակետում։

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ԼԻՆԵԼՆ Է-Սեպտեմբերի 27-ը տագնապով բացվեց, արագ բարձրացանք կենտրոնացման շրջան: Ռազմական գործին քիչ թե շատ ծանոթ էի նաեւ վարժարանից, դժվարություններն ավելի շատ հոգեբանական բնույթի էին՝ առաջին կրակոցը, առաջին վիրավորն ու զոհը, եղբոր նման հարազատ դարձած մարտական ընկերների կորուստը…Անասելի ծանր էր իրողությունը, բայց կար նաեւ գիտակցումը, որ թեւաթափ չլինես՝ զոհված տղերքի վրեժը պիտի լուծես ու նաեւ քո կյանքով վահան դառնաս. թիկունքում հայրենի տունն է, քեզ համար թանկ ու հարազատ մարդիկ, մայրդ…

Առաջին օրերին, թեեւ կապ կար, բայց խուսափում էի մորս հետ խոսել, չէի կարող, պատրաստ չէի, չգիտեի՝ ինչ ասել, որ չտագնապի, չանհանգստանա: Հետո զանգեցի, մեկ-երկու վայրկյան էի խոսում, ասում էի՝ ողջ եմ, մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, ու արագ անջատում էի հեռախոսը, որ չլսի արկերի պայթյունները…

Թշնամին մոտ 60-70 մետրի վրա էր՝ ձորի մեջ, հայերեն էին խոսում, փորձում մեզ մոլորեցնել: Փամփուշտների, անօդաչուների «անձրեւ» էր տեղում, բայց, փառք Աստծո, «չթրջվեցի»… Թեեւ, անկեղծ ասած, համակերպվել էի մահվան հետ, արկերի ձայնը լսում էի ու մտածում ՝ էս մեկը հավանաբար գալիս է քեզ վրա, հետո հաջորդ արկի սուլոցն էի լսում ու սեւ հումորով նկատում ՝ ուրեմն դեռ ողջ եմ, որ արկի ձայնը լսում եմ…

Կռվի կարճատեւ դադարներին կարոտած խոսում էինք տնից ու տնեցիներից,- վերհիշում է Արսենը,- մեր մանկությունից դրվագներ իրար պատմում, մահը քթներիս տակ՝ ապագայի երազանքներ էինք գծում. առինջցի մի զինվոր կար, ասում էր՝ հավանած աղջիկ ունեմ, չեմ հասցրել խոստովանել, որ սիրում եմ, կռիվը վերջանա, անպայման ամուսնանալու եմ… Զոհվեց…

 

***

 

Պատերազմի ամեն օրը հարազատացնում էր տղերքին, մարտերի մեջ թրծվում էր ընկերությունը. մեկմեկու թիկունք, ընկերոջ կյանքը սեփականից վեր դասելով կռվում էին՝ ամեն մեկը մի նորօրյա հերոս…

Զինակից ընկերներից Միքայելը պատմում է Արսենի անսահման խիզախությունից ու վճռականությունից.

-Արսենը դեռ նորեկ էր մարտկոցում, բայց երբ պատերազմը սկսվեց, առաջին իսկ պահից նկատելի էր ՝ պատրաստ էր պատվի և արյան կռիվ տալու…Պատերազմի երկրորդ օրն էր, ութ ժամ անընդմեջ կռիվ էինք մղել, արկերը վերջացել էին, թշնամին մեծաքանակ զորքով և տանկերով գալիս էր մեր ուղղությամբ, նահանջի հրաման տրվեց: Նահանջելիս մտքիս եկավ մեր մարտկոցի «նորեկը», հետ նայեցի, մինչ բոլորը նահանջում էին, Արսենը շրջվել էր թշնամու կողմն ու ինքնաձիգով կրակ էր մաղում՝ մեր մեջքն էր պահում: Խենթ է այս տղան՝ մտածեցի ես ու գոռացի, որ տեղում անշարժ չկանգնի, որ թիրախ չդառնա, Արսենը չէր լսում՝ ասես ձուլվել էր մարտի դաշտին և ատամներով էր պահում ընկերներին… Մի քանի անգամ ձայնեցի, որ շուտ հետ գա, ու երբ վազեց դեպի մեզ, նոր միայն խաղաղվեցի: Արսենն ամենադժվար, ամենաօրհասական պահերին անգամ չէր կորցնում ինքնատիրապետումը, իր կողքին կռիվ տալուց չէինք մտածում մահվան մասին, միայն առաջ գնալու մասին էինք մտածում եւ թշնամուն ոչնչացնելու… Չնայած ընդամենը ավագ օպերատորի օգնական էր հաստիքով, բայց միշտ ասում էր, որ շատ է ուզում թշնամու տանկ խոցել: Պատերազմի դաշտում էր սովորել իր հակատանկային զենքին ու բավականին վարժ էր տիրապետում:

Արսենը ոգեւորված մտաբերում է, թե ականանետով առաջին անգամ ինչպես կրակեց.

– Դիտորդ էի, մեզնից ոչ շատ հեռու թշնամու շարժ էի նշմարել, ռացիայով կապ հաստատեցի, զեկուցեցի եւ ասացի, որ թույլ տան կրակեմ: Հրահանգավորեցին՝ «Կլարնետը» վերցրու եւ նվագիր («Կլարնետը» ականանետն էր): Կրակեցի, երկու բեկորավոր արկ ուղարկեցի հակառակորդի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո թեժ մարտերի մեջ մտանք, չհասցրի էլ տեղեկանալ, թե թիրախը ոնց խոցեցի,- երիտասարդի աչքերում ափսոսանք եմ կարդում:

Արսենենց մարտկոցը հակառակորդի քսանից ավելի տեխնիկա է խոցել: Մարտերում ցուցաբերած խիզախության համար մարտկոցի անձնակազմը Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

 

***

 

-Ծառայությանս ժամանակ ավելի որոշակիացավ սպա դառնալու նպատակս. առաջնայինը հայրենիքիդ պաշտպան լինելն է, բոլոր մնացյալ երազանքներն ու նպատակները իրագործվում են ամուր եւ հաստատուն հողի վրա,- բանաձեւում է երիտասարդը:- Սիրում եմ ընտրածս մասնագիտությունը. կապը բանակի երակն է, այն նույն գործառույթները, ինչ օրգանիզմի կենսագործունեության ապահովման համար կատարում են երակները, նույն կարեւորությունն էլ ունի բանակում կապը:

Ազատ ժամանակ Արսենը նաեւ ստեղծագործում է, ապրումները, մտորումները հանձնում թղթին:

Ռազմաավիացիոն համալսարանի հայոց լեզվի եւ խոսքի մշակույթի դասախոս Էլինա Միրզոյանը, որ ե՛ւ ոգեւորում է, ե՛ւ խմբագրում գրվածքները, առանձնակի ջերմությամբ է խոսում իր շնորհալի կուրսանտի մասին.

-Խմբագրելիս աշխատում եմ բառերի հետ զգույշ լինել, դա իր աշխարհն է, իր ձեռագիրը, իր ուրույն ոճը… Այնքան գեղեցիկ բառեր է օգտագործում, հայ զինվորը հոգու մեջ ունի սեպագրված բառեր, նա իր հոգու գանձարանից է պեղել-հանել այդ բառերը: Մեր տնօրինության աջակցությամբ նախատեսել ենք փոքրիկ գրքույկի տեսքով հրատարակել ստեղծագործությունները:

Արսենը, նրա նման երիտասարդները հայի տեսակի կրողն են, իրենց լինելը ստիպում է, որ մենք հույս կառուցենք: Վստահ եմ, որ թե՛ որպես պատվախնդիր ու նվիրված զինվորական, թե՛ ստեղծագործող անհատ, Արսենի անունը դեռ շատ կլսենք…

 

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

 

Արսեն Զաքարյան

 

ԱՊՐԻ՚Ր ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ

 

Ապրի՚ր աչքերիս մեջ,

Որ աշխարհը տեսնես

Այնպես, ինչպես որ ես…

Ապրի՚ր աչքերիս մեջ,

Որ աշխարհը

Քո աչքերով տեսնեմ:

 

 

ՏՈՒՆ ԿԳԱՄ

 

Արթնացա ես վերջին անգամ`

Մորս ձայնն ականջներիս.

-Խոսք եմ տալիս` տուն կգամ,-

Շշնջացի արկի ձայնը լսելիս:

Եվ այդ պահին երկինքը խամրեց,

Տղեքի սրտից մի փշուր էլ պոկվեց.

Աչքերս կուչ արած նայեցի նրանց,

Նրանք էլ ասացին. «Հանկարծ չմեռնես»:

Հիշեցի` ինչպես մորս հրաժեշտ տվի.

Ախպերս էլ ասաց. «Դուխդ չգցես»,

Համբուրեցի հողը վերջին անգամ`

Մորս համբույրը գիրկս առած…

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/10/2022