Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հավաքներին ներգրավվել են պահեստազորայիններ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Մինչև նոյեմբերի 22-ը անցկացվող վարժական հավաքների նպատակը պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումն է, զորքերի համալրումը ավելի պատրաստված և զինվորական հաշվառման անհրաժեշտ մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով։

Հավաքին ներգրավված մասնագետները հանդերձանք են ստացել, հրահանգավորվել, իրենց կոչմանն ու պաշտոնին հատուկ խնդիրներ ստացել: Տարբեր ուսումնական կենտրոններում նրանց հետ անցկացվում են հագեցած պարապմունքներ, ինչը հնարավորություն կտա պատրաստել, վերապատրաստել, ապա և պահեստազորում հաշվառել զինված ուժերին անհրաժեշտ մասնագետների, որոնք պատերազմական իրավիճակում կհամալրեն մեր զորամասերը: Ըստ անհրաժեշտության՝ ուսումնական փուլն ավարտածները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում քաղաքացիները համարվում են զինծառայողներ, օգտվում զինծառայողների համար սահմանված բավարարումներից և արտոնություններից։

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ…Ուսումնական կենտրոններից մեկում ենք, ուր վարժական հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Կատարելագործվում են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, ֆիզիկական ունակությունները։ Վրանային ավանում բոլորը զինվորի օրակարգով են. առավոտյան վերկացից մեկնարկում են նպատակային հագեցած պարապմունքները, որոնց նախորդում է մանրամասն հրահանգավորումը։ Հենց նման մոտեցման շնորհիվ քաղաքացիական կյանքում խիստ տարբեր զբաղմունք ունեցող, տարբեր տարիքի անձինք գործում են համերաշխ՝ լիովին գիտակցելով պահեստազորայինների դերն ու նշանակությունը մարտական հերթապահության կրման, բանակին ըստ անհրաժեշտության աջակցելու գործում։ Նրանք ամենայն պատասխանատվությամբ են մոտենում զինվորական գործին՝ անտեսելով ժամանակավոր դժվարությունները։ Արդեն փորձառու մասնակիցները հաջորդ հավաքներում ներգրավվողներին վստահաբար խորհուրդ են տալիս չերկմտել, անվերապահորեն մասնակցել ու զարգացնել նախկինում ձեռք բերված զինվորական գիտելիքները, հմտությունները և ամեն վայրկյան պատրաստ լինել Հայրենիքի պաշտպանությանը:

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՈւսումնական կենտրոնի մարտավարական պատրաստության համար նախատեսված տեղամասում հետևում ենք դասակներից մեկի գործնական պարապմունքին։ Պահեստազորայինները սովորում են մարտի վարման կանոնները, մարտական իրավիճակներում առավելագույնս արագ ու ճշգրիտ գործելու հմտություններն են զարգացնում։ Դրվագներից մեկում թշնամին բացահայտ հարձակման է անցել առաջնագծի տվյալ տեղամասում։ Անձնակազմը զբաղեցնում է համապատասխան խրամաբջիջները, անցնում ակտիվ պաշտպանության։ Կարևորվում է ամեն ինչ՝ դիրքավորվելու արագությունը, խոցման տեղամասերի իմացությունը, հրետանային, ավիացիոն ներգործության դեպքում թաքստոցներում ճիշտ պատսպարվելու կարողությունը և այլն։ Քիչ անց խաղարկվում է թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցման դեպքում անձնակազմի գործողությունը։ Սցենարներից մեկով էլ հարձակվող ուժերին հաջողվել է մոտենալ մեր դիրքերին, մտնել խրամուղի։ Տղաները սովորում են կազմակերպված, իրար թիկունք պահելով նահանջել, զբաղեցնել պաշտպանության երկրորդ բնագիծը՝ խոցման կոորդինատները փոխանցելով մեր հրետանուն։

Իհարկե, պարապմունքի թեմաներն ավելի շատ են։ Հընթացս տղաները ոչ միայն գիտելիք, այլև վստահություն են ձեռք բերում, ճանաչում միմյանց։ Աստիճանաբար նրանք գործում են ներդաշնակ, ինչի արդյունքում ունենում ենք ուսուցանված և մարտունակ զինծառայողներ։

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԴասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Հովհաննիսյան.

-2020 թվականի պատերազմի ժամանակ ջոկի հրամանատար էի, սերժանտ, ծառայում էի Մատաղիսում։ Մարտերից մեկից հետո որպես խրախուսում ստացել եմ սպայական կոչում։ Գիտակցում եմ՝ ինչու եմ այստեղ. եկել ենք մեր տղերքին օգնելու։ Թող զինվորները հանգստանան ու վստահ լինեն, որ իրենց ավագ ընկերներն ամեն դեպքում իրենց կողքին են։ Հավաքները արդյունավետ են։ Ե՛վ նոր բան ենք սովորում, և՛ վերհիշում իմացածը։ Իմ ծառայության ընթացքում մարտական հերթապահության որոշ տարրեր չեն կիրառվել մեր տեղամասում՝ հաշվի առնելով տեղանքի, զորամասի առանձնահատկությունները։ Բնականաբար, մեկ ուրիշ զորամասում մեր փորձն է ուսանելի։ Բոլորս կիսվում ենք մեր գիտելիքներով, դրանով իսկ դառնում ավելի ուժեղ և մարտունակ։ Մարտունակ զինծառայողն ավելի նպատակային է գործում։ Ամեն հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ ընտանիքի և հայրենիքի բարօրության համար. եթե ամեն մեկս նստի տանը ու միայն խոսի հայրենիք պահելու մասին, պարզապես չենք ունենա այդ հայրենիքը։ Հայոց հողերը ողողված են մեր տղերքի արյամբ, թեկուզ միայն դրա համար արժե կռիվ տալ, պայքարել։ Այս պարապմունքներն էլ նպաստում են, որ կորուստները հնարավորինս քիչ լինեն, մարտ վարելուն պատրաստ լինենք։

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԳարիկ Բազիկյան.

-Մեծ ոգևորությամբ ենք մասնակցում վարժանքներին, ծանոթանում ենք մեզ համար նոր մոտեցումներին։ Վերհիշում ենք մոռացածը՝ պատրաստ մասնակցելու մարտական հերթապահության։ Եղել եմ պայմանագրային զինծառայող խաղաղապահ բրիգադում, մասնակցել եմ 2016 թ. մարտական գործողություններին և 2020 թ. պատերազմին։ Այդուհանդերձ, կան բաներ, որ մոռացել եմ, պարապմունքների շնորհիվ արագ վերհիշում եմ, հարմարվում նոր պահանջներին։ Բոլոր առումներով առաջընթացն ակնառու է, օրինակ՝ կրակային պատրաստության սկզբնական ու ներկայիս ցուցանիշները խիստ տարբեր են. դրանք բարելավվել են։

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԱրտաշեսյան Լավրենտ.

-Պարտադիր ժամկետային ծառայությունիցս անցել է հինգ տարի։ Կապավոր եմ եղել Արցախի զորամասերից մեկում։ Մարտական հերթապահության մասին շատ բաներ չգիտեի, ծառայողական  անցուդարձն էլ, բնականաբար, մեծամասամբ մոռացվել էր։ Արդյունավետ պարապմունքների ընթացքում վարժվել եմ այն աստիճան, որ վստահ եմ իմ ուժերին, պատրաստ եմ անցնելու մարտական հերթապահության։ Հատկապես  ոգեշնչում է ծառայակից ընկերներիս տրամադրվածությունը՝ հնարավորինս օգտակար լինել հայրենիքին։

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/10/2022