Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ



ԱՄՆ ռազմաօդային ուժերի համալսարանի աշխատակից, ռազմական վերլուծաբան Ադամ Լոութերը իրանական խնդրի ռազմական լուծմանը խանգարող մի քանի պատճառներ է նշել ամերիկացի քաղաքական գործիչների համար:

1. Իրանը ամենահզոր ռազմական ներուժն ունի, որին մինչ այժմ բախվել է ԱՄՆ-ը: Իրանը Գրենադա, Պանամա, Սոմալի, Սերբիա, Աֆղանստան, Իրաք կամ որևէ այլ երկիր չէ, որ ամերիկյան զորքերը հեշտությամբ կարողանան իրագործել իրենց մտադրությունները: Իրանցի զինվորականները շատ ավելի իրազեկ են պաշտպանական հարցերում: Այդ երկրի ռազմածովային ուժերը ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով հատուկ պատրաստություն են անցնում ափամերձ շրջաններում և կձգտեն փակել Օրմուզի նեղուցը` հարձակվելով և’ ռազմական, և’ առևտրային նավերի վրա: Արդյունքում նավթի գինը կտրուկ կաճի` վտանգելով կոմերցիոն նավագնացությունը և համաշխարհային տնտեսությունը:

2. Իրանի բանակը և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դժվար թե զենքերը վայր դնի, եթե նույնիսկ ամերիկյան զորքերը ցամաքային օպերացիա սկսեն Իրանի տարածքում: Իրանական կողմը ուշադիր հետևել է Աֆղանստանում և Իրաքում ամերիկացիների գործողություններին, ուսումնասիրել նրանց մարտավարությունը` ձգտելով լավագույն ռազմավարություն մշակել հավանական պատերազմի համար:

3. Իրանի հետախուզությունը լավագույններից է աշխարհում: Վերջին 30 տարիների ընթացքում այն բավական հաջող պայքարում է հակաիրանական գործողությունների դեմ:

4. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հավանական պատերազմի դեպքում կարող է օգնել Իրանին և հարվածներ հասցնել ամերիկյան ուժերին և օբյեկտներին:

5. Շարունակում են կատարելագործվել Իրանի կիբեռ հնարավորությունները: Իրենց ատոմային օբյեկտների դեմ հարվածների դեպքում իրանցիները կիբեռգրոհների կենթարկեն ամերիկյան ենթակառուցվածքները` ոչնչացնելով կամ զգալիորեն վնասելով ԱՄՆ պետական և մասնավոր հատվածների վերաբերյալ ռազմավարական նշանակության աղբյուրներ:

6. Ամերիկացի զինվորականները ցանկանում են հանգստանալ Աֆղանստանում և Իրաքում մեկ տասնամյակ շարունակվող պատերազմից:

7. Իրանի դեմ հավանական սահմանափակ հարվածը ամենայն հավանականությամբ կհանգեցնի ԱՄՆ դեմ լայնամասշտաբ պատերազմի, որը չի սահմանափակվի միայն Իրանի տարածքով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


13/01/2012