«ՄԱ՛Մ, ԵՐԿԱՐ ԽՈՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ՈՒԺ ԵՍ ՏԱԼԻՍ…»
Մարդիկ կան, որ կարճատև կյանք ապրելով՝ աշխարհին թողնում են սեր ու բարություն, հույզ ու իմաստություն, գեղեցիկ ապրումներ, պայծառ գույներ… Այդ մարդիկ իրենց երկրային կյանքի ավարտից հետո էլ լույս ու բարություն են սփռում: Լևոն Մանթաշյանը նրանցից մեկն էր…
Լևոնը ծնվել է 2001 թ. Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում, ուր աշխատում էր հայրը՝ շինարար Կարեն Մանթաշյանը: 2007 թ. մայրը՝ Աղավնի Այդինյանը, մասնագիտությամբ երաժիշտ, երկու որդիների՝ Տիգրանի և Լևոնի հետ վերադառնում է Դիլիջան՝ հայրենի քաղաք, որպեսզի զավակները սովորեն հայկական դպրոցում և մեծանան հարազատ միջավայրում:
…Լևո՛ն ջան, ես ուզում եմ քո մասին պատմել առաջին դեմքով՝ կարծես զրուցելով քեզ հետ: Տասնհինգ տարեկան էիր, երբ առաջին անգամ ձեռքդ վերցրիր կիթառը և անվարժ թնկթնկացրիր լարերը, և կախարդական ձայնը քեզ շատ դուր եկավ: Հետո մասնավոր դասերի շնորհիվ սովորեցիր սիրելի դարձած կիթառի գաղտնիքները, անսպասելի սկսեցիր նաև երգել ու ինքդ քեզ նվագակցել: Այսպես քո մեջ արթնացավ նաև ստեղծագործելու շնորհը. սկսեցիր գրել բանաստեղծություններ ու երգեր: Դպրոցում և քաղաքում որևէ միջոցառում չէր անցնում առանց քո մասնակցության:
Մի օր ընկերներով որոշեցիք ստեղծել ձեր երաժշտական եռյակը «Եղևնուտ» անունով՝ կիթառահարներ՝ Լևոն Մանթաշյան եւ Էդուարդ Հովսեփյան, հարվածային գործիքներ՝ Կամո Ավալյան: Ձեր եռյակը կատարեց քո երգը՝ նվիրված Դիլիջանին, որը շատ գեղեցիկ է: Տա՛ Աստված, որ Դիլիջանի քաղաքապետարանը ընդունի քո ընկերների հորդորն ու առաջարկը և այն դարձնի գեղատեսիլ ու հեքիաթային Դիլիջանի օրհներգը…
Լևո՛ն ջան, վտիտ տղա էիր, ֆիզիկապես ամրանալու համար քեզ ուղարկեցին թայ-քիքբոքսինգի պարապմունքների: Եվ դու ոչ միայն ֆիզիկապես ամրացար, այլեւ առաջադիմեցիր այդ մարզաձեւում՝ 2013 թ. ՀՀ թայ-քիքբոքսինգի բաց առաջնությունում գրավելով երկրորդ տեղը:
2019 թ. ավարտեցիր Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցը: Հետո քո սիրելի թիվ 1 ավագ դպրոցում քո անունով դասարան բացվեց, որը ապագա սաների համար կդառնա հայրենասիրական ոգու լսարան… 2019 թ. ընդունվեցիր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռոմանա-գերմանական ֆակուլտետ, իսկ հուլիսի 15-ին զորակոչվեցիր Հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ առանց գոնե մեկ օր իսկ լսարան մտնելու…
2020 թվի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Մենք հետևում էինք ռազմական իրադարձություններին, բայց կարծես քաղցր թմբիրի մեջ լինեինք. մենք հաղթանակի հիշողություն ունեինք… Բայց երբ սկսեցին հայտարարել տասնյակներով զոհերի մասին՝ սթափվեցինք. չէ՛, սա նախորդ դարի պատերազմը չէր: Հիմա դաժան կռիվ է դաժան զենքերով ՝ կենաց-մահու կռիվ: Անհանգիստ էինք. ամեն օր փորձում էինք կապվել քեզ հետ: Մայրիկիդ ծննդյան օրը երեկոյան զանգահարել ու շնորհավորել էիր. մայրդ անհանգստացած ասել էր. «Լևո՛ն ջան, երկար մի՛ խոսիր, վտանգավոր է», իսկ դու, թե՝ «Մա՛մ, երկար խոսի՛ր, ինձ ուժ ես տալիս…»: Վերջին զանգդ հենց հոկտեմբերի 9-ի գիշերն էր… Այդ օրը բոլորս հանգիստ քնեցինք, որովհետև ձայնդ էինք լսել … Իսկ հաջորդ օրը անօդաչու հրեշը կատարեց իր սև գործը…
Լևո՛ն ջան, որքա՜ն երազանք, իղձ ու նպատակ մեռցրեց այդ մի հարվածը… Որքա՜ն բանաստեղծություն ու երգ պիտի դու գրեիր ու երգեիր… Ստեղծագործական կարճատև կյանքի ընթացքում դու հասցրիր գրել 10-ից ավելի երգ՝ կիթառի նվագակցությամբ, մի ամբողջ տետր՝ բանաստեղծություններ և խոհական մտքեր… Այն տետրը, որի մեջ դու գրում էիր քո բանաստեղծությունները, անվանել էիր՝ «Լավ տետր»…: Մարտադաշտում կորավ քո սիրելի կիթառը… Լևո՛ն ջան, քո բանաստեղծությունների գիրքն ու նոտագրված երգերը ծնողներդ պատրաստում են տպագրության: Ես գիտեմ, որ գիրքդ ասուպի նման կդառնա քո կյանքի լուսավոր հետագիծը… Երբ հեռացար կյանքից, Հայրենիքին նվիրված ծառայության համար քեզ արժանացրին պատվոգրերի և մեդալների… Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել ես «Մարտական ծառայության» մեդալով, պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել «Գթության մայր» ՀԿ-ի մեդալով եւ այլ մեդալներով եւ պատվոգրերով…
Հավերժ փա՛ռք ու խոնարհում հազարավոր անպա՛րտ Հայ զինվորներին, հավերժ հիշատակ ու փառք քեզ, մեր սիրելի՛ Լևոն, քեզ, որ երգեցիր՝ Ես գնում եմ ուրիշ աշխարհ, որտեղ չկա քո պատկերը, որտեղ չկան իմ աստղերը: Բայց դու էլ մի Աստղ դարձար հազարավոր քո քաջ մարտակիցների հետ…
ՔԱՋԱՐԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԳԱՄԸ
Իմ գերեզմանին արցո՛ւնք չթափեք,
Իմ գերեզմանին վարդեր չդնե՛ք,
Իմ գերեզմանին դուք աղո՛թք չանեք:
Իմ գերեզմանին Մարտակո՛չ արեք,
Իմ Ոգին գնա, հասնի տղերքին,
Որ դեռ կռվում են Արդարի համար՝
Հող հայրենիքի ու Մարդու համար…
Իմ գերեզմանին արցունք չթափեք,
Իմ գերեզմանին Մարտակո՛չ արեք…
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Ճակատագրեր