«ՆԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԻՆՈՅԻՑ ԵԿԱԾ «ԲՈՅԵՎԻԿ» ԷՐ»
Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանը որոշել էր բժիշկ դառնալ և ընդունվել էր Երևանի պետական բժշկական համալսարան: Սակայն հենց այդ տարիներին Արցախյան ազատամարտը նոր թափ էր հավաքում, և Արտակը կամավոր, առանց ընտանիքին տեղյակ պահելու, մեկնեց ռազմաճակատ՝ Քարվաճառի շրջան:
-Երբ տատիկս ասել էր՝ դու դեռ պետք է սովորես, պատասխանել էր, որ իր տարիքի տղաներ են այնտեղ կռվում, զոհվում, ես ոնց կարող եմ էստեղ հանգիստ նստեմ։ Երբ տասնութը լրանում ու զորակոչվում է, զորացրվելուց հետո բժշկականում ուսումը չի շարունակում և ծառայության է անցնում խաղաղապահ բրիգադում,- պատմում է դուստրը՝ Գրետա Մարտիրոսյանը:
Հենց այստեղից էլ սկսվում է հերոս հրամանատարի ծառայության պատվավոր, միևնույն ժամանակ՝ փառավոր ուղին։ Արտակ Մարտիրոսյանն ուսանում է ԱՄՆ-ում հայտնի ռազմական հաստատություններից մեկում՝ ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: 2003 թ. ներգավվում է խաղաղապահ բրիգադում և ստանձնում վաշտի հրամանատարի պատասխանատու պաշտոնը:
-Խաղաղապահ բրիգադի վաշտի հրամանատար Արտակ Մարտիրոսյանը խելացի հրամանատար էր և շատ որակներով տարբերվում էր մյուս սպաներից: Շատ էր սիրում զինվորներին կոփել,- ասում է ծառայակից ընկերներից Աննա Հունանյանը:
-Կոսովո, Աֆղանստան, Իրաք. փոխգնդապետն իր ստորաբաժանումով ամենուրեք փայլուն առաքելություն է իրականացրել: Երբ 2014 թ. դարձյալ մեկնեցինք Աֆղանստան, ինքը միանգամից դարձավ բացարձակ լիդեր, և նրան վստահվեց հայ-գերմանական համատեղ ստորաբաժանման հրամանատարությունը: Շատ համարձակ էր և սիրում էր կտրուկ որոշումներ կայացնել: Նա կարողանում էր զինվորի հետ լինել շատ մտերիմ, շատ անմիջական, բայց, միևնույն ժամանակ, շատ խիստ և պահանջկոտ, պատրաստված հրամանատար էր: Նրա հրամանատարությամբ բոլոր ստորաբաժանումները եղել են բացառիկ,- հիշում է զինակից ընկերը՝ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը:
Փոխգնդապետն իր վաշտով մասնակցել է ապրիլյան քառօրյային, եղել Թալիշի հատվածում, որտեղ էլ ստացել է իր մականունը՝ Զուլու:
-Ինձ զինվորները պատմել են, որ երբ թուրքերը լսել են, որ Զուլուն կապի մեջ է, խուճապի են մատնվել: Նրա անունը ահ ու սարսափ էր տարածում թշնամու մոտ,- պատմում է դուստրը՝ Գրետան:
Ռազմական գործում՝ խստապահանջ զինվորական, ընտանիքում՝ նվիրված հայր ու ամուսին, որը երբևէ չի թողել, որ ընտանիքի անդամները զգան իր պակասը:
2018 թ. փոխգնդապետ Մարտիրոսյանը տեղափոխվել է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ էլ ռազմաուսումնական վարժանքների համար իր ուժերով հիմնել է հրաձգարան: Հաճախ ինքնապաշտպանության դասընթացներ է անցկացրել սահմանամերձ գյուղերում:
-Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ամեն ինչ արեց, որպեսզի օր առաջ հասնի առաջնագիծ: Մեզ համար սովորական է եղել, որ հայրս մշտապես պետք է առաջնագծում կռվի, զինվորներին փրկի ու գա,- ասում է դուստրը:
Իսկ կամավորական Սարգիս Խեչոյանի հուշերում այսպիսին է քաջ հրամանատարը.
-Նրա տեսքը, խոսքը շատ տպավորիչ էին: Երբ պատերազմի լուրն առա, Ռուսաստանից վերադարձա և որպես կամավոր մեկնեցի առաջնագիծ և հենց փոխգնդապետ Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանում: Օր էր լինում, որ թշնամին նույնիսկ մինչև հինգ անգամ հրետանիի օժանդակությամբ դիվերսիա էր փորձում իրականացնել, սակայն ձախողվում էր: Ես համոզված եմ, եթե մեր հրամանատարը չլիներ Մարտիրոսյանը, մենք շատ շուտ դիրքը թողած կլինեինք: Նա կռիվը չէր տեսնում, նա կռիվը լսում էր… Միայն փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանի ռազմական հմտությունների ու գերազանց հրամանատարության շնորհիվ էր մեզ հաջողվում կանխել թշնամու առաջխաղացումը։ Զորքը գնում էր նրա հետևից, զորքը նրան վստահում էր հարյուր տոկոսով։
Երբ թշնամին հասկացավ, որ պարզապես անհնար է ճեղքել այդ ճակատի պաշտպանությունը, դիմեց ավիացիայի օգնությանը: Ես ու հրամանատարը կանգնած ծխում էինք, մեկ էլ ականջիս ձայն հասավ, ու հենց էդ պահին կրակեցին ռազմական ինքնաթիռները, սակայն հրաշքով ո՛չ զոհ, ո՛չ էլ վիրավոր տվեցինք: Երբ պառկած դիրքից հայացքս բարձրացրի, տեսա հրամանատարը ոնց կանգնած էր, այդպես կանգնած էլ մնացել էր՝ ծխախոտի գլանակն էլ ձեռքին։ Մի խոսքով՝ «կինոյի տղա», կինոյից եկած «բոյեվիկ» էր: Տղաները խոստովանում էին, որ երբ հրամանատարի հետ էին, վախն իրենց միջից անհետանում էր: Նույնն էլ ես եմ ասում. նրա ներկայությամբ վախը չքանում էր:
Հոկտեմբերի տասնչորսի ցերեկը մեկ էլ կոմանդիրը տեղից վեր կացավ ու ասաց. «Էսօր ծնունդս է»: Բոլորս այս ու այն կողմից եկանք, փաթաթվեցինք ու շնորհավորեցինք մեր հզոր հրամանատարին…»։
Այս հատվածում թշնամին ոչ մի կերպ չկարողանալով ճեղքել ճակատային գիծը, հոկտեմբերի տասնհինգին, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, անցնում է վճռական հարձակման: Մենք տալիս ենք առաջին զոհը, աստիճանաբար զոհերի ու վիրավորների թիվը շատանում է, և մեր տղաների գլխին դամոկլյան սրի նման կախվում է շրջապատվելու վտանգը: Եվ հենց այդ ճակատագրական պահին փոխգնդապետ Մարտիրոսյանը հրամայում է բոլոր վիրավորներին տեղափոխել առավել անվտանգ վայր, իսկ ինքը մեն-մենակ գնում է թշնամուն ընդառաջ:
Արտակին ճանաչողները ասում են, որ նա հենց այդպես հերոսավայել պետք է հեռանար: Բանիմաց ու տաղանդավոր սպան դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ հայրենիքի պաշտպանության ու բանակաշինության ասպարեզում, սակայն զինվորական երդումը փոխգնդապետ Մարտիրոսյանին տարավ անմահության ճանապարհով…
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Ճակատագրեր