ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ
Զորամասի վարժադաշտում մարտական հրաձգության նախապատրաստական փուլն է։ Հրետանու կրակի ղեկավարման սարքերով հաշվարկ կատարող մասնագետները ճշգրտում են կոորդինատները, որոշում նշանակետերը և տվյալները փոխանցում մարտական հաշվարկներին։
Կուրսանտ Բաբայանը թվագրել է հորիզոնական և ուղղահայաց սանդղակները, նշել հիմնական ուղղությունը և պլանշետի վրա անցկացրել է մարտակարգը, այսինքն՝ թե որտեղ է գտնվում դիտակետն ու կրակային դիրքը, եւ ինչ ուղղությամբ պետք է հրաձգություն վարել։
Սա կրակային խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչն է, որից էլ ուղղակիորեն կախված է թիրախի խոցման արդյունավետությունը։ Հրետանային ստորաբաժանման փորձառու կրտսեր հրամանատարը նորեկներին մանրամասն ներկայացնում է գործողությունների հաջորդականությունը, ստուգում անձնակազմի պատրաստվածությունը։
-Նախ՝ զեկուցում եմ, թե ինչ ուղղությամբ պետք է հրաձգություն վարվի հրանոթներով, այնուհետև կատարում եմ հրահանգավորում ճշգրտության և արագության հետ կապված, որպեսզի կարողանամ ստանալ շատ քիչ քանակությամբ շեղումներ և արդյունավետ կրակեմ,- ասաց կուրսանտ Րաֆֆի Ստեփանյանը:
Գործնական վարժանքի մասնակիցները ուսումնական զորամասի կուրսանտ զինվորներն են։ Այն, ինչ տղաները մի քանի ամիսների ընթացքում սովորել են զորամասում, լսարանային պայմաններում և վարժասարքերի օգնությամբ, այժմ այդ ամենը կիրառելու են գործնականում՝ առաջին անգամ կրակ վարելով իրական մարտական տեխնիկայով։
-Պետք է լիարժեք տիրապետեմ իմ զենքին: Բոլոր պարապմունքներին մասնակցում եմ մեծ պատասխանատվությամբ, քանի որ գիտակցում եմ, որ ամեն պահի հնարավոր է նաեւ, որ մարտական առաջադրանքներ կատարենք,- ասաց Սամվել Աթիկյանը:
«ԲՄ-21» ռեակտիվ համակարգը գործի է դրվում մի քանի անգամ տարբեր մարտական հաշվարկների անմիջական մասնակցությամբ ու գործողություններով, որպեսզի յուրաքանչյուրը սեփական փորձով զգա իր հաստիքային զինատեսակի կրակային հզորությունը։
-Ճամբարային ելքի պարապմունքները կարևոր են անձնակազմի համար, քանի որ հարկ եղած դեպքում մարտադաշտում իրենց տոկունությունն ու պատրաստությունը պիտի ցուցաբերեն և կարողանան դիմակայել դժվարություններին։ Անձնակազմը լիարժեք պատասխանատվությամբ է մոտենում մարտական պատրաստության բոլոր պարապմունքներին, մարտական ոգին բարձր է, պատրաստակամ կատարում են առաջադրված բոլոր խնդիրները,– ասաց ուսումնական հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գուրգեն Բաբայանը:
Հաջորդ ուսումնական կետում հրետանային ինքնագնաց կայանքն է բացազատված, որի կիրառման առանձնահատկությունները լավագույնս սերտած զինվորներից է Մյասնիկ Պետրոսյանը։
-Ես դառնալու եմ հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատար՝ կրտսեր սերժանտի կոչումով։ Այս զինատեսակը շատ եմ սիրում, քանի որ այն առավել անխոցելի է, առավել ճկուն եւ հեշտ կառավարելի,– անկեղծացավ կուրսանտ Պետրոսյանը:
Քիչ հեռվում մարտական հրաձգության է նախապատրաստվում «Դ-20» հրետանային ստորաբաժանումը։ Հրանոթի անձնակազմը ստանում է տեղակայումները, նշանակետերի հեռավորությանը և ուղղությանը համապատասխան դրանք տեղադրում հրանոթի վրա, լիցքավորում այն և կրակ վարում։
Հրետանային տարբեր միջոցների ներգրավմամբ անցկացված գործնական վարժանքի արդյունքներն ամփոփեց մայոր Բաբայանը, նա շնորհավորեց անձնակազմին զորավարժության հաջող ավարտի կապակցությամբ և ներկայացրեց կուրսանտների կրակային խոցման արդյունքները։
-Կուրսանտներն իրենց առաջին մկրտությունն ստացան վարժադաշտում։ Նրանք խոցման արդյունքներով ստացան գերազանց և լավ գնահատականներ,- ասաց շտաբի պետը:
Եվս մի քանի գործնական վարժանքներից հետո հրետանավորների նոր հերթափոխը կազմ-պատրաստ և գիտելիքներով զինված կհամալրի կրտսեր հրամանատարների շարքերը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում