ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԶՈՒ ուսումնական զորամասերում պատրաստվում են քննություններին, որոնց մնացել է մի քանի շաբաթ, ուստի, տեսական դասերը հիմնականում փոխարինվել են գործնական պարապմունքներով։ Շատ շուտով զորավարժարանում զինծառայողները հնարավորություն կունենան մարտական հրաձգությամբ կիրառելու 40 միլիմետրանոց ձեռքի հակատանկային նռնականետը, բայց մինչ այդ ուսումնական վարժասարքի վրա են կատարելագործում իրենց տեսական գիտելիքները։ Այն հնարավորություն է ընձեռում իրականին մոտեցված իրադրություններում կրակ վարել շարժվող կամ անշարժ զրահատեխնիկայի ուղղությամբ, ինչպես նաև կատարել ուսումնական ծրագրով նախատեսված այլ վարժություններ ու խնդիրներ։
-Վարժադաշտում պարապմունքներն անցկացվում են բացազատված ուսումնական կետերում, սերժանտների ու սպաների անմիջական հսկողությամբ ու ղեկավարությամբ։ Կրտսեր սերժանտ Հենրիկ Եսայանն անցկացնում է ինքնաձիգի ոչ լրիվ քանդման և հավաքման նորմացույցը, որը գնահատվում է վայրկյաններով։ Կրտսեր սերժանտ Արման Մադոյանն էլ մյուս ուսումնական կետում է պարապմունք անցկացնում. սովորեցնում է, թե ինչպես է պետք ճիշտ նշան բռնել,- ներկայացնում է ուսումնական գումարտակի հրամանատար Արթուր Աբգարյանը:
Վարժադաշտում ստուգարքային վարժություններ են իրականացնում ուսումնական զորամասի բոլոր կուրսանտները։ Նրանց գործողություններին հետևում են սպաները, արձանագրում թերությունները, տեղում շտկում դրանք։
Ստուգողական հրաձգային վարժություններ են իրականացնում ուսումնական զորամասի հրաձիգները։ Ապագա սերժանտները սովորում են պաշտպանական մարտում տարբեր դիրքերից կրակի վարման եղանակները։
Կանգնած և շարժվող թիրախների ուղղությամբ ստուգողական հրաձգային վարժությունն է կատարում շարքային Մանվել Չիլինգարյանը, որը թեև երեք ամիս է, ինչ զինվոր է, սակայն լավ է պատկերացնում հետագա ծառայության բարդությունները։ Այս կրակային ստուգարքի նրա արդյունքներն էլ գերազանց գնահատվեցին։
Ամփոփիչ ստուգարքներից հետո ուսումնական զորամասի բոլոր զինվորները, արդեն որպես սերժանտ, որպես ջոկի հրամանատարներ ծառայությունը շարունակելու են այլ զորամասերում, որոնք ընտրել են դեռևս ամռանը, վիճակահանության միջոցով:
ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Ազգային բանակ