Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ…



ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ...-Որդուս զոհվելուց հետո անպատմելի, աննկարագրելի ծանր ապրումների մեջ էինք և որպեսզի կարողանայինք ապրել, որոշեցինք նորից երեխա ունենալ և փառք Աստծո… շատ դժվարությունների գնով, բայց ստացվեց,- այսպես սկսեց մեր զրույցը 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Գևորգի մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը:

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո տիկին Աստղիկն ու նրա ամուսինը նոր կյանք սկսելու որոշում են կայացրել։ Առողջական ծանր խնդիրների և բազում այլ դժվարությունների միջով անցնելուց հետո Ղուզանյանների օջախում լսվեց երկար սպասված մանկան ճիչը՝ նրանց համար ազդարարելով նոր կյանքի սկիզբը։

-Փոքրիկին Մխիթար ենք անվանակոչել։ Զգացողություններս անհնար է բառերով ներկայացնել։ Ամենաշատը աղջիկս էր սպասում, ամեն օր ասում էր, երբ է ծնվելու, երբ է վերջապես ծնվելու,- պատմում է տիկին Աստղիկը:

ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ...Մխիթարը ժամանակից երկու շաբաթ շուտ է ծնվել։ Բայց, չնայած հղիության բարդ ընթացքին, նորածինը լիովին առողջ է, քաշը 2.7 կգ, հասակը՝ 47 սմ։

-Սա լրիվ ուրիշ զգացողություն է. երբ երեխադ ծնվում է, արդեն հանուն նրա ուզում ես ապրել։ Նույն խորհուրդը կտամ իմ բախտակից մայրերին։ Հասկանում ու գիտակցում եմ, որ շատ դժվար է, քանի որ ես անցել եմ այդ ամենի միջով: Այս տարիքում երեխա ունենալը իհարկե շատ դժվար է, բայց պետք է փորձել,  կարողանալ ուժ գտնել ու պայքարել: Այլ տարբերակ չկա։ Կյանքը շարունակվում է։ Պետք է ապրել, պայքարել ու նոր կյանք պարգևել,- գրկում փաղաքշանքով շոյելով փոքրիկ Մխիթարին ասաց տիկին Աստղիկը:

Փոքրիկը դիմագծերով նման է ավագ եղբորը՝ Գևորգին, որը բազում երազանքներ անկատար թողեց և չխնայեց կյանքը հանուն Հայրենիքի։ Գևորգը սակրավոր էր։ Հոկտեմբերի սկզբին տեղափոխվել էր Ջրական, մի շարք մարտական առաջադրանքներ կատարել և Իշխանաձորում տասնյոթ զինակիցների հետ զոհվել թշնամու անօդաչուի հարվածից։

-Մխիթարս էլ պետք է ավագ եղբոր՝ Գևորգիս պես նույն արժեքներով դաստիարակվի. սիրել Հայրենիքը, մեր հողն ու ջուրն այնպես, ինչպես եղբայրը: Նույն ոգով կփորձենք դաստիարակել Հայրենիքի համար, մեր երկրի համար որպես արժանի քաղաքացի,- ասաց մերօրյա հերոսի հայրը՝ Յուրա Ղուզանյանը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


11/11/2022