«ԼԻԱՐԺԵՔ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ»
Ուսումնական փուլի ճիշտ կեսին, երբ ԶՈւ ստորաբաժանումներն ակտիվ մարզումներով, տեսական պարապմունքներով շարունակում են մարտական ու մասնագիտական պատրաստությունը, ճիշտ ժամանակն է իրականին մոտեցված գործողությունների։ Հանրապետության ամենամեծ զորավարժարանում իրենց հրանոթներով ամբողջ երկայնքով դասավորված են հրթիռահրետանային միջոցները։
Ստորաբաժանումներում, որտեղ պատրաստ են հրաձգությանը, ներգրավված են ժամկետային զինծառայողները, որոնց շարքում շատ են նաև նորեկները։ Նրանք ուսումնական զորամասում մասնագիտական դասընթացն ավարտելով՝ տեղափոխվել են հրետանային զորամաս։
Եվ այսպես, հաշվարկներից մեկը պատրաստվում է առաջին, իր համար «պատմական» հրաձգությանը։ Հրետանային միավորը գործի դնելու երկար սպասված պահն է։ Առաջին անգամ են գործի դնում հրանոթն ու սպասում արդյունքին։ Հրամանատարական կետից հաղորդում են՝ թիրախը ոչնչացված է, գնահատականը՝ գերազանց։ Հարևան հրանոթի անձնակազմը համեմատաբար փորձառու է. մեկ զորավարժության մասնակցել է, թիրախները խոցել, այս անգամ անհրաժեշտ է միայն կրկնել հաջողությունը։ Այսպես գրեթե ամեն րոպե, զորամասի դիվիզիոնները, մարտկոցներն իրենց հաշվարկներով կրակ են արձակում։ Հրետանային մարտկոցն ամբողջ կազմով շարված է, հրամանատարական կետից լսում են կոորդինատները և կարևոր՝ «կրա՛կ» հրամանը։ Տղաները զորամասում լսել, սովորել եւ այստեղ համոզվում են, որ կարևորն այս մասնագիտության մեջ ու զորատեսակում կենտրոնացումն է, արագությունը, ճշգրտությունը։ Ժամկետային զինծառայող Արման Մարգուլովն իր արձակած առաջին կրակից հետո անկեղծանում է. «Հրանոթի պարանը ձգելիս ես գիտակցում հրետանու ուժն ու հզորությունը: Երբ տեսնում ես, թե ինչպես է արկը դուրս գալիս հրանոթից ու հայտնվում թիրախում, հասկանում ես, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված քո ուսերին, հետևաբար, արագությունն ու ճշգրտությունն այս գործում գլխավորն են, սխալվելը՝ անթույլատրելի»։ Այս զորատեսակի հիմնական առաքելությունն առաջնագիծը պահելն է, թիկունքից սահմանը պաշտպանելը, հետևաբար, պետք է թիրախները դիպուկ խոցել և արագ, որպեսզի իրենք թիրախ չդառնան։ Հենց այս վտանգները հաշվի առնելով՝ հրետանային միավորները հրամաններն ու կոորդինատները հանկարծակի ստանալով կրակ են արձակում, խոցում նշանակետերն ու անմիջապես զեկուցում հաջորդ հրաձգությանը պատրաստ լինելու մասին։ Բոլոր ստորաբաժանումների գործողություններին, հրանոթի տեղակայումից մինչև հավաքում, հետևում են սպաները, գնահատում զինծառայողների բոլոր քայլերն ու համակարգված ղեկավարումը։ Ստորաբաժանումների անմիջական հրամանատարներն իրենց մարտկոցների կողքին են, անձամբ են ստանում հրամանն ու փոխանցում ենթականերին, կապի միջոցներով ու ճշգրտումներն արագորեն կատարելով. «Տղաները մարտական պատրաստությունն անցել են ամբողջ ծավալով, նույնիսկ ժամանակից շուտ են կարողացել սերտել դասերը, ուսումնական փուլը չավարտած, արդեն լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանն ու հրետանային միջոցներին»,- արձանագրում է մարտկոցի հրամանատար Գեորգի Ազարյանը։ Այս ամբողջ ընթացքին գլխավոր հրամանատարական կետից հետևում են ու նշումներ են անում բարձրաստիճան սպաները։ Սա զորամասի քննությունն է ռազմական վերահսկողության ծառայության աշխատակազմի ներկայությամբ։ Քննության եզրափակիչ մասը ստորաբաժանումների կրակային դիրքը թողնելու գործողությունն է, անվտանգության կանոնների պահպանությունն ու ժամկետայինների հապճեպ հեռանալը։ Եվ վերջում անակնկալ հրաման՝ թիրախների ուղղությամբ կրակ արձակել ընթացքից, ճանապարհի կեսից։ Այս առաջադրանքը նույնպես ստորաբաժանումը կատարում է ճշգրտորեն ու սեղմ ժամկետում։ Սպաները գոհ են. անձնակազմը կարճ ժամանակահատվածում արդյունավետ խոցում է իրականացնում։ Սա առաջին ու նախնական գնահատականն է։ Հրետանավորների համալիր զորավարժության ամբողջական ու ծավալուն վերլուծությունը պատրաստ կլինի օրեր անց, երբ ամփոփվեն բոլոր միջնորդների, ղեկավար կազմի դիտարկումները։ Ըստ այդ ցուցանիշների էլ զորամասը գնահատական կստանա։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1458) 16.11.2022 - 22.11.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում