ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԵՐ, ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ…
Նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է։ Այդ առթիվ ռազմական բժշկության անցյալն ու ներկան, ոլորտի առանձնահատկությունները, զարգացման հիմնական ուղղությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։
ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ. Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ
1992 թվականին Հայոց նորանկախ պետության բանակի կազմավորման առաջին հրամանում ներառված նոր ձևավորվող փոքրաթիվ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը ռազմաբժշկական ծառայությունն էր։ Այսինքն՝ սկզբից էլ կարևորվել է ռազմական բժշկության դերը զինված ուժերում։ Մենք իրավամբ բանակի տարեկիցն ենք, արդեն 30 տարեկան։ Բանակին համընթաց զարգանում ենք, վերափոխվում՝ արդի պահանջներին համահունչ։ Արցախյան առաջին պատերազմի սկզբում Հայաստանը չի ունեցել ռազմական բժիշկներ, ռազմադաշտային բժշկական ապահովումը կազմակերպվել է հիմնականում նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ծառայող զինվորական բժիշկների շնորհիվ, որոնք որպես կադրային զինվորականներ տիրապետել են ռազմի դաշտում բժշկական ապահովման անհրաժեշտ հմտություններին։ Նրանց միջոցով և խորհրդատվությամբ, նաև ներգրավելով քաղաքացիական բուժհաստատությունների անձնակազմը, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ ձևավորվել և տարեցտարի կատարելագործվել է ռազմաբժշկական ծառայությունը։ Բոլոր մարտական գործողությունների ժամանակ այն ապացուցել է իր արդյունավետությունը, ինչը վկայում են նաև զուտ վիճակագրական, թվային տվյալները։
Զինվորական մեր առաջին բուժհաստատությունը Վանաձորի կայազորային հոսպիտալն է։ Աստիճանաբար տարբեր բժշկական հաստատությունների բազայի վրա կազմավորվել են հոսպիտալներ, համալրվել, հագեցվել են սարքավորումներով, որակյալ մասնագետներով։ Այժմ ունենք հոսպիտալներ բոլոր կայազորներում, իսկ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը մեր շարժիչ ուժն է, մեր կենտրոնական միավորը։ Բոլոր օղակներում զինծառայողներից բացի անվճար հիմունքներով սպասարկում են զինծառայողների ընտանիքների անդամների, զինթոշակառուների, պատերազմի մասնակիցների։ Ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ Ունենք նաև սանիտարահամաճարակային ծառայություն, որի հիմնական գործառույթը ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումն է, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, զինծառայողների կենցաղային պայմանների, սննդի վերահսկողությունը։
Առանձնապես կարևորում եմ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի գործունեությունը. այնտեղ պատրաստվում և վերապատրաստվում է մեր միջին և կրտսեր անձնակազմը՝ սանհրահանգիչները և բուժակները։ Հիմնականում նրանք են պատասխանատու առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Վիրավորի կյանքի փրկության և հետագա բուժման ընթացքը կախված է այն հանգամանքից, թե զինծառայողին ինչ որակի առաջնային բուժօգնություն է տրամադրվել, և ինչպես է նա տարհանվել ու տեղափոխվել բուժհաստատություն։ Նշված գործողությունները ժամանակին և որակյալ կատարելու դեպքում տվյալ զինծառայողի կյանքը փրկելու հավանականությունն էականորեն ավելանում է։
Որակյալ բժշկական կադրերի խնդիրը լուծվում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի միջոցով, որը տարեկան միջինը մի քանի տասնյակ շրջանավարտ է տալիս։
Գործում է հոսպիտալների, զորամիավորումների, զորամասերի բժշկական ծառայությունների, այլ կառույցների ամբողջական համակարգ, որի ղեկավարումն իրականացնում է ռազմաբժշկական վարչությունը։ Բայց միայն մեր գործոնը բավարար չէ։ Յուրաքանչյուր զինծառայող պետք է գոնե նվազագույն գիտելիքներ ունենա առաջին բուժօգնության վերաբերյալ։ Զորամասերում այդ բացը լրացնելու նպատակով վերջերս մի հոլովակ ենք պատրաստել մեր հրահանգիչների օրինակով, նաև առաջին օգնության ցուցաբերման կանոնները նկարագրող գրքույկ ենք հրատարակել։ Դրանցում հակիրճ նշված է, թե հաստիքային կամ ձեռքի տակ եղած միջոցներով ինչպես օգնություն ցուցաբերել մինչև բժշկական անձնակազմի հասնելը։ Տեսանյութը բոլոր զորամասերում տարածվել է, եւ այն դիտողը ենթագիտակցորեն կարող է տիրապետել պահանջվող հմտություններին։ Մյուս ուսումնական տարվա համար էլ պլանավորել ենք ընդլայնել ուսուցման գործընթացը։ Բժշկությունն արագ զարգանում է՝ նոր մեթոդներ, մոտեցումներ են կիրառվում, և դրանք պետք է ներկայացվեն անձնակազմին։
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԵՎ ԲՈՒԺԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Վստահաբար կարող եմ նշել, որ զորամասերում առաջնային օղակի ապահովման մասով խնդիր չունենք, բոլոր զինվորների հաշվարկով հատկացրել ենք անհատական բժշկական հանդերձանք՝ լարան, անհատական վիրակապական փաթեթ և այլն։ Մինչև տարեվերջ ստանալու ենք 12 ատամնաբուժական աթոռ։ Հնամաշ սարքավորումները շարունակաբար փոխարինվում, թարմացվում են։
Հոսպիտալներում խնդիրներն ավելի շատ են, քանի որ դրանցում ավելի բազմաբնույթ սարքավորումներ են, բժշկությունն էլ շատ մեծ քայլերով զարգանում է։ Զինված ուժերում կան տեխնիկայի շահագործման որոշակի չափորոշիչներ։ Ամեն տարի նոր, ավելի հզոր սարքեր են արտադրվում, տպավորություն է, թե մեր ունեցածը հին է, բայց իրականությունն այն է, որ շատ երկրներում այդպիսի ապարատ նույնիսկ չկա։
Վերջերս արտերկիր գործուղման ընթացքում հոսպիտալներից մեկում այնքան տեխնիկա տեսա, որ պարզապես անհավանական էր թվում. վիրահատարանի, այլ սենյակների ստացիոնար համակարգչային տոմոգրաֆիայի սարքերից բացի, ամեն հարկում կար նաև երկուական շարժականը։ Պատկերացրեք, ինչ արագ ու որակյալ բուժօգնություն է այնտեղ տրամադրվում նաև մյուս հետազոտությունների մասով։ Իսկ մեր ապարատի աշխատանքային ռեսուրսն արդեն մի քանի անգամ գերազանցել ենք 44-օրյա պատերազմի, քովիդի համաճարակի ժամանակ, սակայն հիմա էլ այն գերազանց աշխատում է։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զարգացման շատ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր պատկերացրած համակարգը լիարժեք ստեղծելու համար։ Այն պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ շեշտը դրվում է մեր հոսպիտալների, առավելապես կենտրոնական հոսպիտալի հզորությունների ավելացման, օպտիմալացման վրա։ Շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու կադրերի պատրաստության վրա՝ ուժեղացնելով մեր ուսումնական կենտրոնի հնարավորությունները։ Բացարձակ անհրաժեշտություն է շարժունակ բժշկական միավորների ավելացումը հոսպիտալի բազայի վրա, ընդ որում, առավելապես վիրաբուժական ուղղվածության մասնագիտությունների գծով՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նեյրովիրաբուժական։
Շատ լուրջ վերափոխվում է վերակենդանացման ծառայությունը, որն այժմ արդեն իմ գնահատմամբ լավագույնն է հանրապետության բուժօղակում։ Օրերս հակառակորդի կրակոցից զինվոր էր վիրավորվել կրծքավանդակի շրջանում, իրավիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Վարդենիսի հոսպիտալում նրան վիրահատել էին, մինչ այդ, Երևանից ռեանիմոբիլը կրծքային վիրաբույժի հետ մեկնել էր այնտեղ, վիրահատությունն ավարտվել է տվյալ մասնագետի մասնակցությամբ, ապա արագ վիրավորին տեղափոխել են Երևան։ Երեկոյան արդեն վիրահատված զինվորը հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում էր, մասնագետների հսկողության ներքո, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պատերազմի ընթացքում բժշկական ապահովման շուրջ ծավալուն վերլուծություն ենք կատարել՝ համապատասխան հետևություններով ու առաջարկներով, մի մասն արդեն իրագործվել է։ Ռեանիմոբիլների քանակն ենք ավելացրել բոլոր հոսպիտալների համար։ Ամրապնդվել է համոզմունքը, որ ավելի ճիշտ է ունենալ արհեստավարժ թիմեր, որոնք անընդհատ գործի մեջ են, տեղափոխվում են այնտեղ, ուր անհրաժեշտ է բուժօգնություն ցույց տալ։ Նրանք անընդհատ մասնակցում են վիրահատությունների, բժշկական տարբեր գործողությունների, մասնագիտորեն անդադար զարգանում են։
Մեր գործում ամենակարևորը արագությունն է, անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ վիրավորման պահից մինչև բուժօգնության տրամադրում ժամանակը կրճատվի, առաջին օգնությունն ու առաջին բուժօգնությունը, ապա նաև տարհանումը ճիշտ կազմակերպվի։ Որքան արագ ու որակյալ կազմակերպվի առաջին բուժօգնությունը, այնքան մեր գործում կհաջողենք։
ՊԱՏԵՐԱԶՄ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿՎԱԾ ԿՅԱՆՔԵՐ
Բոլոր առաջատար բժշկական կենտրոններում առանցքային պաշտոններ զբաղեցնողները մեր նախկին ռազմական բժիշկներն են։ Նրանք հիմնարար կրթություն են ստացել, հսկայական փորձ ունեն։ Այսօր զինվորական, թե արդեն քաղաքացիական բուժհիմնարկում ծառայող զինվորական բժշկին բնորոշ են խիզախությունը, անձնազոհությունը, բարձր պատրաստվածությունը, որակական լավագույն հատկանիշները, գիտելիքը, փորձառությունը…
Կան գիտական հետազոտությունների հիման վրա միջազգային չափորոշիչներ, թե տվյալ մասնագետը օրվա ընթացքում քանի հիվանդի իրավունք ունի ընդունել, քանի ռենտգեն հետազոտություն կատարել ու այդպես շարունակ։ Մեր բժիշկները դրա տասնապատիկն են անում ամեն օր։ Մարդկային օրգանիզմի հնարավորություններն անսահմանափակ չեն, թեև մեր բժիշկների դեպքում այդ սահմանը չի երևում։
Իմ օրինակով պատմեմ բոլորի մասին։ Մյուս վարչության պետերի պես առավոտյան ներկայանում եմ ծառայության, ժողովներ, խորհրդակցություններ, գործուղումներ, փաստաթղթերի ստորագրում, թվում է, թե գործը չի ավարտվում։ Երեկոյան գնում ես տուն, բայց ծառայությունը շարունակվում է նաև ուշ երեկոյան, գիշերը։ Մասնագիտական հարցեր են քննարկվում, լինում են հիվանդներ, ծանր վիրավորներ։ Չի ստացվում գիշերը հստակ ժամի քնել, առավոտյան արթնանալ։ Վերջերս գիշերվա ընթացքում մի քանի պատահար եղավ, վերջինը առավոտյան ժամը 6-ին։ Բոլոր հարցերը կարգավորելուց հետո լուսադեմին չդիմացա, քնեցի, վեր թռա հերթապահի զանգից՝ պարոն գնդապետ, 8։00-ին ժողովի եք, չե՞ք գալիս։ Ժամացույցին նայեցի արդեն 8։01 էր։ Այսպիսի ֆիզիկական «բռնկումներ» էլ են լինում։ Սա պատմեցի, որ պատկերացնեք ռազմական բժշկի առօրյան, որը տարիներ շարունակ հանգիստ չունի։ Շատերը պլանավորում են իրենց օրը, աշխատանքից հետո կամ հանգստյան օրերին ընտանիքով որևէ տեղ այցելում, ռազմական բժիշկների մեծամասնությունը չունի այդ հնարավորությունը։
Անձնազոհությունը պարզապես բառ չէ ռազմական բժշկի համար։ Թող չդիտվի որպես գնահատման չափանիշ, բայց 2020 թ. պատերազմի ժամանակ 16 բժիշկ և 60 միջին ու կրտսեր բուժանձնակազմ է զոհվել։ Մեր բժիշկները իրականում հրաշքներ են գործել։ Նրանց նվիրվածության շնորհիվ 10000-ից ավելի վիրավորները մարտադաշտից դուրս են բերվել, հասցվել հիվանդանոցներ։ Հոսպիտալներից մեկը վեց անգամ ծավալվել է այլ կետում՝ մարտական գործողությունների ընթացքից կախված։ Վերջին մարտական գործողությունների ժամանակ էլ բուժանձնակազմն իր խնդիրը կատարել է, պլանավորած ուժերն ու միջոցները ծավալվել են, շարժական միավորները ավելի ենք մոտեցրել առաջնագծին ու սկսել ապահովման միջոցառումները…
Բժշկի ավանդական բարեմաղթանքն է՝ առողջություն։ Տարբեր հավաքույթների ժամանակ միմյանց բարեմաղթում են առողջություն և խաղաղություն։ Արդեն 30 տարի ռազմական բժիշկները և՛ խաղաղության, և՛ առողջության մարտիկներն են։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1458) 16.11.2022 - 22.11.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում