ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԻ ՇՈՒՐՋ…
Գնդապետ Սուրեն Սուրենյանը զինվորական ուղին սկսել է Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ տասնյոթ տարեկան էր: Հայրենի հողը կամավոր տղերքի պաշտպանության կարիքն ուներ, որոնցից շատերը հետագայում դառնալու էին նոր կազմավորված հայկական բանակի առաջին սպաները: Գնդապետ Սուրեն Սուրենյանը ծնվել է Արցախի Խաչեն գյուղում:
Սուրեն Սուրենյանն ուսանել է Արցախի պետական համալսարանում՝ ռադիոտեխնիկա եւ կապ մասնագիտությամբ, ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: Ծառայել է սահմանամերձ տարբեր հատվածներում, զբաղեցրել մի շարք պաշտոններ:
Գնդապետ Սուրեն Սուրենյանը 2020 թ. հուլիս ամսից ղեկավարում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:
Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Պատերազմում զորամասի ստորաբաժանումները ներգրավված են եղել ռազմական կարևոր գործողություններում, մարտնչելով ռազմաճակատի տարբեր հատվածներում:
-Զորամասի սպաներն ընդգծված հարգանքով են խոսում հրամանատաի մասին: Գնդապետ Սուրենյանը հերոսի վառ օրինակ է, եւ նրա հետ միշտ պատրաստ են հաղթահարելու դժվարությունները: Իր կյանքի լավագույն տարիները բանակին նվիրած սպային բնորոշ գծերից են խիզախությունն ու անկոտրում կամքը,- մեզ հետ զրույցում ասաց փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը:
-44-օրյա պատերազմը փորձություն էր եւ անհավասար կռիվ, որի միջով մեր զինվորն ու սպան պատվով անցան: Ամեն բան լավ կլինի, եթե համախմբվենք եւ ուժերը կենտրոնացնենք մեկ գլխավոր նպատակի՝ Հայրենիքի անվտանգության համար,- ասում է փորձառու զինվորականը:
Զորամասի հրամանատար, գնդապետ Սուրեն Սուրենյանի աշխատասենյակի պատին ՀՀ ազգային հերոսների լուսանկարներն են: Ինքն էլ նույն ոգով ծառայել ու մարտնչել է հայոց սահմանների պաշտպանության համար: Բազմաթիվ խրախուսանքների արժանացած հրամանատարը պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով, ինչպես նաեւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Խորագիր՝ #37 (1459) 23.11.2022 - 29.11.2022, Ազգային բանակ