Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



Երկար սպասված, անկանխատեսելի, սրտի զարկերն արագացնող… Հենց այսպիսին է առաջին ժամադրությունը: Նրան սկսում ես նախապատրաստվել նշանակված օրվանից շատ շուտ: Ամենահետաքրքիրն այն է, որ հնարավոր չէ գուշակել ժամադրության ընթացքը, իսկ պլանով առաջնորդվել, որպես կանոն, չի ստացվում: Այնուամենայնիվ, կան սկզբունքներ, որոնց ցանկալի է հետևել:

Ժամադրությանը նախապատրաստվելիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին: Պարտադիր չէ հատուկ այդ առիթով նոր կոստյում գնել, պարզապես նախօրոք ընտրեք այն հագուստը, որի մեջ ձեզ հարմար կզգաք: Կարևոր է նաև, որ հագուստը համապատասխանի այն միջավայրին, որտեղ պատրաստվում եք անցկացնել ձեր հանդիպումը («Ադիդաս» ֆիրմայի մարզաշապիկով և կոշիկներով օպերա չեն գնում):

Առաջին հանդիպման ժամանակ ինչպես ձեր, այնպես էլ աղջկա գլխավոր խնդիրը դրական տպավորություն թողնելն է: Եթե աղջիկներն այդ հարցում սովորաբար գերագնահատում են զգեստի կարեւորությունը, ապա տղաները, ընդհակառակը, թերագնահատում են: Նրանք հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց տեսքին, կարող են չնկատել պոկված կոճակը կամ էլ մոռանալ մեկ անգամ եւս արդուկել վերնաշապիկը: Մինչդեռ հագուստը պետք է խնամված տեսք ունենա: Եվ իհարկե, առաջին ժամադրության գնալիս մի փունջ ծաղիկը նույնիսկ պարտադիր է:

Ահա նա ձեր կողքին է. զբոսնում եք կամ նստած եք… Ինչի՞ց սկսել զրույցը: Եթե աղջկան վաղուց եք ճանաչում, խոսեք ձեր եւ նրա հետաքրքրությունների, ձեր կյանքի հետաքրքիր դեպքերի մասին: Անկեղծորեն հետաքրքրվեք նրա կյանքով. աղջիկը կգնահատի ձեր այդ ուշադրությունը և կպատմի համարյա ամեն ինչ: Սակայն պետք չէ միանգամից հետաքրքրվել նրա անձնական կյանքի մանրամասներով և հարցնել՝ «Իսկ ընկեր ունեցե՞լ ես»:

Եթե առաջին անգամ եք նրան տեսնում և ոչ մի ընդհանուր թեմա չեք գտնում, կողմնորոշվեք ըստ իրավիճակի: Հնարավոր է, որ աղջկա արտաքին տեսքի մեջ ինչ-որ բան կհուշի նրա հետաքրքրությունների ոլորտը (ձեռքում պահած գիրքը, լուսանկարչական ապարատը, մարզիկին բնորոշ կեցվածքը և այլն): Եթե չեք կարողանում կողմնորոշվել, զրույցի համար ընտրեք «դասական» թեմաներ.

երաժշտություն (ի՞նչ է լսում, ի՞նչ է դուր գալիս/դուր չի գալիս, ինչո՞ւ),

գրականություն (ի՞նչ է սիրում/չի սիրում կարդալ, ո՞ր հերոսն է դուր գալիս/դուր չի գալիս, ինչո՞ւ, ինչպե՞ս կվարվեր այս կամ այն հերոսի դերում, այս կամ այն իրավիճակում և այլն):

Աշխատեք, որ զրույցը չնմանվի հարցաքննության, այլ լինի աշխույժ ու անկաշկանդ: Աղջիկները գնահատում են հումորի զգացումը, ուստի կատակեք, անեկդոտներ պատմեք, սակայն չափի մեջ` կատակները նույնպես կարող են ձանձրացնել: Մի մոռացեք հաճոյախոսել, սակայն կրկին չափի մեջ: Կրկնվող հաճոյախոսությունները կարող են ընկալվել նաև որպես ծաղր կամ հեգնանք:

Աղջիկները, որպես կանոն, ավելի հետաքրքրասեր են և շատախոս, քան տղաները: Ահա նրանց կողմից հաճախ տրվող մի քանի հարց և դրանց գերադասելի պատասխանները.

«Ընկերուհի ունե՞ս»: Լավագույն պատասխանը` «Ես ունեմ ծանոթ աղջիկներ, որոնց հանդեպ իմ հետաքրքրությունն ու համակրանքը փոխադարձ են»: Խուսափեք ուղղակի պատասխանից և միաժամանակ ակնարկեք, որ աղջիկները ձեզնով հետաքրքրվում են:

«Քանի՞ ընկերուհի ես ունեցել» հարցին ավելի լավ է ընդհանրապես չպատասխանել և կատակի տալ, քանի որ ինչ էլ պատասխանեք, ի վնաս Ձեզ է:

«Ինչի՞ մասին ես մտածում այս պահին» հարցի իդեալական պատասխանն է` «Քո մասին»:

«Որտե՞ղ ես աշխատում, ո՞ւմ հետ ես ապրում, և ի՞նչ ես ուզում դառնալ» հարցերին առաջին հանդիպման ժամանակ ավելի լավ է չպատասխանել: Դուք դեռ ժամանակ կունենաք այդ մասին պատմելու ձեր ընկերուհուն, եթե ձեր հարաբերությունները զարգանան:

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ

Մի՛ պարծեցեք: Կան տղաներ, որոնք սիրում են ճոխացնել ամեն ինչ, որպեսզի հորինված պատմություններով գերեն աղջկան: Մի՛ ստեք, հակառակ դեպքում ուղղակի կխճճվեք ձեր ստի մեջ եւ կկորցնեք նրա վստահությունը: Սուտը այն է, ինչն աղջիկները սովորաբար չեն ներում:

Մի՛ քննարկեք ձեր կամ նրա բարեկամներին, միմյանց նյութական վիճակը. դրանք առաջին հանդիպման թեմաներ չեն:

Մի՛ բամբասեք ուրիշ տղաների, մի՛ նսեմացրեք նրանց արժանիքները և մի՛ քննարկեք նրանց վարքը, հակառակ դեպքում կկորցնեք ձեր հեղինակությունը:

Չի բացառվում, որ ձեր առաջին ժամադրությունը դառնա վերջինը, բայց հնարավոր է նաև, որ ձեր հարաբերությունները զարգանան, և Դուք նրա մեջ գտնեք ձեր ապագա կնոջը: Ինչ էլ որ լինի, առաջին ժամադրությունը կյանքի օգտակար փորձ է:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Բանակ և հասարակություն


18/01/2012