Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ…»



«ՄԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ...»Մենք՝ հայերս, հերոսական ժողովուրդ ենք: Կարող ենք մեր երկիրը ոսոխից պաշտպանել, հարկ եղած դեպքում՝ հերոսաբար կռվել: Ուստի, ամեն մի հայ երիտասարդ պետք է անցնի զինվորական բովով, սովորի զինվորական արվեստը, պատրաստ լինի իր ժողովրդի պատիվը պաշտպանելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Լրանում է Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակը։ 1897 թ. դեկտեմբերի  2-ին Ելիզավետպոլի (Գանձակի)  գավառի Չարդախլու գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում է ծնվել Հովհաննես Բաղրամյանը։ Խոսելով մեծահամբավ մարշալի զորավարական կենսագրության մասին, պետք է նշել, որ նա անցել է կյանքի դժվարին ու լարված ուղի, ինչը նրան հայրենասեր կամավորից հասցրել է մարշալի կոչման։ Ապագա մարշալի մանկությունն ու պատանեկությունն անցել է Ելիզավետպոլի երկաթուղային կայարանի աշխատավորական միջավայրում։ 1912 թ. գերազանց առաջադիմությամբ  ավարտել է Ելիզավետպոլի երկաթուղային ուսումնարանը։ Նույն թվականին ընդունվել է Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարան, որը նույնպես գերազանցությամբ ավարտել է 1915 թ. մայիսի վերջին և որպես տեխնիկ-պրակտիկանտ աշխատանքի նշանակվել Անդրկովկասյան երկաթուղու 9-րդ գծամասում՝ Ելիզավետպոլում։ Ապագա մարշալի հայրն ու մայրը չափազանց ուրախ էին իրենց որդու հաջողություններով, մտածում էին նրան երկաթուղային ինժեներ դարձնելու մասին։

…1914 թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային  պատերազմը։ Թուրքիայի կառավարությունը, օգտվելով պատերազմի «ընձեռած» հնարավորությունից, ինչպես նաև կայզերական Գերմանիայի հովանավորությունից, իրականացնում էր նախապես ծրագրված արևմտահայության ցեղասպանությունը։ Իր հուշերում Հովհաննես  Բաղրամյանը գրում է.«Ես այլևս չէի կարող հեռու կանգնել իմ հարազատ ժողովրդի ատելի թշնամու հանդեպ պայքարից, ես արդեն 18 տարեկան էի և բավականաչափ պարզ հասկանում էի Կովկասյան ռազմաճակատում ստեղծված ռազմական գործողությունների և Թուրքիայում արյունալի իրադարձությունների էությունը…Այդ զգացումներից մղված 1915 թ. հոկտեմբերի 9-ին կամավոր ծառայության անցա ռուսական բանակում»։ Նա իր մարտական մկրտությունը ստացել է 1916 թ. հունվարին՝ Համադանի մարտում։

«ՄԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ...»1917 թ. սկզբին, մարտերում աչքի ընկնելու համար, զինվորական հրամանատարությունը Բաղրամյանին ուղարկում է սովորելու Թիֆլիսի ենթասպաների դպրոցում: Ավարտելուց հետո, որպես կրտսեր սպա, նա նշանակվում է հայկական 3-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար: Հովհաննես Բաղրամյանը 1918 թ. իր լուման է ներդնում հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող մայիսյան հերոսամարտերում:

1918 թ. մայիսի 28-ին վերականգնվեց հայկական պետականությունը։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծեց իր բանակը, որի հեծյալ գնդի շարքերում որպես էսկադրոնի հրամանատար էր ծառայում Բաղրամյանը։ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց, նույն օրն էլ հրաման ստորագրվեց Հայաստանի  Հանրապետության բանակը ՀԽՍՀ Կարմիր բանակի վերակազմավորվելու մասին։ Հովհ. Բաղրամյանը նշանակվեց Հայկական 1-ին հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար և այդ պաշտոնում 1921 թ. փետրվարի 18-22-ը մասնակցեց վրացական մենշևիկներից Լոռու ազատագրմանը և Վրաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ 1921 թ. Հովհ. Բաղրամյանը Թիֆլիսից Երևան վերադարձավ եւ ռազմժողկոմատի շտաբում նշանակվեց շտաբի պետի օգնական՝ օպերատիվ հարցերի գծով։ 1924 թ. աշնանը հայկական դիվիզիայի հրամանատարությունը նրան գործուղեց Լենինգրադ՝ Կարմիր բանակի բարձրագույն հեծելազորային դպրոցում սովորելու համար։ Այստեղ Բաղրամյանը մտերմացավ համակուրսեցիների հետ, որոնց թվում էին ապագա մարշալներ, զորահրամանատարներ։ Լենինգրադում Բաղրամյանը մնաց մինչև 1925 թ. ամռան վերջը։

1934 թ. Հովհ. Բաղրամյանը գերազանցությամբ ավարտում է Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հաշվի առնելով Բաղրամյանի առաջադիմությունը, ակադեմիայի ղեկավարությունը ցանկանում էր նրան պահել որպես դասախոս։ Սակայն ապագա մարշալը խնդրում է իրեն ծառայության նշանակել որևէ զորամասում։

Մարշալ Կ. Վորոշիլովի հրամանով Հովհ. Բաղրամյանն ընդունվում եւ սովորում է գլխավոր շտաբի ակադեմիայում։ Ակադեմիայում սովորելու և աշխատելու տարիներին էլ ի հայտ եկավ Բաղրամյանի զինվորական տաղանդը։ 1940 թ. Հովհ. Բաղրամյանը նշանակվում է Կիևի հատուկ զինվորական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետի պաշտոնում։

«ՄԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ...»…1939 թ. օգոստոսի 23-ին ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարներ Ռիբենտրոպը և Մոլոտովը կնքեցին «Փոխադարձ չհարձակման» պայմանագիրը, որը կոչվեց կնքողների ազգանուններով՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»: Սակայն 1941 թ. հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Հիտլերը նպատակ էր դրել կայծակնային պատերազմի միջոցով, մի քանի շաբաթվա ընթացքում ջախջախել Կարմիր բանակը, զավթել ԽՍՀՄ տարածքը, ոչնչացնել խորհրդային պետությունը, ստրկացնել նրա ժողովուրդներին և ստեղծել Գերմանական մեծ կայսրություն:

Մեծ հայրենականի տարիներին Հովհ. Բաղրամյանը հանգամանորեն մշակում էր յուրաքանչյուր ռազմական գործողություն, որի հիմքը համարձակ և իրատեսական մտահղացումներն էին։ Զորահրամանատար Գ. Ժուկովը պատերազմի առաջին օրերի դժվարին կացությունների մեջ բարձր էր գնահատում Բաղրամյանի անձնվեր աշխատանքը։ Հովհաննես Բաղրամյանը Հայրենական մեծ պատերազմում իր առաջին մարտական պարգևը՝ մարտական Կարմիր դրոշի շքանշանը, ստացավ Կիևի պաշտպանական գործողության ընթացքում կատարած սխրանքի համար։ Սեպտեմբերի 18-ի գիշերը Կիևը զորակայանից ռադիոգիր ստացավ՝ քաղաքը լքել թույլատրելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 19-ին Կիևի վերջին պաշտպանները թողեցին քաղաքը։ Հիմնական խնդիրը շրջափակումից դուրս գալն էր, ինչը գրեթե անհնար էր դառնում։ Շատերը հերոսաբար զոհվեցին, շատերը գերի ընկան։ Այդ ընթացքում Հովհ. Բաղրամյանը իր շուրջը համախմբեց ռազմաճակատի շտաբի ողջ մնացած աշխատողներին, պահակային ջոկատներին, սպաների, զինվորների, ստեղծեց 1000 հոգանոց մի զորաջոկատ և հմտորեն այն դուրս բերեց ծուղակից։

Սմոլենսկի և Կիևի մոտ դժվարին հաղթանակներ տանելուց հետո գերմանաֆաշիստական զորքերը վերսկսեցին իրենց հարձակողական գործողությունները։ Սեպտեմբերի 30-ից սկսվեցին Մոսկվայի համար մղվող մարտերը։ Հիտլերը  նպատակ էր դրել մինչև նոյեմբերի 7-ը գրավել ԽՍՀՄ մայրաքաղաքը և այդ օրը զորահանդես կազմակերպել Կարմիր հրապարակում։ Մոսկվայի մատույցներում տեղի ունեցավ նաեւ Ելեցյան գործողությունը, որի պլանի մշակման և իրականացման գործին ակտիվ մասնակցություն ունեցավ գեներալ-մայոր Բաղրամյանը։ Մարշալը հետագայում գրել է. «Մոսկվայի տակ տարած հաղթանակը  Հայրենական մեծ պատերազմի  առաջին տարվա ռազմաքաղաքական վճռական իրադարձությունն էր։ Վերջնականապես տապալվեց կայծակնային պատերազմի հիտլերյան պլանը, պսակազերծվեց հիտլերյան բանակի անհաղթելիության մասին եղած առասպելը։ Աշխարհի ժողովուրդներն առաջին անգամ հավատացին ագրեսորին սանձելու հնարավորությանը»։ Հայրենիքը բարձր գնահատեց Հովհ. Բաղրամյանի զգալի ավանդը Ելեցյան գործողության մշակման և այն փայլուն իրականացնելու մեջ, եւ 1941 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ Բաղրամյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Այդ պաշտոնում Բաղրամյանը 1942 թ. հունվարի 18-31-ը մասնակցեց Բարվենկովո-Լոզովայա գործողությանը, որն իրագործվեց 1942 թ. ձմռանն ընդհանուր ռազմավարական հարձակման ընթացքում: Այն խորհրդային զորահրամանատարության իրականացրած ամենահաջողված գործողություններից էր։ Դրա մշակմանն ու իրականացմանը եւս իր արժանի ավանդն ուներ հարավարևմտյան ուղղության շտաբի օպերատիվ վարչության  պետ, գեներալ-լեյտենանտ Հովհ. Բաղրամյանը։ Հայտնի է, որ նախնական պլանի համաձայն՝ այդ գործողությունը պետք է սկսվեր 1942 թ. հունվարի 12-ին: Սակայն Բաղրամյանը, մանրակրկիտ ուսումնասիրելով հակառակորդի վերաբերյալ տվյալները և հարձակման հետ կապված մնացած հարցերը, գալիս է այն եզրակացության, որ գործողության սկսվելու օրը պետք է հետաձգել։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաղրամյանը չէր սխալվել։

«ՄԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ...»1942 թ. Հովհ. Բաղրամյանը նշանակվեց Արևմտյան ռազմաճակատի 16-րդ բանակի զորահրամանատար։ Այստեղ առավել դրսևորվեց նրա զորավարական տաղանդը։ 1942 թ. սեպտեմբեր-1943 թ. փետրվար ընկած ժամանակաընթացքում գեներալ-լեյտենանտ Բաղրամյանի 16-րդ բանակը ամուր պաշտպանություն էր գրավել նախկին դիրքերում և նախապատրաստվում էր հարձակողական նոր գործողությունների։ 1943 թ. փետրվարի 9-ին Բաղրամյանը ռազմաճակատի հրամանատարից առաջադրանք ստացավ Ժիզդրայի ուղղությամբ հարձակողական գործողություն իրականացնելու։ Հովհ. Բաղրամյանի գլխավորած զորքին հաջողվեց ճեղքել հակառակորդի զորեղ պաշտպանությունը։ Փետրվարի 27-ին թշնամու խմբավորման համար տագնապալի իրավիճակ ստեղծվեց, քանի որ հնգօրյա կատաղի մարտերի ընթացքում Բաղրամյանի բանակի միավորումները նրան հասցրել էին կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ կորուստներ, գրավել մարտավարական կարևոր բարձունքներ։ Չնայած ձմեռային դժվարին պայմաններում անցկացված գործողությունը չպսակվեց Ժիզդրայի ազատագրումով, այնուամենայնիվ, 16-րդ բանակի հաջող գործողությունները նպաստեցին Ռժև-Վյազմայի հենակետից ֆաշիստական զորքերի լիովին դուրսբերմանը։ Հակառակորդը նահանջեց, որի հետևանքով Մոսկվայի վրա թշնամու հարձակման նոր վտանգը իսպառ չքացավ։ 16-րդ բանակի մարտիկների անձնազոհությունը բարձր գնահատվեց։ 1943 թ. ապրիլի 16-ին Ի. Ստալինի հրամանով 16-րդ բանակը վերակազմավորվում է 11-րդ գվարդիական բանակի։ Բարձր գնահատվեց նաև բանակի հրամանատարի ծառայությունը, և 1943 թ. ապրիլի 9-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հովհ. Բաղրամյանը պարգևատրվեց «Կուտուզովի 1-ին աստիճանի» զորավարական շքանշանով։

Հայրենական մեծ պատերազմի ամենախոշոր և վճռական նշանակություն ունեցող Կուրսկի ճակատամարտը սկսվեց հուլիսի 5-ին և ավարտվեց օգոստոսի 23-ին։ Պատմական այդ ճակատամարտին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև գեներալ-լեյտենանտ Հովհ. Բաղրամյանի 11-րդ գվարդիական բանակը, որը գործելով օրյոլյան ուղղությամբ, վճռական դեր խաղաց հաղթանակի գործում։ Գեներալ-լեյտենանտ Հովհ. Բաղրամյանը ոչ միայն ակտիվորեն մասնակցել էր այդ հաղթական գործողության պլանի մշակման աշխատանքներին, այլև գերագույն գլխավոր հրամանատարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, երբ քննարկվում էր գործողության վերջնական տարբերակը, համարձակորեն հանդես էր եկել արդեն կազմած պլանին դեմ։ Ի. Ստալինը հավանություն էր տվել Հովհ. Բաղրամյանի առաջարկած փոփոխությանը։ Հետագայում անդրադառնալով Կուրսկի ճակատամարտում տարած հաղթանակում Բաղրամյանի ավանդին՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Պ.Ա. Ռոստմիստրովը նշել է. «Եթե 1942 թ. առաջին օգոստոսյան մարտերում Բաղրամյանն իրեն դրսևորեց որպես ընդունակ բանակի հրամանատար, ապա 1943 թ. ամառային հարձակողական մարտերից հետո նա մտավ խորհրդային լավագույն զորահրամանատարների թվի մեջ»։ 1943 թ. օգոստոսի 23-ին Հովհ. Բաղրամյանին շնորհվեց գեներալ-գնդապետի կոչում, իսկ նոյեմբերին՝ բանակի գեներալի։ Նույն օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով՝ գվարդիայի գեներալ-գնդապետ Հովհ. Բաղրամյանը պարգևատրվեց «Սուվորովի 1-ին աստիճանի»՝ այդ ժամանակվա բարձրագույն զորավարական շքանշանով։

«ՄԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ...»1943 թ. նոյեմբերի 17-ին Հովհաննես Բաղրամյանը նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հրամանատար, որի առաջին  խնդիրը եղավ Գորոդոկյան գործողության պլանավորումը, ինչի հաջող անցկացումը կնպաստեր Նևելի շրջանում գտնվող խորհրդային զորքերի շրջապատման վտանգի վերացմանը։ Գորոդոկյան գործողության ընթացքում ձեռք բերված հաջողությունը որոշակի դեր խաղաց զորակայանի կողմից  Բելառուսական  ռազմավարական հարձակումը նախապատրաստելու գործում եւ հուսալի նախադրյալներ ստեղծեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի համար հետագայում Վիտեբսկի, Պոլոցկի և Մերձբալթիկայի ուղղությամբ հակառակորդին կործանիչ հարվածներ հասցնելիս։ Զորավարի տաղանդը, նրա ռազմական իմացության մասշտաբայնությունը և բազմակողմանիությունը, օպերատիվ արվեստը մեծ չափով դրսևորվեցին 1944 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 29-ը անցկացված Բելառուսական գործողության ժամանակ, որը հայտնի է նաև «Բագրատիոն» անունով։ 1944 թ. հուլիսի 29-ին այդ գործողության ժամանակ ռազմաճակատի զորքերի ունեցած ակնառու հաջողությունների և անձնական արիության համար Հովհ. Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Ռազմարվեստի պատմության մեջ ոսկե տառերով է գրվել  մտահղացմամբ հազվադեպ և իրականացմամբ փայլուն 1944 թ. մարտի զորաշարժը, որի շնորհիվ ռազմաճակատի գլխավոր ուժերը Ռիգայի մոտից հարվածեցին  Կլայպեդա քաղաք-նավահանգստում բույն դրած գերմանական զորքերին՝ զրկելով նրանց Արևելյան Պրուսիայից համալրվելուց։ Բաղրամյանի ղեկավարությամբ այս զորաշարժը ռազմական ակադեմիաներում ուսումնասիրվում է որպես օրինակ, թե ինչպես են ռազմաճակատի զորքերը մի ուղղությունից հաջողությամբ մի այլ ուղղություն տեղափոխվում՝ հաղթանակ ապահովելով։

Որոշ ժամանակ անց բանակի գեներալ Հովհ. Բաղրամյանը ռազմաճակատի շտաբի կազմով տեղափոխվեց Արևելյան Պրուսիա։ 1945 թ. փետրվարի 22-ին զորակայանը վերացրեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատը և նրա բանակների մի մասի հիման վրա ստեղծեց Զեմլանդական օպերատիվ խմբավորումը, որի հրամանատար նշանակվեց բանակի գեներալ Բաղրամյանը։ Մարշալ Վասիլևսկին մարտի 7-ին Բաղրամյանի զորախմբի առջև խնդիր դրեց՝ ջախջախել թշնամու արևելապրուսական խմբավորումը և գրավել պրուսական յունկերների միջնաբերդ, խոշոր ամրոց-քաղաք Քյոնիքսբերգը՝ Կալինինգրադը: Գործողության նախապատրաստական աշխատանքների ողջ ծանրությունն ընկավ Բաղրամյանի ուսերին։  1945 թ. ապրիլի 6-ի վաղ առավոտյան, Հովհաննես Բաղրամյանի  պլանի համաձայն, զորքերը սկսեցին Քյոնիքսբերգի գրոհը։ Ապրիլի 9-ին Քյոնիքսբերգի կայազորը գեներալ Լաշի գլխավորությամբ անձնատուր եղավ։ Քյոնիքսբերգի գրավման ժամանակ ռազմավարական խոշոր զորախմբավորման գործողությունները հմտորեն և արիաբար ղեկավարելու համար բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը 1945 թ. ապրիլի 20-ի հրամանագրով երկրորդ անգամ պարգևատրվեց «Սուվորովի 1-ին աստիճանի» շքանշանով։

Քյոնիքսբերգի և Պիլլաուի անկումից հետո 1945 թ. ապրիլին Բաղրամյանը նշանակվեց Բելառուսական 3-րդ ռազմաճակատի հրամանատար։ Նրա ղեկավարությամբ Զելանդի թերակղզում ոչնչացվեց հիտլերյան վերջին զորախումբը, իսկ Հաղթանակի օրը, հակառակորդի ավելի քան 30-հազարանոց զորախումբը, երեք գեներալների գլխավորությամբ, անձնատուր եղավ։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ՝ ուղիղ 1418 օր, ակտիվ մասնակցություն է ունեցել փառապանծ զորահրամանատարը՝ իր արժանի ավանդը ներդնելով  ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի գործում։ Հետպատերազմյան տարիներին բանակի գեներալ Բաղրամյանը շարունակում է զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում՝ վարելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1955 թ. մարտի 11-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ, Խորհրդային Միության հերոս, հայ ժողովրդի ականավոր զավակ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում։

Ծննդյան 80-ամյակի առթիվ Հովհաննես Բաղրամյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1977 թ. դեկտեմբերի 1-ի հրամանագրով արժանանում է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման։

Հայազգի մեծ զորավարը անցավ զինվորական ծառայության բոլոր աստիճաններով՝ հասնելով մարշալի բարձր կոչմանը։ Նաեւ նրա անձնական արիության ու մեծ տաղանդի շնորհիվ Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց փառահեղ հաղթանակով։

…1964 թ. աշնանը Սևան կատարած այցի ժամանակ հայազգի լեգենդար զորավարին ուղեկցում են Լճաշենի հնավայր։ Այստեղ մարշալը նվեր է ստանում երեքհազարամյա պատմություն ունեցող բրոնզե դաշույն, որը բարձրացնելով գլխից վերև, անսահման հուզված արտասանում է. «Հայերը պետք է գոյատևեն սրանով…»:

Պատրաստեց ԶԱՐՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Ճակատագրեր


01/12/2022