Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… …ՆԱՊՈԼԵՈՆԸ



Պատմությունը կերտում են ժողովուրդները. սա, ինչ խոսք, հանրահայտ ճշմարտություն է: Եվ այդուհանդերձ, ժողովուրդները իրենց պատմությունը կերտում են անհատների, բացառիկ անհատների առաջնորդությամբ: Անկասկած, նման բացառիկ, մեծագույն անհատներից էր Նապոլեոն Բոնապարտը, իր ժամանակի հանճարեղ ռազմական և քաղաքական գործիչը, որ դարակազմիկ դեր ունեցավ եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ:

Հանրահայտ է Նապոլեոնի ռազմական անուրանալի տաղանդը, որի շնորհիվ նա բազում փառահեղ հաղթանակներ է տարել իր հակառակորդների նկատմամբ: Սակայն ականավոր զորավարը նաև հմուտ քաղաքական գործիչ էր, օժտված սուր մտքով և քաղաքական բացառիկ հոտառությամբ, որը նրան հնարավորություն էր տալիս մանրակրկիտ վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը, լավագույնս օգտվել իր բանակի ռազմական հաջողություններից:

Հատկանշական է, որ Բոնապարտը օժտված էր ստեղծագործ էությամբ, գեղագիտական նուրբ ճաշակով: Նա գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, արձակ և դրամատիկ գործեր: Իսկ նրա բանավոր խոսքը առավելագույնս հակիրճ էր ու պարզ, բայց և, միաժամանակ, ամփոփ ու խորիմաստ: Այդ են վկայում նրա հրապարակային կոչերը և, հատկապես, ասույթները, որ վերաբերում են նրա գործունեության ողջ ժամանակաշրջանին: Ժամանակի ընթացքում այդ դիպուկ և տեղին օգտագործված արտահայտությունները դուրս են եկել իրենց համատեքստից` բովանդակային առումով ձեռք բերելով շատ ավելի համընդգրկուն բնույթ:

Բոնապարտի՝ ստորև ներկայացվող կոչը վերաբերում է ֆրանսիական բանակի Առաջին իտալական արշավանքին (1796-1797): 1796թ. ձմռանը Նապոլեոնը նշանակվեց Հանրապետական Ֆրանսիայի «Իտալական» բանակի հրամանատար: Հաղթահարելով Ապենինյան դժվարանցանելի լեռները, Նապոլեոնի զորքերը կարճ ժամանակում գլխովին ջախջախեցին Ավստրիայի կայսերական բանակը` Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան ազատագրելով տևական բռնատիրությունից: Ֆրանսիական բանակի թե՛ զինվորները և թե՛ հրամկազմը, այդ թվում և ինքը` գլխավոր հրամանատար Նապոլեոնը, հավատավոր հանրապետականներ էին, խորապես համոզված, որ իրենց մղած պատերազմը արդարացի է. մարտնչելով օտար հողում՝ նրանք, մի կողմից, պաշտպանում են իրենց հայրենիքը, իսկ մյուս կողմից` օտարի լծից ազատագրում հարևան ժողովրդին: Պատահական չէ, որ ֆրանսիական բանակի բարոյահոգեբանական պատրաստությունը և մարտական ոգին անհամեմատ բարձր էին հակառակորդի զորաբանակից: Ավելին` տեղի բնակչությունը ֆրանսիացի զինվորներին ընդունում էր իբրև ազատարարների և ամեն կերպ աջակցում էր նրանց հաղթական առաջխաղացմանը: Նապոլեոնի կոչը, որ ուղղված է իր հաղթական բանակին, տոգորված է ջերմ սիրով ու հպարտությամբ, ոգեշնչում և նոր սխրանքների է մղում իր զինվորներին։

ԿՈՉ` ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ

«Ռազմիկներ, դուք ցած խոյացաք Ապենինների բարձունքից ինչպես լեռնային հեղեղ: Դուք տապալեցիք և ցրիվ տվեցիք այն ամենը, ինչ դիմակայում էր ձեր շարժմանը: Ավստրիական բռնատիրությունից ազատագրված Պյեմոնտը համակված է Ֆրանսիայի հետ խաղաղության և բարեկամության անբռնազբոս զգացումով: Միլանը ձերն է, հանրապետական դրոշը փողփողում է ողջ Լոմբարդիայի վրա: Պարմայի և Մոդենայի հերցոգներն իրենց գոյությամբ պարտական են միմիայն ձեր վեհանձնությանը: Ձեզ դիմակայող սնափառ բանակը որևէ պատսպարան չի գտնում, որ խույս տա ձեր արիությունից: Պոն, Տիչինոն, Ադդան անկարող եղան գեթ մեկ օր կասեցնելու ձեր առաջխաղացումը: Իտալիայի այդ փառաբանված պատվարները բավականաչափ ամուր և անառիկ չէին. դուք հաղթահարեցիք դրանք նույնքան արագ, որքան Ապենինները:

Դուք մարտերում հաղթանակեցիք առանց հրանոթների, գետերը հաղթահարեցիք առանց կամուրջների, սրընթաց ռազմերթեր կատարեցիք առանց ճտքակոշիկների, դատարկ տափաշշերով և հաճախ առանց հացի: Միայն հանրապետականների փաղանգները, ազատության մարտիկներն են ունակ տոկալու այն ամենին, ինչին դուք դիմացաք:

Ձեր հաջողությունները ցնծությամբ են տոգորել մեր ողջ հայրենիքը: Ի պատիվ ձեր հաղթանակների` տոն է հայտարարված, որը նշվում է հանրապետության բոլոր համայնքներում: Ձեր հայրերը, ձեր մայրերը, ձեր կանայք, ձեր քույրերը, ձեր սիրեցյալները խանդավառված են ձեր հաջողություններով և հպարտ են, որ ձեր հարազատներն են:

Անկասկած, դուք բազմաթիվ հիշարժան գործեր եք կատարել: Բայց մի՞թե այլևս ոչինչ չկա անելու: Արդյոք մեր մասին չե՞ն ասի, թե մենք կարողացանք հաղթել, բայց և անկարող եղանք օգտվելու մեր հաղթանակից:

Սակայն ես արդեն տեսնում եմ, թե դուք ինչպես եք զենքի դիմում: Երկչոտներին վայել հանգիստը ճնշում է ձեզ: Փառքի համար կորսված օրերը կորած են նաև ձեր երջանկության համար: Ուստի առաջ, մեզ դեռևս սպասում են տևական ռազմերթեր, թշնամիներ, որոնց պետք է հաղթել, դափնիներ, որոնցով պետք է պսակենք մեզ, վիրավորանքներ, որոնց համար հարկ է վրեժ լուծել: Թող սահմռկեն նրանք, ովքեր քաղաքացիական պատերազմ են հրահրել Ֆրանսիայում, ովքեր ստորաբար սպանեցին մեր դեսպանորդներին և հրկիզեցին մեր նավերը Տուլոնում. վրիժառության ժամը վրա է հասել:

Մինչդեռ ժողովուրդները տագնապելու հարկ չունեն: Մենք բոլոր ժողովուրդների, բոլոր այն մեծագույն անհատների բարեկամներն ենք, որոնց մենք օրինակելի ենք համարում: Վերականգնել Կապիտոլիումը, այնտեղ պատվով կանգնեցնել այն նշանավոր դարձրած հերոսների արձանները, արթնացնել իտալացի ժողովրդին, որ քնած է դարավոր ստրկության քնով. սրանք են լինելու մեր հաղթանակների պտուղները, որոնք պատմության մեջ դարակազմիկ դեր կունենան:

Դուք անմահ փառքի կարժանանաք այն բանի համար, որ վերափոխեցիք Եվրոպայի ամենահիասքանչ հատվածի դիմագիծը: Ազատ և համայն աշխարհի կողմից մեծարվող ֆրանսիական ժողովուրդը Եվրոպային կշնորհի երանելի խաղաղություն` դրանով փոխհատուցելով իր այն զոհերը, որ տվել է վեց տարվա մարտերի ընթացքում: Այդժամ դուք կվերադառնաք ձեր օջախները, և ձեր համերկրացիները, մատնացույց անելով ձեզ, կասեն. «Նա եղել է Իտալական բանակում»:

«ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ, ԵՐԲ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՌՆՈՒՄ ԷՐ»:

Ասույթը վերաբերում է Նապոլեոնի ծննդավայրին` Կորսիկային, որը 1768թ.՝ Նապոլեոնի ծնունդից մեկ տարի առաջ միակցվել էր Ֆրանսիային:

♦♦♦

«Հանճարեղ մարդիկ ասուպներ են, որ այրվում են, որպեսզի լուսավորեն իրենց դարաշրջանը»:

Ասույթը վերցված է 1791թ. Լիոնի ակադեմիային ներկայացված «Երջանկության համար մարդկանց ինչպիսի ճշմարտություններ և զգացմունքներ են անհրաժեշտ» տրակտատից:

♦♦♦

«Մարտերի ընթացքում արագ են ծերանում»:

Ասույթը Նապոլեոնը օգտագործել է 1795թ. ամռանը` ի պատասխան հասարակական անվտանգության կոմիտեի անդամ Ֆրանսուա Օբրիի դիտողության. «Դուք չափազանց երիտասարդ եք, որ ղեկավարեք հրետանին»:

♦♦♦

«Գեներալ, Դուք ինձանից մեկ գլխով բարձրահասակ եք, բայց, եթե շարունակեք կոպտել ինձ, ես անմիջապես կվերացնեմ այդ տարբերությունը»:

Այսպես է սաստում Նապոլեոնը գեներալ Պիեռ Ֆրանսուա Օժերոյին, որն անհարկի դիտողություններ էր անում իրեն Իտալական արշավանքի սկզբում` 1796թ.:

♦♦♦

«Եթե վաղը մեզ գահընկեց անեն, նույն այս մարդիկ կծափահարեն, երբ ինձ տանեն կառափնարան»:

Այսպես է արտահայտվել Նապոլեոնը այն փարիզցիների մասին, ովքեր խանդավառությամբ դիմավորեցին նրան 1797թ. դեկտեմբերին` Իտալական արշավանքից հաղթական վերադառնալիս:

♦♦♦

«Ես ոչ թե Լյուդովիկոս 16-րդի, այլ՝ Կառլոս Մեծի ժառանգորդն եմ»:

Իր թագադրման օրը` 1804թ. դեկտեմբերի 2-ին, Նապոլեոնը այսպես է «ճշգրտել» իր հնամյա սերումը Հռոմի Պիոս 7-րդ պապի համար:

♦♦♦

«Զինվորներ, ես գոհ եմ ձեզանից: Դուք արդարացրիք իմ հույսերը»:

Այսպես է արտահայտել իր գոհունակությունը Նապոլեոնը 1805թ. դեկտեմբերի 3-ին` Աուստեռլիցի նշանավոր ճակատամարտից հետո: Նույնը նա կրկնել է 1813թ. մայիսի 3-ին` Լյուցենայի ճակատամարտից հետո:

♦♦♦

«Պատերազմում հաջողությունը երեք քառորդով կախված է բարոյական գործոնից և սոսկ մեկ քառորդով` ուժերի հարաբերակցությունից»:

Այսպես է արտահայտվել Նապոլեոնը 1802թ. Իսպանիայում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

♦♦♦

«Ինձ պետք են միասնական եվրոպական կոդեքս, եվրոպական վճռաբեկ դատարան, միասնական դրամ, չափման և կշռի համակարգ, միասնական օրենքներ: Բոլոր ժողովուրդներից ես պետք է մեկ ժողովուրդ ստեղծեմ և Փարիզը դարձնեմ աշխարհի մայրաքաղաքը»:

Այս արտահայտությունն ասվել է Ժոզեֆ Ֆուշեին 1811թ.:

♦♦♦

«Գահն ընդամենը փայտի կտոր է` մահուդով ծածկված. ամեն բան կախված է նրանից, թե ով է նրա վրա նստած: Ֆրանսիան իմ կարիքն ավելի է զգում, քան ես` իր կարիքը»:

Սա Նապոլեոնը ասել է 1813թ.` ի պատասխան օրենսդրական կորպուսի ներկայացուցիչների, ովքեր քվեարկել էին հօգուտ կոալիցիայի հետ հաշտության:

♦♦♦

«Պետական այրի սիրտը պետք է զետեղված լինի նրա գլխում»:

Ասույթը պահպանվել է Է. Լաս Կազեսի 1816թ. գրառումներում:

♦♦♦

«Իմ բոլոր ճակատամարտերից ամենասոսկալին այն էր, որ ես տվեցի Մոսկվայի մոտ: Այնտեղ ֆրանսիացիները ցույց տվեցին, որ արժանի են հաղթանակի, իսկ ռուսները անպարտելիի փառք վաստակեցին»:

Այս խոսքերը, ըստ գեներալ Ժ. Ժ. Պելեի, Նապոլեոնը ասել է Սուրբ Հեղինե կղզում:

♦♦♦

«Պատերազմը պարզ արվեստ է. ես հիսուն ճակատամարտ եմ տվել և, իրոք, ոչ մի այնպիսի բան չեմ հայտնագործել, որ չգիտեի արդեն առաջին ճակատամարտից հետո»:

Ասույթը վերագրվում է 1816թ.:

♦♦♦

«Իմ իրական փառքը չի բխում նրանից, որ ես հաղթել եմ քառասուն ճակատամարտերում. Վաթեռլոոն կջնջի այդ բոլոր հաղթանակների հիշողությունը: Բայց այն, ինչ հավերժ կապրի, իմ Քաղաքացիական կոդեքսն է»:

Ասվել է Սուրբ Հեղինե կղզում, 1818թ.:

Պատրաստեց ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


18/01/2012