Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ. ԽՐԱՏ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



I. Արդ , ինչպես ասում է առաքյալը. «Ամենայն խոնարհությամբ միմյանց պետք է ավելի լավ համարել, քան ինքներդ ձեզ» [Փլպ. Բ 3]։ «Ամենայն» ասելով՝ հայտնում է, որ խոնարհության մասերը շատ են. կան ոմանք, որ խոնարհությունից քիչ մաս ունեն, ոմանք՝ շատ, եւ մյուսները՝ ամբողջը։

II. Արդ, նախ եւ առաջ՝ խոնարհություն է՝ որ մարդ ինքն իրեն անարժան է համարում բոլոր մարդկանցից, ինչպես մաքսավորը, որ չէր կամենում աչքերը երկինք բարձրացնել, որի համար Տիրոջից դրվատվեց։ Խոնարհություն է եւ հնազանդությունը, որ [մարդ] ինքն իրեն ծառայի կարգին է դասում եւ ծառայում ընկերոջը, ինչպես ասում է առաքյալը. «Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք» [Եփես. Ե21]։ Խոնարհություն է սուգն ու արտասուքը, որ մարդ ինքն իրեն վարձկան չի համարում, թեպետ առաքինություն է գործում, որի մասին Տերն ասում է. «Երբ կատարեք առաքինության բոլոր գործերը, ասացե՛ք, թե՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք» [Ղուկ. ԺԷ 10]։

Խոնարհություն է՝ որ մարդ համբերում է եղբորը բարկության ժամին եւ իրեն է հանցավոր համարում, քանզի զայրանալը եւ ընդդիմանալը հպարտություն է, ինչպես ասում է Սողոմոնը. «Ամբարտավան մարդը նախատինքների չի համբերում» [Հմմտ. Առակ. ԺԴ7]։ Խոնարհություն է լռությունը՝ որ մարդ իրեն արժանի չի համարում առաջ գալ եւ բազմության առջեւ խոսել, ինչպես ասում է Տերը. «Ով իր անձից է խոսում, իր անձի փառքն է որոնում» [Յովհ. Է 18]։ Խոնարհություն է՝ երբ մեծարում են ընկերոջդ եւ քեզ անտեսում, դու չես տրտմում, այլ այսպես ես ասում, թե «Սրան էլ արժանի չեմ, ինչ ունեմ», ինչպես ասում է Սողոմոնը. «Մեծամեծներին մի՛ ձգտիր, այլ չափի մե՛ջ պահիր քո անձը եւ Տիրոջ առջեւ շնորհներ կգտնես» [Տե՛ս Առակ. ԺԶ3]։ Խոնարհություն է՝ որ ընկերոջը ծառա չի պահում, այլ ինքն է նրան ծառայում, ինչպես ասում է Տերը. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» [Մատթ. Ի 28, Մարկ. Ժ45]։ Խոնարհություն է՝ երբ տեսնում ես որեւէ մեկի հանցանքը եւ չես բամբասում եւ ոչ էլ դատում նրան, այլ այսպես ասում, թե՝ «Ես հանցավոր եմ, ուրիշ մեկին չեմ կարող դատել, որի մասին Տերն ասում է. «Մ՛ի դատեք, որպեսզի չդատվեք» [Մատթ. Է 1]։ Խոնարհություն է եւ եղբորը սիրելը, քանզի սիրո պատվիրանները հետեւյալն են՝ խոնարհ լինել ընկերոջ առջեւ, հիվանդության դեպքում ցավակից լինել, տրտմության ժամանակ մխիթարել, սեփական անձը ծառայության տալ։

Իսկ հպարտն այսպես չի անում եւ արժանի չի համարում եղբոր առջեւ խոնարհվելու, այլ իրեն բոլորից վեր է համարում։ Այս մասին գրված է, թե՝ «Խոնարհությունը որպես աղ համեմիչ է ողջ առաքինության, եւ ուր սեր եւ խոնարհություն չկա, առաքինությունը նեխած է եւ անարգ»։ Խոնարհություն է՝ որ ինչ առաքինություն էլ գործում ես մեղանչածներիդ մասին եւ խոնարհեցնում միտքդ, ինչպես առաքյալն էր իրեն հանցավոր համարում եւ ասում. «Հայհոյիչ էի եւ հալածիչ, եւ ողորմություն գտա» [Ա Տիմ. Ա 13] եւ դարձյալ, թե՝ «Մոռացել եմ հետեւում մնացած առաքինությունները եւ ձգտում եմ դեպի առջեւումս եղածները» [Փլպ. Գ 13]։ Խոնարհություն է՝ երբ մարդիկ քեզ փառաբանում են եւ պարգեւներ տալիս, սակայն դու քո անձի արժանիքներին չես վերագրում, այլ Աստծուն ես փառաբանում, Աստծուց գոհանում եւ ասում, թե՝ այն Քո ողորմությունից է եւ ոչ ըստ իմ արժանիքների, ինչպես ասում է Սողոմոնը. «Որչափ մեծության էլ հասնես, քեզ խոնարհ պահիր եւ շնորհ եւ ողորմություն կգտնես Աստծու առջեւ» [Առակ. ԺԶ 3]։ Խոնարհություն է՝ երբ վշտի ես հանդիպում, եւ նեղություն է քեզ վրա հասնում, դու չես տրտմում, այլ գոհանում Աստծուց. «Ըստ իմ մեղքերի ես ոչ միայն այսչափ, այլեւ բազում պատիժների եմ արժանի, եւ օրհնյալ է Աստված, որ այս անցավոր կյանքում եւ մահկանացու մարմնի մեջ ինձ վշտի արժանացրեց», ինչպես ասում է առաքյալը՝ «Հոժար եմ նեղությունների, վշտերի, չարչարանքների, որովհետեւ երբ տկարանում եմ, այդժամ զորանում եմ» [Բ Կոր. ԺԲ 13]։ Խոնարհություն է անշուք հանդերձը, որ մարդ թանկարժեքն ու փառավորը չի հագնում, որովհետեւ մարդիկ փառքը հանդերձից են որսում. այս մասին գրված է. «Մի՛ ցոփացեք մեղկ եւ ամբողջովին պճնված զգեստներով, որոնց գեղեցկությունն ապաշնորհ է» [Գրիգոր Աստվածաբան]։ Խոնարհություն է՝ երբ օրը խաղաղությամբ է անցնում, հասնում ես երեկոյին եւ գոհանում Աստծուց, թե՝ «Մարդկանցից եւ սուրբերից շատերն իսկ անհանգիստ եւ կարոտ են, իսկ ինձ, որ անարժան եմ, հաց եւ կերակուր տվեցիր եւ օրս խաղաղությամբ անցկացրեցիր, այդ Քո ողորմությունից է եւ ոչ ըստ իմ արժանիքների», որի մասին մարգարեն ասում էր. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, եւ իմ ազգականի տունն ի՞նչ է, որ այդչափ սիրեցիր ինձ» [Բ Թագ. Է 18]։ Խոնարհություն է՝ երբ կամենում ես առաքինություններ գործել, սկսելու եւ ավարտելու համար քեզ բավարար չեմ համարում, այլ Աստծուց ես առաքինություն եւ օգնականություն խնդրում, թե՝ «Օգնի՛ր իմ տկարությանը, որ կարողանամ կատարել քո կամքը», ինչպես եւ Տերն է ասում. «Ով հաստատված է Իմ մեջ, եւ Ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» [Հովհ. ԺԵ 5]։ Խոնարհություն է՝ երբ սիրտդ զայրանում է, դու արգելում ես ցասումը եւ քեզ արժանի չես համարում ընդդիմանալ եղբորը, ինչպես ասում է Սողոմոնը. «Խոնարհամիտը միայն ողոքիչ խոսքերով է աղաչում, իսկ հպարտը հանդուգն պատասխան է տալիս» [Առակ. ԺԸ 23]։ Խոնարհություն է՝ երբ սիրում ես ոչ միայն նրանց, որ փառավորված են մարդկանցից, այլ խոնարհվում ես աղքատների առջեւ եւ մխիթարում պանդուխտներին, ինչպես Տերն էր անում։

Պիղատոսը խոսում էր, եւ Նա պատասխան չէր տալիս, իսկ ավազակի հետ գթառատությամբ խոսում եւ պարգեւներ էր տալիս. երբ կույրերը աղաղակում էին, կանգ առավ եւ դիպչելով նրանց աչքերին՝ բացեց։ Խոնարհություն է՝ որ միշտ քո կամքով չես գործում, այլ վարդապետներից եւ առաջնորդներից խրատ ես վերցնում, ինչպես Մովսեսը, որ չանտեսեց Յոթորի խրատները, այլ ընդունեց եւ բոլորը կատարեց։ Խոնարհություն է՝ որ մարդ բոլոր դրժելի իրերից զարհուրում, զգուշանում եւ չի հպարտանում՝ ասելով. «Ո՞վ ինձ կհաղթի», որի մասին Սողոմոնն ասում է. «Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ հպարտն, ինքն իրեն ապավինելով, որոգայթի մեջ է ընկնում» [Հմմտ. Առակ. ԺԷ 10]։ Խոնարհություն է՝ երբ առաքինություն ես կատարում, չես խորհում, թե՝ «Իմ անձով եւ զորությամբ կատարեցի, այլ Աստծու օգնականությամբ», ինչպես ասում է առաքյալը. «Ո՛չ ես, այլ Աստծու շնորհը, որ իմ մեջ է [Հմմտ. Ա Կոր. ԺԵ 10]։ Խոնարհություն է՝ որ առաջ չես ձգտում եւ ունեցածիցդ ավելի բարձր աստիճան չես վերցնում, այլ առաջնորդների կողմից կանչվելով ես ընդունում, ինչպես ասում է առաքյալը. «Ոչ թե նա է ընտրյալ, ով ինքն իրեն է գովում, այլ ում Աստված է գովում» [Բ Կոր. Ժ 18]։

(շարունակելի)

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Հոգևոր-մշակութային


18/01/2012