Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Թուրքիայում սկսվել է գազային հանգույցի կառուցումը՝ ռուսական գազը գոյություն ունեցող խողովակաշարերով եվրոպական երկրներ հասցնելու համար։

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանից մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանում նավթի գնի վերին շեմ սահմանելու մասին որոշումը։ Որոշմանը միացել են նաև «Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան: Ռուսաստանում հրաժարվել են ընդունել էներգետիկ սահմանափակումը՝ որպես շուկայական սկզբունքներին հակասող և հայտնել հակազդող միջոցառումների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման կրճատման պատրաստակամության մասին:

Ռուսաստանի Դաշնությունը հյուսիսում իր ուժերը կավելացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելուց հետո։ ՆԱՏՕ-ի հետ երկրի սահմանը կավելանա ավելի քան հազար կիլոմետրով, իսկ  տարբեր հարձակողական միջոցների տեղակայումը կսպառնա ռազմական արդյունաբերության օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքին։

Ռուսաստանն ավելի քան 100 լցանավերից նավատորմ է հավաքել նավթի համախառն վաճառքի արևմտյան սահմանափակումները տարանցման ճանապարհների և եղանակների վերաբաշխման միջոցով շրջանցելու նպատակով: Նոր նավատորմը նավթ կմատակարարի Հնդկաստանին, Չինաստանին, Թուրքիային և մի քանի այլ պետությունների, որոնք ռուսական նավթի ավելի խոշոր սպառողներ են դառնում:

Ռուսաստանի ու Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն են ստորագրել։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ Արևմուտքի որոշ երկրներ շահագրգռված չեն ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, նրանց պետք է համոզել Ուկրաինային նստեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա խոստովանել է, որ դա հիմա ավելի դժվար կլինի, քան նախկինում, երբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպում էին Թուրքիայի տարածքում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի հակամարտությանը դիվանագիտական լուծում գտնելու հրատապությունը, ներառյալ զորքերի դուրսբերումը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը դիվանագիտությունն է։

«Ռուսաստանի և Արևմուտքի նախկին հարաբերությունները եվրոպական անվտանգությանն ուղղված աշխատանքի ոլորտում չեն վերականգնվի՝ հաշվի առնելով թե՛ հավաքական Արեւմուտքի, թե՛ ԵԱՀԿ-ի այսօրվա գործողությունները»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ռուսական անձնագիր է ստացել։

Անկարան Մոսկվային տեղեկացրել է, որ համաձայն չէ քրդական «Սիրիայի Դեմոկրատական ուժերի» կողմից վերահսկվող շրջաններում սիրիական բանակի ստորաբաժանումների տեղակայմանը, ինչպես նաև անհրաժեշտ է համարում Ռուսաստանի ազդեցության տարածքից քրդական կազմավորումների դուրսբերումը:

 

Իրան

Իրանը կոչ է արել ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար։

Իրանը սկսել է 300 մեգավատ հզորությամբ «Քարուն» նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը։

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է 2006 թ. ստեղծված «Բարքերի ոստիկանությունը» լուծարելու մասին՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, դատական իշխանությունը շարունակելու է հետևել մարդկանց վարքին,  իսկ հիջաբ կրելու կանոնները չեղարկված չեն։

Իսկ Իրանի խորհրդարանը հասարակական մշակույթի հարցերով խորհուրդ կձևավորի, որի պարտականությունների մեջ կմտնի պարտադիր հիջաբ կրելու հարցի քննարկումը։ Խորհրդարանը և Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհուրդը երկու շաբաթվա ընթացքում կհայտարարեն իրենց կարծիքը պարտադիր հիջաբ կրելու հարցի վերաբերյալ՝ ազդարարելով, որ հիջաբի պարտադիր կրումը կարող է փոխվել կամ հանվել։

Սեպտեմբերին երկրում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել հիջաբը սխալ կրելու համար «Բարքերի ոստիկանության» կողմից Մահսա Ամինիի ձերբակալությունից ու մահից հետո։ Բողոքի ակցիաները աստիճանաբար ստացել են ծայրահեղական բնույթ, մասնակիցներն սկսել են հարձակումներ գործել հոգևորականների, ոստիկանության, պետական այլ կառույցների վրա։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերի ռազմավարական եւ մարտավարական հաջողությունների արդյունքում երկրի բոլոր սահմաններում հաստատվել է կայուն անվտանգություն։ Նա նշել է. որ Իրանի բանակը կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ ինքնաբավ է դարձել զենքի, անօդաչու թռչող սարքերի և հակատանկային համակարգերի արտադրության ոլորտում։

 

Թուրքիա

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական և հատուկ ինժեներական տեխնիկայի, ռազմական ավիացիայի ներգրավմամբ:

Համատեղ զորավարժություններում հիմնական ուշադրությունը հատկացվում է երկու պետությունների զորքերի միջև մարտական փոխգործակցության հաստատմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը։

Թուրքական «Baykar» ընկերությունը «Bayraktar» ԱԹՍ-ներով կիրառվող մինի ռումբի փորձարկում է իրականացրել։

Թուրքիայի նախագահ Էրդողան. «Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում, Բոսնիա և Հերցեգովինայում, Լիբիայում և մոլորակի այլ շրջաններում գտնվող իր բարեկամներին։ Մեր երկիրն արդեն շուրջ 40 տարի պայքարում է ահաբեկչության դեմ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Անկարայի հակառակորդները մոռանում են, որ Թուրքիան այն չէ, ինչ նախկինում։ Անկարան այսօր ինքն է որոշում իր քաղաքական, տնտեսական և ռազմական կուրսը։ Ժամանակակից Թուրքիան աճող հեղինակություն է վայելում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում»։

Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան կավարտի իր հարավային սահմաններին 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու»  ստեղծումը, և իրենք ոչ մեկի առջև հաշվետու չեն լինի դրա համար։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության համար Թուրքիայի առաջ քաշած պայմանների իրականացման շրջանակում Թուրքիային է հանձնել Քրդական բանվորական կուսակցության անդամ Մամուդ Թաթին։ Թաթը Շվեդիայում դատապարտվել է 6 տարի 10 ամիս ազատազրկման։ 2015 թ. նա ապաստան է խնդրել Շվեդիայում, բայց մերժվել է:

Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Շոլցին ասել է, որ Անկարան Գերմանիայից ակնկալում է չեզոք դիրքորոշում Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններում։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Շոլցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամի համար անընդունելի է մեկ այլ անդամի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը կոչ է արել ԱՄՆ-ին ըմբռնումով մոտենալ Սիրիա Թուրքիայի հնարավոր ներխուժմանը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է նման քայլին իր վճռական անհամաձայնության մասին։ «ԱՄՆ-ն մեզ խնդրել է վերագնահատել գործողությունը, իսկ մենք նշում ենք, որ նրանք պետք է մեզ հասկանան»,- ասել է Աքարը։

Ավելի վաղ Պենտագոնը նախազգուշացրել է Թուրքիային Սիրիայում ռազմական նոր գործողություն անցկացնելու առնչությամբ՝ հայտարարելով, որ վերջին մի քանի օդային հարվածները սպառնալիք են ներկայացնում սիրիացի գործընկերների հետ «Իսլամական պետության» դեմ աշխատող ԱՄՆ անձնակազմի համար։ Միևնույն ժամանակ, Անկարան կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, դադարեցնել աջակցությունը Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին»։

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Էրդողանի և Ասադի առաջիկա հանդիպման համար «կուլիսային դիվանագիտության» աշխատանքներ են տարվում:

Մեկնաբանելով Թուրքիայի զինված ուժերի հարվածները Իրաքի և Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների օբյեկտներին՝ նախագահ Էրդողանը նշել է. «Ոչ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողությունները՝ ուղղված անվտանգության և խաղաղության ամրապնդմանը: Ոչ ոք ի զորու չէ դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրի շահերին հակասող դիրքորոշում որդեգրել քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում»։

Թուրքիան ծովում 2 200 մետր խորության վրա գազի 280 տոննայանոց պահեստարան է տեղադրել, ուր կպահեստավորվի սևծովյան հորատանցքերից ստացվող գազը։ Ավելի վաղ «Sabah» թերթը գրել էր, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սակարիա գազահանքում 540 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանման և Սև ծովով տեղափոխման նախագծում։ Սև ծովում հայտնաբերված գազի հաշվարկային արժեքը կազմում է 400 մլրդ դոլար։

 

Ադրբեջան

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև: Ադրբեջանի ԱԳՆ-ն զայրացել է այդ փաստից՝ նշելով, թե այն «լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով և զրպարտությամբ»: Դրանից հետո Ֆրանսիայի կառավարությունից հայտնել են, թե Հայաստանին աջակցող բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է ԱՄՆ, հանդիպել է ԱՄՆ Միավորված շտաբների կոմիտեի առաջին փոխնախագահ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

Փորձագետների գնահատմամբ՝ Վաշինգտոնը նման գործողություններով փաստացի «կանաչ լույս» է վառում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի առջև։

Թուրքիայի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը մեկնել են Ադրբեջան:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմեդ Ամջադ Խան Նիազիին։ Նրանք քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի մասնակցությամբ:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Տարածաշրջան


07/12/2022