ԴԱՇՏԱԴԵՄՑԻ ՀԵՐՈՍԸ
Նորոյանների գերդաստանը տեղահանվել էր Արևմտյան Հայաստանից դեռևս1915-ին։ Մշեցի մի խումբ գաղթականների հետ Անդրանիկի պապերն էլ հաստատվել էին Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղում։ Պապերից լսածն ու ժառանգածը Անդրանիկը փոխանցել էր միակ որդուն՝ Նորոյանների տան միակ ժառանգին։ Դեռ մանկության տարիներին բակային խաղերում, հետո արդեն պատանեկան նախասիրություններում աստիճանաբար ձևավորվում էր առաջնորդի ու մարտիկի նրա տեսակը, որ է՛լ ավելի խտացավ, որոշակիացավ գաղափարական հասունությանը զուգահեռ։
Պատանեկան տարիքում Վովան՝ ինչպես նրան ճանաչում էին մտերիմները, աչքի էր ընկնում սպորտային հաջողություններով։ Տարիների ընթացքում կաթիլ առ կաթիլ գումարվել էին մեկը մյուսին՝ գեները, դաստիրակությունը, իր անձնական հետաքրքրությունները, գաղափարները, որոնցով ներշնչված ապրել էր պատանեկությունը, և ձևավորվել էր հայի այն տեսակը, որ մի օր անպայման գիտակցում է՝ հողն այս արյունով է պահվում։
…Մեծ հպարտությամբ ժամկետային պարտադիր ծառայության տարիներին Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարեց հատուկ նշանակության զորամասերից մեկում։ Դեռևս զինվոր՝ արդեն հասցրել էր վայելել վերադաս հրամանատարների ու ծառայակիցների հարգանքն ու սերը և զինվորականի համար շատ պատվաբեր՝ վստահությունը։ Ծառայության հանդեպ մեծ նվիրումն ու պատասխանատվության բարձր գիտակցումն ու սկզբունքայնությունը կասկածի տեղիք չէին թողնում, որ Վոլոդյա Նորոյանը արժանի էր զինված ուժերի հատուկ նշանակության մարտիկ կոչվելու մեծ պատվին։
…Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Վոլոդյան ծառայությունը շարունակում էր արդեն պայմանագրային գումարտակի հատուկ նշանակության ջոկատում։
Երեք ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ջոկատը, որի կազմում կռվում էր Վոլոդյան, մարտական խնդիր էր կատարել մի քանի ուղղություններով՝ Սանասար, Իշխանաձոր, Հադրութ։ Հոկտեմբերի 19-ին ջոկատի մարտիկները մարտական առաջադրանք են ստանում Սանասարի ուղղությամբ, հետ վերադարձի ճանապարհին՝ Սարատակ բնակավայրի մոտակայքում, Վոլոդյան և ևս մի քանի ծառայակից ընկերներ զոհվում են անօդաչուի հարվածից։
Վոլոդյա Նորոյանի աճյունն ամփոփված է Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղում։ Հուշաքարի վրա Մոնթեի խոսքերն են դաջված՝ «Իմ կենացը մի՛ խմեք, այլ գործս շարունակեք»։ Վոլոդյային այս պատգամն էր տարել Արցախ:
Եվ հայրը՝ Անդրանիկը, միակ զավակին կորցնելուց հետո միայն մի ցանկություն ունի, որ պատգամն այս հասնի նաև եկող սերունդներին…
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Ճակատագրեր