ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Դեկտեմբերի 4-ին լրացավ Արցախյան ազատամարտի մասնակից, մոտոհրաձգային գնդի հրամանատար Ռուբեն Գևորգյանի ծննդյան 65-ամյակը։ 1994 թ. մարտի 10-ին Գևորգյանը զոհվեց Հորադիզում, հուղարկավորված է «Եռաբլուրում»։ 1994 թ. հուլիսի 21-ին նրան հետմահու շնորհվեց գնդապետի կոչում և պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 1989-1994-ին մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Գորիսի շրջանի Շուռնուխ, Կոռնիձոր բնակավայրերի, Կապանի, Մեղրիի, Բերձորի, Քարվաճառի, Կովսականի, Վարանդայի, Հորադիզի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ռուբեն Գևորգյանի անունով է կոչվում Քասախի միջնակարգ դպրոցը: Հերոսի 65-ամյա տարեդարձի առթիվ «Եռաբլուրում»՝ նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին հարազատները, մարտական ու դպրոցական ընկերներն ու բարեկամները:
Հրամանատարին առաջին անգամ հանդիպել եմ մարտադաշտում՝ Բերձորի միջանցքի հարավում՝ «Կոբրա» կոչվող դիրքում, որտեղ «Արծիվ-19» ջոկատի հետ մարտական հերթապահություն էր կատարում նաև ՀՀ ներքին ծառայության մոտոհրաձգային գնդի մի վաշտ՝ ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն Գևորգյանի հրամանատարությամբ:
Գնդապետ Ռուբեն Գևորգյանը ծնվել է Քասախ գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո՝ 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1980-ին ավարտել է Վրաստանի Սոֆինոյի ենթասպայական դպրոցը, իսկ 1983-ին՝ Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը։ Արցախյան գոյամարտի սկզբից արդեն ղեկավարել է մարտական ջոկատներ, վաշտեր ու գունդ և մասնակցել մարտական գործողությունների: Մարտի 10-ին Վարանդայից տուն վերադառնալիս Ռ. Գեւորգյանն իր և վիրավորների տեղափոխող շտապօգնության մեքենաներով ընկնում է թշնամու ծուղակը: Շտապ օգնության մեքենայի վարորդին հրամայում է հեռանալ ու փրկել վիրավորներին, իսկ ինքը կրակը վերցնում է իր վրա: Անհավասար մարտում կարողանում է ոչնչացնել թշնամու երեք տասնյակից ավելի զինվորի: Անձնուրաց փոխգնդապետը փրկում է վիրավոր զինակիցների կյանքը, իսկ փամփուշտները վերջանալուց հետո ձեռնամարտի է բռնվում և հերոսաբար նահատակվում։ Քասախի դպրոցում օրերս կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռ. Գևորգյանի հիշատակին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Ճակատագրեր