Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ



Ձյունն օրհնության պես իջավ սարերին։ Աշնան դալուկ արեւի վերջին մարմրող շողերը կորան ամպերի տակ, մառախուղն իջավ-թանձրացավ, անտառի տերեւաթափը լցվեց հսկա ձորը ու գյուղը կտրեց տեսադաշտից։ Հետո ձյուն եկավ։ Ողջ գիշեր մաղեց մեծ-մեծ փաթիլներով։ Լուսաբացին շուրջբոլորն անապական ճերմակ էր. բլինդաժը, գույնզգույն խաշամը, խրամատները, անտառը, ձորը, հեռվից երեւացող գյուղը` ծուռումուռ փողոցներով, իրար ուսած տափարակ տներով։

Բլինդաժը տաք էր, թեժացող վառարանի միալար գվվոցը հաճելի թմբիր էր բերում։ Կեսքուն-կեսարթուն ուղեղում լողացող մտքերը հարազատ հուշի պատկերներ էին պոկում անցյալից, որ, չգիտես ինչու, այնքան հեռու էր թվում ու այնքան անիրական…

Ինքը սիրում էր ձմեռը. միշտ էր սիրել։ Երկնքից թափվող աստղանման փաթիլները կուտակվում էին գյուղի վրա, ու շենը կտրվում էր աշխարհից։ Գյուղի ճանապարհները փակվում էին սառցե անանցանելի պատնեշով։ Երբ գալիս էր առաջին ձյունը, ինքը անմիջապես հասկանում էր, որ շուտով, շատ շուտով հեռու-հեռավոր աշխարհներից կգա Ձմեռ պապը, կբերի զարդարված վառվող եղեւնին, նոր տարվա թուրն ու ավտոմատը։ Հայրն ամեն ինչ խառնել էր իրար. «Ձմեռ պապն ուրեմն սովորական պապ չի։ Շատ ուժեղ է ու խիստ, չի սիրում աղջկա պես տզզացող տղաներին։ Ձի ունի՝ Քուռկիկ Ջալալի, շատ մեծ թուր՝ Թուր Կեծակին։ Շրջում է աշխարհով մեկ, պաշտպանում բարի, ազնիվ մարդկանց, իսկ ուժեղ, խելոք ու չլացող տղաներին ավտոմատ ու թուր է բերում` Նոր տարվա նվեր»։

Հայրը հավատացրել էր, որ Ձմեռ պապը գիտի-տեսնում է ամեն ինչ, ու եթե ինքը սուտ խոսի, չարություն անի կամ նվնվա աղջկա նման, Ձմեռ պապը թրի ու ավտոմատի փոխարեն գույնզգույն ժապավեններ կդնի իր բարձի տակ։ «Խայտառակ կլինես,-լուրջ-լուրջ ասում էր հայրը,-այ թե քույրիկդ կծիծաղի վրադ»։ Ինքը երբ մեկ-մեկ սուտ էր խոսում, մեկ-մեկ էլ լաց էր լինում, երբ ընկնում էր երկանիվ հեծանիվից, ու մայրիկը հասցնում էր վզակոթին, շատ էր վախենում, որ Նոր տարվա առավոտը թրի ու ավտոմատի փոխարեն աղջկա ժապավեններ կգտնի բարձի տակ։ «Շատ եմ խնդրում, Ձմեռ պապի ջան, էլ չեմ անի»,-կրկնում էր մտքի մեջ, երբ գալիս էր առաջին ձյունը, հիշեցնում Նոր տարվա ու նվերների մասին, Նոր տարվա գիշերը շուտ էր պառկում քնելու, որ առավոտը շուտ գա։ Աչքերը փակած բարձրացնում էր բարձը, այդպես մնում մի քանի վայրկյան, հետո դանդաղ, վախով բացում էր քարացած կոպերը… Ու ամեն տարի ավտոմատների ու թրերի քանակն ավելանում էր այդպես։

Այդ տարի ձմեռը խիստ էր, ձյունը՝ առատ։ Կեսօրը չանցած` մութը վրա էր տալիս, ու ճքճքան ցրտից պատսպարվելով, մարդիկ փակվում էին տներում։ Վառարանում ճրթճրթացող փայտերի բոցն ու կրակի թրթռուն լույսը պատկերներ էին գծում ծխից ու մրից սեւացած պատերին։ Ինքը 5 տարեկան էր. «Համարյա տղամարդ ես,- ասում էր պապը,- այս տան տղամարդը երկուսով ենք, պիտի մեզ պինդ պահենք»։ Հայրը կռիվ էր գնացել։ Պատերազմ էր։ Ինքը լսել էր հազար անգամ, բայց էլի խնդրում էր, որ պատմեն. «Հայրդ հրամանատար է, իսկական ավտոմատ ունի, իսկական զորք,- ասում էր պապը վառարանի կողքին թիկնած,-թուրքերն ուզում են խլել մեր հողը, քեզ նման տղաներին ու աղջիկներին քշել իրենց տներից, քանդել, ավերել, սպանել… Եվ հորդ պես ուժեղ, խիզախ մարդիկ կռվում են, որ թուրքերը հեռանան մեր հողից, որ մարդիկ հանգիստ քնեն»։ Ինքը արդեն գիտեր, որ Ձմեռ պապը չկա, հեքիաթ է, բայց հաճախ էր հիշում Քուռկիկ Ջալալիին, Թուր Կեծակիին… Երբեմն գիշերները քունը չէր տանում, նստում էր անկողնու մեջ, վարագույրի ճեղքից նայում անընդհատ իջնող ձյան փաթիլներին ու երազում։ Ուրեմն` ինքը իսկական տանկ ունի, զինվորական համազգեստ, ավտոմատ ու էլի շատ զենքեր։ Մեծ զորքի գլուխ անցած հարձակվում է թշնամու վրա, զենքերը կրակում են, ռումբերը թափվում, թուրքերը փախչում են խուճապահար…

Նոր տարին Նոր տարվա նման չէր։ Պապը ցանկանում էր ուրախ երեւալ։ Տատը գոգնոցի փեշով թաքուն մաքրում էր աչքերը։ Քույրերը նոր խաղալիքներ ու բամբակե փաթիլներ էին ավելացնում արհեստական գունաթափ տոնածառին։

Հայրը չեկավ ճակատից, իսկ Նոր տարուն մի քանի ժամ էր մնացել։ Առաջին անգամ Նոր տարին առանց հոր էր նշելու։ Մայրն ու տատը խոհանոցում տոլմա էին փաթաթում, պապը դողացող մատներով թութուն էր փշրում լուսամուտի մոտ կանգնած։ Հանկարծ քույրը ճչաց, մայրը վախեցած ներս վազեց խոհանոցից. հայրը կանգնած էր շեմքին` ձյունակոլոլ, հաղթահասակ, զինվորի շորերով, մարդաբոյ տոնածառը ձեռքին՝ իսկական, կանաչ, ձնաբույր…

Տարիներ հետո Եռաբլուրում տարեմուտից մի քանի ժամ առաջ հոր շիրմաքարի մոտ տղան դրվագ առ դրվագ հիշեց այդ պատկերը։ Ու հայրն այդպես էլ մնաց նրա հիշողության մեջ՝ զինվորական համազգեստով, ուժեղ ու երջանիկ: Այդ օրը երկար թափառեց քաղաքում։ Ամենուր գույներ էին՝ վառ, խայտաբղետ։ Բազմահազար շենքերը վառվում էին լույսերի մեջ, մարդիկ շտապում էին` տոնական գնումներով ծանրաբեռ։ Պատերազմն ավարտվել էր, ու խաղաղություն էր։ Տղան հերթական քննությունն էր հանձնել համալսարանի բանասիրական ֆակուլտետում ու չէր կարողացել տուն վերադառնալ, քանի որ ձյունը փակել էր գյուղի ճանապարհները, ժամերով չափչփում էր քաղաքը՝ փողոցից փողոց, այգուց այգի… Տարեմուտը դիմավորեցին Մոնումենտի բարձունքներում։ Երկուսով էին։ Ներքեւում լուսավոր, բազմերանգ քաղաքն էր, երկնքում՝ հրավառություն, գույների հանդես, գույների խրախճանք։ Թվում էր՝ իրենց սիրուց ու երջանկությունից են վառվել աշխարհի բոլոր լույսերը…

Տղան դուրս եկավ բլինդաժից։ Մթնել էր։ Աստղազարդ երկինքն այնքան պայծառ էր ու այնքան մոտ։ Հեռվում լույսն էր կայծկլտում, ասես աստղերն իջել էին հողին. գյուղն էր՝ ապրող, շնչող, կենսառատ, ձյան ճերմակ վերմակի տակ, անվտանգ ու ապահով։ Տղայի հոգում անանուն մի հուզում ալիք տվեց, խլրտաց։ Հայրն էս կողմերում էր զոհվել, էս հողի համար։ Տղան նայեց շուրջը. սահմանը մոտիկ է, համարյա քթի տակ։ Ավտոմատն ամուր սեղմեց կրծքին։ Ձյունախառն քամին խփում էր դեմքին, ցուրտն այրում էր, բայց չէր զգում ո՛չ ցուրտ, ո՛չ սառնություն. ճեղքելով ձյունը քայլում էր խրամատով։ Ուրեմն Նոր տարին դիրքերում է դիմավորելու։ Գուցե հենց պոստում, ավտոմատը կրծքին սեղմած, զինվորական համազգեստի մեջ։ Իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն զգաց։ Տարօրինակ ապրում էր. Մեծացավ-ազնվացավ, բարձրացավ-վեհացավ…

Երդիկներից ծուխը երկինք էր բարձրանում։ Գյուղը խաղաղ քնած էր։ Շուտով կգա Նոր տարին, քաղաքի բազմահարկ շենքերը, հսկա փողոցները կողողվեն լույսերով։ Ամենուր հեքիաթներ կծնվեն. Քուռկիկ Ջալալիով ու Թուր Կեծակիով Ձմեռ պապի մասին: Ուժեղ, չլացող տղաները թուր ու ավտոմատ կգտնեն բարձի տակ, ոմանք Նոր տարին կդիմավորեն Եռաբլուրում, ոմանք իրենց սիրելիների հետ կթափառեն լուսառատ քաղաքում, կամ Մոնումենտ կբարձրանան։ Կհիշեն կամ չեն հիշի, որ 22-ամյա մի տղա` զինվորական համազգեստով, ավտոմատը կրծքին սեղմած, կանգնած է հեռու-հեռավոր լեռներում, ձյուների մեջ, սահմանին, որտեղից սկսվում է հայրենիքը, սերը, արժանապատվությունը, երջանկությունը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Բանակ և հասարակություն


18/01/2012