Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԸ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ



Նրանք՝ Վահեն, Վլադիմիրը, Ժորան, Յուրին, Էդգարը, եղբայրներ՝ Արմենն ու Ռուբենը, յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, որ հյուսվեց 44-օրյա պատերազմում։ Հայրենիքի պաշտպանի երդմանը հավատարիմ այս տղաները հերոսացան Մոնթեի ազատագրած բարձունքը պաշտպանելիս:

Վաշտի հրամանատար, կապիտան Գուրգեն Շատվորյանը մեծ ոգևորությամբ է հիշում նրանց աներևակայելի քաջագործությունները, աննահանջ կռիվը թշնամու մեծաքանակ զորքի դեմ:

-Պատիվ եմ ունեցել լինել այն անձնակազմի վաշտի հրամանատարը, որի զինվորները հերոսացրին և՛ իրենց, և՛ իրենց ստորաբաժանումը:

Հերթական հանդիպման վայրն անփոփոխ է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ուխտատեղի դարձած այս բարձունքը սրբավայր է ծնողներից յուրաքանչյուրի համար՝ ոգեկոչելու ու բոլոր անմահ հերոսների հիշատակը վառ պահելու համար։ Տղաների մարտական եղբայրության ու խրամատային ընկերության մասին հայրերը հպարտությամբ են պատմում։

-Մեր որդիների ընդհատված ընկերությունն այսօր մենք են շարունակում, հաճախ հանդիպում, մեկս մյուսի պատմությամբ ոգեշնչվում, ապրում ու ապրեցնում ենք մեր հերոս զավակներին: Տղաները 27 օր հերոսաբար մարտնչել են Մարտակերտում, այնուհետև Մատաղիսի հատվածում: Ապա բարձրացել են Ուլյանասար կոչվող բարձունքը, որտեղ էլ մի քանի օր տևած դաժան և անհավասար մարտերից հետո զոհվել են: Մեր տղաները գիտակցված մահով անմահացան,- ասում է Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, որ հարազատ բնօրրանը համագյուղացիների հետ պաշտպանելու համար նույնպես մեկնել էր Արցախ՝ Տող գյուղ։

-Կյանքի գնով մինչև վերջ կռվել են ու մեկ սանտիմետր էլ չեն նահանջել: Մեր մատաղ սերունդը երբ մեծանա, կլսի մեր հերոս զավակների սխրանքի պատմությունը, ու համոզված եմ՝ կշարունակի նրանց պես ապրել ու սիրել Հայրենիքը,- ասում է կրտսեր սերժանտ Վլադիմիր Կակոյանի հայրը՝ Իշխան Կակոյանը:

Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը համոզված է՝ իրենց կրթօջախի շրջանավարտ Վլադի և հերոսաբար զոհված մյուս տղաների ոգով ու օրինակով պետք է կրթել ու դաստիարակել ներկա և գալիք սերունդներին։

-Մեր դպրոցում յուրաքանչյուր դաս սկսվում և ավարտվում է հայրենասիրության գաղափարի սերմանումով,- ասում է տնօրեն Մակիչ Սարգսյանը:

-Մեր որդիները զոհվել են հանուն Հայրենիքի: Մենք պետք է այնպես ապրենք, որ նրանց հիշատակը, նրանց կատարած սխրանքը միշտ վառ պահենք մեր սրտերում ու հիշողություններում,- ասում է Յուրիի հայրը՝ Համազասպ Սարգսյանը:

Վահե Ասատրյանը ծնողների հետ ապրում էր Ռուսաստանում, սակայն չափահաս դառնալուն պես հաստատապես որոշում է գալ Հայրենիք ու անցնել զինվորական ծառայության։

-Եկավ, զորակոչվեց, հետո մենք եկանք: Նույնիսկ Վահեիս երդման արարողությանը չենք մասնակցել: Շատ գոհ էր ծառայությունից: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք: Մի անգամ էլ հորն ասել էր, թե ուժեղ տղա ունես, չմտածես: Ես գիտեմ հանուն ինչի եմ այստեղ,- հիշում է հերոսի մայրը՝ տիկին Կարինեն ու ավելացնում. -Որդիս գիտակցաբար կատարեց իր մարտական խնդիրը։ Մենք միայն ու միայն պետք է հպարտանանք մեր հերոս զավակներով: Չենք էլ պատկերացրել, թե ինչ տղաներ ենք ծնել ու դաստիարակել: Հիմա ենք գիտակցում:

Վահեին և 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված հուշարձան է կանգնեցվել Էջմիածնում։ Ծնողների խոսքով՝ դա ևս մեկ  կարևոր նպատակ ունի՝ հիշելու և վերարժևորելու տղաների գործած սխրանքները։

-Տղերքը շատ զորեղ ձևով են կռիվ տվել: Հասկանալով, որ դիվերսիաներով էլ չի կարողանում կոտրել մեր հերոսներին ու գրավել բարձունքը, թշնամին գործի է դրել անօդաչուներ, ինքնաթիռներ, հրետանային կայանքներ: Մեր զավակները կռվել են մինչև վերջին շունչն ու փամփուշտը,- ասում է Էդգարի հայրը՝ Սպարտակ Գրիգորյանը:

 

***

 

Սարդարապատի հուշահամալիրում ենք։ Այստեղ են ամփոփված 44-օրյա պատերազմի մասնակից երկվորյակ եղբայրներ՝ Արմեն և Ռուբեն Շահինյանները։

Բանակ զորակոչվելուց առաջ եղբայրները բարձրացել էին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհելով հերոսների շիրիմներին՝ ասել. «Գնում ենք բանակ՝ պատվով ծառայելու և ի լուր աշխարհի երդվում ենք՝ կյանքի գնով պահել Հող հայրենին»:

 

-Ես միշտ էլ առանձնահատուկ համակրանք եմ ունեցել զինվորականության հանդեպ: Մտածել եմ, որ տղան պետք է անպայման ծառայի: Որդիներիս էլ եմ այդպես դաստիարակել: Բանակ գնացին ուրախ, ոգևորված: Ասում էին, որ վիճակահանության թմբուկից չեն օգտվելու, քանի որ որոշել են ծառայել Արցախում՝ «Եղնիկներում»:

Արդեն զորամասում, երբ գնդապետը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով,  նրանց փորձում է համոզել, որ տարբեր ստորաբաժանումներում ծառայեն, Ռուբենս ընդդիմանում է, ասելով. «Պարոն գնդապետ, Աստված մեզ միասին է ստեղծել, և ոչ ոք մեզ չի կարող բաժանել: Պետք լինի՝ միասին էլ կզոհվենք»,- հիշում է հերոս եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյանների մայրը` Պայծառ Թորոսյանը:

Արմենն ու Ռուբենը ջոկի հրամանատարներ էին։ Նրանց գումարտակին էր վստահված Մոնթեի ազատագրած բարձունքի պաշտպանությունը։ Անհավասար պայմաններում թեժ մարտեր մղելով՝ ամուր են պահում դիրքերը։ Հակառակորդը տեսնելով, որ չի կարողանում կոտրել տղաների դիմադրությունը՝ հրթիռահրետանային և ավիահարվածների է ենթարկում մարտական գծի ողջ երկայնքը, որից հետո շուրջ 7 օր տևած համառ մարտերից հետո անմահանում են Հայրենասիրության ու Հայրենապաշտության մեր հերոս սերմնացանները:

Այսպիսին է մերօրյա հերոսների շարունակելի պատմությունը, որն այսօր էլ վավերագրվում է նոր հյուսվող հերոսապատումներով՝ առաջնագծում զենքը ձեռքին սահման պահող զինվորներով, որոնք երդմանն ու առաքելությանը հավատարիմ պաշտպանում են Հայրենիքը, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին իրենց ավագ եղբայրները՝ Ժորան, Էդգարը, Յուրին, Արմենը, Ռուբենը, Վահեն ու հայկական բանակի մյուս բոլոր քաջ մարտիկները։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


15/12/2022