ՄԱՏԱՂ` ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Մեր ժողովրդի կողմից շատ սիրված տոները՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ազգային բանակում նշվեցին հավուր պատշաճի։ Տոնական միջոցառումներ, ճոխ սեղաններ, տոնածառ…
Գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում Նոր տարվա առիթով մատաղ անելը դարձել է ավանդական։ Անցնող տարվա վերջին օրվա՝ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան, երբ այցելեցինք զորամաս, փոխգնդապետ Ա. Բաղրամյանն զբաղված էր կազմակերպչական աշխատանքով։ Ճաշարանում սեղանների սփռոցները պետք է լինեն նոր եւ գեղեցիկ, ճաշացանկը` տոնական։
-Հրամանատարը կեսօրից հետո կգա։ Նա մի խումբ սպաների հետ այցելել է հենակետեր, անձնակազմերին ծանոթացրել նախարար Սեյրան Օհանյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ամանորյա ուղերձներին, զբաղվել կազմակերպական հարցերով,- ասում է փոխգնդապետ Ա. Օրդյանը եւ պատվիրում սարկավագի տեղ հասնելուն պես մորթել մատաղացուները։
Մինչ սարկավագը տեղ կհասներ, փոխգնդապետ Է. Բաղդասարյանի հետ շրջում ենք զորանոցներով։ Նույնիսկ օրապահների պահարաններն են գեղեցիկ ձեւավորված, իսկ տոնածառերը տեղադրված են հանգստի սենյակներում։ Դրանցից մեկում ուրախ երաժշտություն էր ու իրարանցում։ Կրտսեր սերժանտ Ռազմիկ Ավանեսյանը, շարքայիններ Դավիթ Մկրտչյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Հայկ Խաչատրյանը պարում էին…
-Տղանե՛ր, լավագույն պարողին երեկոյան կորոշենք, իսկ հիմա հագնվեք ու դուրս եկեք, որ մատաղի արարողությանը ներկա լինեք,- զինվորներին ասաց փոխգնդապետը։
♦♦♦
Զորամասի հոգեւոր սպասավորը Միքայել սարկավագ Հակոբյանն է։ Նա իր ծառայությունն այստեղ է անցկացրել եւ կապը զորամասի հետ պահպանում է։
Միքայել սարկավագը, նախ, զինծառայողների համար պարզաբանեց մատաղի էությունը, ապա շնորհավորեց զինվորներին գալիք տարվա եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, մեր բանակին մաղթեց խաղաղ ու հաջող ընթացք, օրհնեց աղը, որը տվեցին մատաղացու գառներին։
Այս ամենից հետո զորամասի ավագ վարպետ ենթասպա Գագիկ Ստեփանյանն անցավ գործի։ Նրան օգնում էին այս գործում որոշակի հմտություն ունեցող ապարանցի ու թալինցի տղաները։ «Ընդունելի մատաղ լինի»։
♦♦♦
…Օրն ու տարին մոտենում էին ավարտին։ Մենք զինվորներին ու սպաներին մաղթեցինք առողջություն, խաղաղ երկինք, նորանոր ձեռքբերումներ` զարգացման երրորդ տասնամյակը թեւակոխող մեր մարտունակ բանակի կազմում։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան