Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒՔ ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ԵՔ



ԴՈՒՔ ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ԵՔ-Մա՛մ, մենք լա՜վ ենք, չմտածե՛ս, տղերքով պահում ենք մեր հողը։ Չմոռանաս՝ մենք ինչեր ենք հաղթահարել, մա՛մ, պինդ եղիր. տղերքը սահմանին են …Մա՛յր, դո՛ւ իրավունք չունես հանձնվելու, դու պետք ես զինվորիդ, դու պետք ես սահմանին կանգնած ամեն զինվորի։

-Զինվո՛րս, ամեն անգամ քեզ համազգեստով տեսնելիս՝ սիրտս ուրախությամբ եւ հուզմունքով է լցվում։ Կապ չունի, թե քեզ ով է ծնել, դու իմ զինվոր տղան էլ ես։ Մեր ուժը, մեր հաղթանակը մեր միաբանության մեջ է։ Ինչպես իմ զինվոր տղան է ասում. «Աշխարհը միայն տեղ է տալիս ուժեղներին, եւ մենք մեր խոսքը դեռ չենք ասել…»։

Մի ելք կա, տղե՛րք, ոտքի կանգնել եւ չհանձնվե՛լ, որքան էլ դժվար լինի։ Տղե՛րք, հպարտությամբ կրեք այդ համազգեստը: Գիտե՞ք, տղե՛րք, երբ հարցնում եմ դպրոցահասակ երեխաներին, թե՝ ո՞րն է նրանց ամենաիրական երազանքը, պատասխանը մեկն է ՝ «Ուզում եմ դառնալ քա՜ջ, անվա՛խ զինվոր: Ուզում եմ Հերոս դառնալ, մեր Հերոս տղերքի պես»։

Զինվոր տղերք, դուք հզո՛ր եք ու անկոտրում: Մեր անմահացած հերոսների արյունը զուր չի թափվել, ու քանի դեռ դուք գիտակցելով պահում եք սահմանն ու հողը Հայրենի, նրանք միշտ ներկա են լինելու։

Զինվոր որդուս խոստացել եմ ուժեղ լինել:

Մայրերին ուժ տվողն եք դուք, Հայրենիքը պահողն եք դուք, մեր ուրախությունն ու պատիվն եք դուք։ Որքան էլ դժվար լինի, հիշե՛ք, տղե՛րք, տանը ձեզ սպասում են:

 

ՄԵՐԻ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Հոգևոր-մշակութային


23/12/2022