Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՄԻ ՆՈԹԱՏԵՏՐԸ



ԱՐԱՄԻ ՆՈԹԱՏԵՏՐԸՄԱՐԻԱ-ԱՆԽԵԼ ԱՆԳԼԱԴԱ

 

Մարիա-Անխել  Անգլադան (1930-1999 թթ.) կատալոնացի արձակագիր, բանաստեղծ, խոհագիր է։ Յոզեֆ Պիայի անվան մրցանակի  դափնեկիր,  երկար  տարիներ եղել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության պրոֆեսոր։

Մի առիթով Մարսելի հունական եկեղեցում նրան մի ընդհանուր տետր են հանձնում, որի գրառումները թերթում ու ինչ լեզվով լինելը չի հասկանում։ Տարիներ անց միայն, պատահաբար,  պարզում է, որ ընդհանուր տետրը ցեղասպանությունից փրկված մայր և որդու օրագիր է։ Դա առիթ է լինում, որ կատալոնացի գրողն ուսումնասիրի հայոց պատմությունը, գրականությունը, գրի «Արամի նոթատետրը»՝ իր վերջին  ծավալուն ստեղծագործությունը, որ մահից քիչ առաջ լույս է տեսնում, բարձր  գնահատականի, համընդհանուր հիացմունքի  արժանանում։  Գրաքննադատներն այն կոչել են «Հայոց ցեղասպանության հավաստի ու ցնցող վավերագրություն»։ 

Վեպից մի հատված ներկայացնում ենք «Հայ զինվորի» ընթերցողներին։

 

…Ո՛չ ամուսինս, ո՛չ էլ ես մտքներովս անգամ չէինք կարող անցկացնել, որ արհավիրքն այդքան մոտ է, այդքան անսպասելի է ներխուժելու մեր տները, ու Թուրքիայի բոլոր հայերը՝ Սեւ ծովի ափերից մինչեւ Կիլիկիա, սպանդի զոհ են դառնալու։ Մենք մոռացել էինք 1909 թվականի ջարդերը, իրոք, մոռացել էինք, որովհետեւ հրաժեշտի պահին վերջին բառը, որ արտաբերեց Վահեն՝ «վարդենին» էր։

Նա չափազանց շատ էր սիրում Հայաստանը, անընդհատ կրկնում էր, որ ուզում է Մուսա լեռ գնալ, միանալ ապստամբներին, կռվելով մեռնել։ Չգիտեմ էլ՝ կատարե՞լ է իր որոշումը, նրա մահվան մասին աղոտ կանխազգացումներ ունեմ։

Իսկ իմ աղջնակնե՞րը՝ Սոֆին, Յանան, մեր ծաղիկներն ու գանձերը, նրանց ճերմակ ու տաք մաշկը, այնքան գեղեցիկ աչքերը…Ու իմ մայրը, որ մինչեւ Սեւ ծովի՝ խեղդամահ անող աղի ջրի վերջին ումպը,  կրծքին սեղմած է պահել նրանց մարմինները։ Իմ սիրասուն բալիկների մարմինները, որոնք քնելուց առաջ միշտ թախանձում էին.

-Մամա ջան, երգի՛ր…

Ու ես երգում էի նույն օրորոցայինը, որ մայրս էր ինձ համար երգել.

– Քուն եղիր, բալա՛ս, աչերդ խուփ արա,

Նախշուն աչքերիդ քուն թող գա վրա,

Օրոր, ի՛մ բալաս, օրոր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կտանի։

Տատիկն էլ էր նրանց համար երգեր երգում, նա թոռնուհիներին պաշտում էր։ Իհարկե, Արամին էլ էր սիրում, բայց հաճախ ասում էր. «Մեծացավ, ձեռքիցս թռավ»։

Ծննդյան օրվանից ի վեր տատը Սոֆիից չէր բաժանվել, առաջինն էր նկատել, թե ինչպես է թոռնուհու անդրանիկ  ատամը ծակում վարդագույն լինդը։ Ուստի, ըստ մեր ավանդական սովորության, նրան վիճակվեց պատրաստել այն անուշեղենները, որոնք հյուրասիրելու էինք առաջիկա կիրակի առաջին ատամը շնորհավորելու հրավիրված ազգականներին։ Ինչպիսի ուրախությամբ նա ճերմակ ալյուրով, չամիչով, ընկույզով, կաղինով ու քաղցրահամ նուշով խմորեղեններ թխեց։ Այդ բարեպատեհ  առիթի համար ո՛չ շաքարը խնայեց, ո՛չ չրեղենը եւ ո՛չ էլ կարմրաթուշ նռները, որ առանձնահատուկ բծախնդրությամբ  ընտրել էր ու կեղեւել։

Տատիկի ուրախությունն այնքան մեծ էր, որ երբ մյուս դստերս՝ Յանայի առաջին ատամը ծլեց, նախ ես նկատեցի, բայց չտեսնել ձեւացրի, որպեսզի այդ հայտնությամբ նույնպես երջանկանա։ Ընտանեկան նման փոքրիկ տոները ես հաճախ եմ հիշում, մանավանդ, երբ անդրադառնում եմ, որ իմ սիրելի բալիկների շրթունքները մեկընդմիշտ փակված են։ Նույնիսկ չեմ մոռանում, թե ինչպես մայրս ասաց.

-Մարի՛կ, իմ տեսողությունը քոնինից լավն է։ Յանայի առաջին ատամն էլ է բուսել։

Ու դարձյալ ատամնահատիկի արարողության նախապատրաստությունը վիճակվեց նրան։ Ըստ իրեն՝ ոչ մի նորածին իմ դստրիկներից շուտ ատամ չէր հանել։ Յուրաքանչյուր չնչին փոփոխությունը, որ տեղի էր ունենում աղջնակներիս կյանքում, վերածվում էր բացառիկ ու սքանչելի, անմոռաց  իրադարձության։ Նա այդպես էր սիրում Սոֆիին ու Յանային, վերջինս, երբ բաժանվեցինք, հազիվ մեկ ու կես տարեկան էր։  Նրանց մեծացնելուն մայրս չափազանց շատ է ինձ օգնել։

Նա՛ կարեց դստրիկներիս սպիտակեղենը եւ նույնիսկ կնունքի շրջազգեստը, որը ժանյակներն իր ձեռքերով ասեղնագործեց։ Մենք մեր երեք զավակներին էլ հասցրինք մկրտել։ Ինչպե՜ս չգրեմ՝ թշնամին չխնայեց ո՛չ մեր ծերերին,  ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ էլ անգամ ծծկերներին՝ բոլորին նավերը լցրեց, սառնասրտորեն Սեւ ծովը թափեց։

Մենք այդ մասին Էջմիածին հասնելուց քիչ անց, Կարմիր խաչի ու ամերիկյան նպաստամատույցի միջոցով իմացանք։ Տարիներ շարունակ ես նրանց կորուստը գիշերներն էի ողբում, որ Արամին էլ չլացացնեմ։ Երբ դեռեւս Աթենքում էինք, մի գիշեր տարեց մի կին մոտեցավ ու հարցրեց.

-Ինչո՞ւ ես լալիս, Մարի՛կ։

-Փոքրիկներիս ու մայրիկիս համար…

Ու պատմեցի, թե ինչպես են նահատակվել։

ԱՐԱՄԻ ՆՈԹԱՏԵՏՐԸ-Դու չպետք է այդքան հուզվես,- համարյա խիստ ասաց պառավը,- քո աղջիկները շատ փոքր են եղել, երեւի իսկույն հոգիներն ավանդել են։

-Ի՞նչ ես ուզում ասել։

-Իմ թոռնիկները տասնվեց եւ տասնյոթ տարեկան էին։ Տղաս մեզնից հեռու՝ Բիթլիսում էր ապրում։

-Նրա՞նք ինչ եղան։

-Թուրքերը, Աստված տա պատիժները, տղամարդկանց մորթել, գեղեցիկ կանանց ու աղջիկներին առեւանգել, բռնաբարել, ոմանց նույնիսկ վաճառել են։ Իմ թոռնուհիները չափազանց գեղեցիկ էին, ո՜վ գիտե, որտե՞ղ, ո՞ր թուրքի հարճն են։ Ահա թե ինչու եմ ասում, որ քոնոնց համար այդքան քեզ չտանջես։

-Ե՛ս ախր գիտեմ, թե որտեղ են թաղված իմ աղջնակները։ Մակընթացությունը նրանց մարմինները լողափին գտնվող իտալական վանքի պարսպի տակ է քշել, հույն կանայք ալիքների՝ իրենց հանձնած բոլոր նահատակներին հավաքել, հողին են հանձնել։ Աստված օրհնի այդ կանանց։

***

Այս բոլոր փորձություններից հետո, ինչ խոսք, հեշտ է հետ նայել ու հարցնել.

-Ինչպե՞ս չեք զգացել վերահաս աղետը, ինչպե՞ս եք մոռացել Ադանայի կոտորածը։

Երբ կյանքն ընթանում է սովորական հունով, տարվում ես առտնին առօրյայով, տեսնում ես, թե ինչպես է արեգակը ջերմացնում ծովը, ճանապարհները, քո սիրելի անձանց, վատ կանխազգացում չես ունենում։ Եթե անգամ ունեցել են՝ ապա շատ քչերը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ թուրքերի դաժանությունը վայրագության կարող է հասնել։ Ոչ ոք։ Մարսելում հաստատվելուց հետո, երբ մենք՝ բիթլիսցի, վանեցի, մուսալեռցի, ինչպես նաեւ ֆրանսիական նավերով Սիրիայից փրկված հայերս, պատարագից հետո հավաքվում էինք եկեղեցու գավիթում, անցյալի մանրամասները վերհիշելիս խոստովանում էինք, որ անհնար էր նման համազգային բնաջնջում  երեւակայելը։ Անհավատալի էր, ահավոր, ինչպես այն մահակները, որ թուրք ջարդարարները մխրճել են մեր տղամարդկանց որովայնները։ Ի՜նչ իմանամ, որ Վահեիս հետ էլ նույն կերպ չեն վարվել։ Աստվա՛ծ իմ։

Նկատում եմ նաեւ, որ մեր ընդհանուր նոթատետրում Արամը գաղթի առանձին դրվագների է անդրադարձել, հիշողությամբ շաղկապել։ Ու փորձել է մոռացության մատնել Արեւելյան Հայաստանում՝ Էջմիածնում ու Երեւանում մեր անցկացրած տարիները, որոնք տաժանելի  էին հատկապես տարիքով  դեռեւս մանուկ տղայիս,  մանկությունից զրկված հազարավոր տղաների համար…

Ես, ընդհակառակը, ամեն մանրամասն հիշում եմ։ Նույնիսկ, եթե ցանկանում եմ ուղեղիս ամենախորունկ  ծալքերում անթեղել որոշ դիպվածներ, որտեղ մոռացված իրադարձություններն են անթեղվում, չեմ կարողանում։ Օրինակ՝ Տրապիզոնի՝ հեռվում մնացած  երջանիկ տարիները, որոնք կորած զարդատուփի փայլփլուն գոհարներ են թվում։ Բայց ես ոչինչ մոռանալ չեմ ուզում։ Ոչ էլ ներել։ Չնայած չեմ կարող  նկարագրել գաղթի տառապանքներն ու մեր Էջմիածին հասնելը։ Ուղղակի չեմ կարող։ Վահեն, իր պաշտած Դանթեն՝ կարող էին։ Աթենքում, ապա նաեւ Մարսելում իմացանք, որ մեզնից անհամեմատ մեծ թվով հայեր քայլել են դեպի անապատ, դեպի ստույգ մահը։ Նրանց իրենց իսկ դահիճներն են առաջնորդել, եւ ոչ թե ինչպես մեզ՝ փրկարար բանակի զինվորները։ Մենք, եթե ճանապարհին առվակ կամ աղբյուր էինք տեսնում, ինչքան ուզեինք, կարող էինք ջուր խմել, գիշերները  ծածկվել ձորձերով՝ դրա համար մեզ ոչ ոք չէր գանակոծում։ Դրան հակառակ՝ անապատ բռնագաղթվողներին թույլ չեն տվել ջուր խմել, աղբյուրների մոտ կանգ առնել, ինչ-որ բան ուտել, աղջիկներին փախցրել են ու լլկել, նրանց, ովքեր քարավանից հետ են մնացել, մահակներով, հրացանի խզակոթերով  գանակոծել են։

Այսպես, թե այնպես, մեր փոքր ընտանիքի վեց հոգուց հինգը փրկվեց։ Ավելացնեմ նաեւ նորածնին, ում Արամը մոր ձեռքերից վերցրեց։ Մենք կարողացանք նրան պահպանել, գաղթի ամբողջ ճանապարհին տղաս գրկից չիջեցրեց։ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Հայրապետի աթոռանիստը հասնելուն պես մենք հենց գետնին, հողերի վրա պառկեցինք, փոքր-ինչ հանգստացանք, հետո նորածնին իմ զարմիկի դստեր հետ, որը ջերմություն ուներ, քութեշով էր վարակվել, դաշտային հիվանդանոց տարանք։ Մենք նրանց այնտեղ էլ թողեցինք, բուժքույրերի խնամքին հանձնեցինք։ Ի՜նչ անեինք՝ ոչ միայն սնունդ, դեղորայք, մեր գլխին նույնիսկ տանիք չունեինք։ Երկուսին էլ այլեւս չտեսանք։ Թող Տիրամայրը՝ հուսահատվածների միակ հույսը, նրանց իր սուրբ հովանու տակ վերցնի։

…Գաղթի վերջին օրերը լեռներում, հատկապես մեր ձիերը գողանալուց հետո, ամենածանրը եղան։ Զարմուհիս՝ Իրինան, երբ այդքան մոտ էր մեր վերջնական նպատակը՝ մահացավ, դժվար է ասել՝  ուժասպա՞ռ եղավ, թե՞ սիրտը դավաճանեց։ Հաստատ կարելի է ասել միայն, որ նա էլ թուրքերի զոհը դարձավ։ Իրինան արմատավորված էր իր բնօրրանում՝ այն ծառի նման, որը տեղաշարժելիս չորանում  է։ Նա կառչած էր իր հողին, նրա ծնողները հանգչում  էին Վանի գերեզմանոցում, նրա աշխարհը իր տունն էր, այգին, ճաշասենյակի պատուհանից երեւացող մրգատու ծառերը։ Ինձ թվում է, որ զարմուհիս սկսեց մահանալ գաղթի նախօրեին, երբ ամուսինը, որպեսզի թուրքերն ու քրդերը չտիրանան, գոմի դռները բացեց, դուրս քշեց անասուններին։  Նույնը կարելի է այն պահի մասին ասել, երբ  հայացքից անհետացան որդու եւ դստեր ծնվելու կապակցությամբ իր ձեռքով տնկած ծառերը, որոնց ատաղձով նրանց համար մի օր տուն պիտի կառուցեր։ Այդ տունն այլեւս չի լինի, երբեք չի լինի. երեւի մտածել է նա մի վերջին հայացք նետելով որդու՝ Գաբրիելի համար տնկած սաղարթախիտ ծառերի, նորածին դստեր համար տնկած դալար շիվերի  վրա, որոնք, անտարակույս, հիշեցրել էր նրանց ծնունդը։ Իրինայի հոգին ու մարմինը համակած հիվանդության պատճառը հենց դա էր՝ հարազատ աշխարհի կորուստը, որն ստեղծվել էր իր ու իր նախնիների տքնանքով՝ տնամերձ այգին, ընտանի  կենդանիները՝ ոչխարները, որոնք բուրդ էին տալիս, որ ինքը մանում էր իր ձեռքերով, դադար չունեցող ձեռքերով ու նաեւ՝ կարագ էր հարում, հաց թխում, օրորում որդու հին, փայտե օրորոցը։

Չէր կարելի ասել, որ այդ ամենի կարուստը ծանր չէր տղամարդկանց՝ Գրիգորի ու Գաբրիելի համար, բայց նրանք ավելի տոկուն էին։ Գաբրիելը ո՛չ իրենց տան մասին էր մտածում, ո՛չ հողի, վերջիվերջո երեխա էր, ամենից շատ ցավում էր շնից բաժանվելու համար։ Տղան մինչեւ անգամ թաքցրել էր, որ հետը բերեր, բայց հայրը վերջին պահին նկատել էր:

-Ճանապարհը երկար է,  չենք կարողանա հետներս  տանել, իջեցրու գրկիցդ, թող գնա, ուր ուզում է։

Գաբրիելն իջեցրեց, բայց շունը խցկվեց գաղթականների քարավանն ու ցատկեց մեր սայլը։  Գրիգորն ասում էր, որ, միեւնույն է, ավելի ուշ ստիպված են լինելու սպանել, կերակրել չեն կարող։ Այդ լսելով տղան, որ լուսաշողի  նման շարժուն էր, վազեց դեպի զինվորները։ Նրանք խղճացին շնիկին, նույնիսկ յուրօրինակ համարեցին ու որոշեցին դարձնել իրենց զորամասի թալիսմանը։ Շատ հնարավոր է, որ փրկվել է, բայց փխրուն Իրինան չդիմացավ։ Բարեբախտաբար, մենք կարողացանք նրան թաղել,  քանի որ այդ ժամանակ անցնում էինք ժայռերի ու քարաբեկորների միջով։ Ուրիշ դիակներ, հարյուրներով լքված մնացին ճամփեզրին, թռչուններին կեր դարձան։

ԱՐԱՄԻ ՆՈԹԱՏԵՏՐԸՄենք երկար չմնացինք Էջմիածնում, քաղաքը չափազանց փոքր էր այդքան գաղթականների համար, չնայած դեռեւս Իգդիրից մեր արեւելահայ հայրենակիցները մեզ  ընդունելու համար սնունդ ու հագուստ էին պատրաստել։ Հատկապես մենք՝ վանեցիներս, ուժասպառ էինք եղել, որովհետեւ կտրել էինք Պարսկաստանը։ Ես հետո պիտի իմանայի, որ մեր քարավանը հիսուն հազար հոգուց ավելի է եղել, իսկ Աբաղայի դաշտում, որտեղ Անդրանիկը, Դրոն մի ռուս գեներալի օգնությամբ մեզ իրենց զորամիավորումների պաշտպանության տակ վերցրին, Արեւելահայաստան հասցրին, կրկնակին ենք եղել։ Հասկանալի է, չնայած կաթողիկոսի, բժիշկների ու գաղթականների օգնության կոմիտեի ջանքերին, այդքան գաղթականի համար հնարավոր չէր հաց, տանիք գտնել։ Բարեբախտաբար, ինչպես մեզ տեղեկացրին, օգնություններ են հասցրել նաեւ Թիֆլիսի, Բաքվի, Մոսկվայի հայկական կոմիտեները։ Բայց այդ կազմակերպություններն էլ համաճարակի վտանգը կանխելու համար նախ եւ առաջ սատարում  էին հիվանդներին ու որբերին։

Մենք այլեւս պաշար   չունեինք, չափազանց տկարացել էինք։ Երեխաներն այնքան էին հյուծվել, որ քրքրված հագուստների արանքից երեւում էին կողոսկրերը։ Մենք սնվում էինք արմտիքով, դաշտերի խոտաբույսերով, թթվաշ մրգերով, որ Գրիգորը գտնում էր մոտակա այգիներում ու անտառներում։ Ի՜նչ էր լինելու մեր վերջը,  ես սկսել  էի հուսահատվել՝ մեր շուրջը այնքան հիվանդներ ու դիակներ կային։ Բոլոր մեռելները հողին հանձնելու համար նույնիսկ հարկ եղավ գերեզմանոցն ընդարձակել։ Մեռելաթաղները դիակները թաղում էին համայնական գերեզմանափոսերում,  համաճարակի վախից վրաները չհանգած կիր լցնում։ Շաբաթվա վերջին բոլոր հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ էր կատարվում։ Ամերիկյան նպաստամատույցից ես իմացա, որ այդ օրերին միայն Էջմիածնում ամեն օր  մի քանի հարյուր գաղթական է մահացել։ Արհավիրքների տպավորությունների, քաղցի պատճառով գիշերներ էին լինում, որ աչք չէի փակում։ Այդ մղձավանջներն ինձ երկար ուղեկցեցին, հաճախ  երազում  էլ էի տեսնում երկար, հոգնատանջ գաղթը, սրտի խփոցով վեր թռչում։ Օրվա ընթացքում փորձում էի այդ ամենը չհիշել, անընդհատ մտածում էի Վահեի, աղջնակներիս ու մայրիկի մասին, բայց գիշերները աչքիս առջեւից սահում էին ճամփեզրին ընկած դիակները։ Երազում տեսնում էի  նաեւ մեզ հետապնդող քրդական հրոսակախմբերը, ուզում էի փախչել, բայց ոտքերս ինձ չէին ենթարկվում։

Մի գիշեր, կես քուն-կես արթուն, վերապրեցի այն իրադարձությունները, որոնք տեղի էին  ունեցել իրականում։ Գաղթի ճանապարհին Իրինան ու ես վանեցի մի կնոջ օգնեցինք ծննդաբերել։ Իրինան, ինչ խոսք, ավելի հմուտ էր, գիտակ  մանկաբարձության նրբություններին, առաջին անգամը չէր երեխա ընդունում։ Այդ ժամանակ դեռ մեր ձիերը չէին գողացել, մենք այդ հղի կնոջը, որը ոտքով հազիվ էր առաջ շարժվում, մերթընդմերթ կանգնում էր, տնքում, մեր սայլը նստեցրինք։ Դադարի մասին, իհարկե, խոսք չէր կարող լինել, մեզ անընդհատ հետապնդում էին, այդ պատճառով հենց ընթացքի ժամանակ էլ ծննդաբերեց։ Սայլը անընդհատ  ցնցվում էր, ուստի արնահոսությունը դժվարանում էինք ընդհատել, բայց Իրինային ի վերջո հաջողվեց։

Ճանապարհին մեր վիճակը հետզհետե ծանրանում, մթերքն սպառվում էր։ Ահա թե ինչու, չէինք կարող մեր մայրացած հյուրին մեր ուզած ձեւով՝ ուշադրությամբ ու հոգատարությամբ վերաբերվել՝ արդեն երեք երեխա ունեինք, նրանց հոգսը պիտի հոգայինք…

Թարգմ.՝ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Հոգևոր-մշակութային


23/12/2022