«ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ»
Օրեր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկ Լուսեն մերօրյա հերոս Տարոն Գիվարգիզյանի կրտսեր քույրն է։ Նորածին հրաշքը որդեկորույս ընտանիքի վերածնված լույսն ու հույսն է։
-Նորից երեխա ունենալու որոշում կայացնելը չափազանց դժվար էր։ Սակայն բժիշկների ջանքերը, իմ վճռականությունն ու համարձակությունը ի վերջո տվեցին սպասված արդյունքը։ Լուսեն նոր կյանք է, նոր սկիզբ, որը պարտավորեցնում է առաջ նայել ու ուժեղ լինել: Հերոսածին ծնողները հուսահատվելու իրավունք չունեն: Որդեկորույս ծնողներին հորդորում եմ հնարավորության դեպքում հետևել իմ օրինակին,- ասում է տիկին Լաուրան։
…44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Տարոնի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է լինում: Նա ձգտում է վայրկյան առաջ առաջնագծում լինել՝ Հայրենիքի պաշտպանների կողքին: Եվ ծնողներից թաքուն որոշում է մեկնել առաջնագիծ: Այդպես էր եղել նաև բանակ գնալիս։ Զինկոմիսարիատ էր դիմել 6 ամիս շուտ: Մի քանի ամսվա զինվորը զորավարժություններից մեկի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և ժամկետից շուտ զորացրվել:
-Քաջ գիտակցելով, որ զորակոչման ենթակա չէ, թաքնվել էր կամավորականներին Արցախ տեղափոխող ավտոբուսի մեջ և ռազմաճակատ մեկնել,-հիշում է մերօրյա հերոսի մայրը:
Պատերազմի օրերին Տարոն Գիվարգիզյանը մեկ ամիս մարտնչել է մի շարք թեժ ուղղություններում՝ Վարանդա, Հադրութ, Մարտունի և զոհվել անօդաչուի հարվածից հոկտեմբերի 29-ին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #41 (1463) 21.12.2022 - 27.12.2022, Ճակատագրեր