Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ԳՅՈՒՂԻ ՄԵՐ ՏՈՒՆԸ»



«ԻՄ ԳՅՈՒՂԻ ՄԵՐ ՏՈՒՆԸ»-Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչով կարող եմ օգնել մեր գյուղին, որ չդատարկվի, որ չվերածվի ծերանոցի: Չէի կարող ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե երբ են վերջին ջահելները հեռանալու գյուղից, ու երբ է վերջին աշակերտի ավարտելու հետ փակվելու դպրոցը,- ասում է Արա Ստեփանյանը: Նա երիտասարդ տղամարդ է, ու ես ենթադրում եմ, որ կա՛մ գյուղապետն է, կա՛մ դպրոցի տնօրենը, կա՛մ գյուղի պաշտոնյաներից մեկը:

-Ես ոչ մի պաշտոն էլ չունեմ, սովորական գյուղացի տղա եմ,-  ասում է Արան,- պիտի անպայման պաշտոն ունենա՞մ, որ գյուղի մի հոգսն էլ ինձ վրա վերցնեմ: Պետությունից պահանջելը շատ հեշտ է, ոչ ջանք է պահանջում, ոչ աշխատանք: Խնդիրներ կան, որ առանց պետության էլ կարող ենք լուծել:

-Գեղ կանգնի՝ գերան կկոտրի,- ասում եմ ես: Տեղին էլ հիշեցի: Արան ժպտում է:

-Մեր գյուղը քո մայրաքաղաքի չափ չի, որ կանգնի ու կոտրի: 20 ընտանիք ունի ընդամենը, դպրոցում 5-6 երեխա են սովորում: Որ գյուղը ապրի, կողքի գյուղերն էլ պիտի կանգնեն, քաղաքներն էլ, դու էլ…

-Ես ի՞նչ կարող եմ անել,- հարցնում եմ նեղսրտած:

-Դու էլ քո փեշակը օգտագործի: Պատմի իմ գյուղի մասին, ասա՝ էսպիսի մի չքնաղ գյուղ կա Սիսիանում, անունը Տորունիք, եկեք միանանք, օգնենք, որ ապրի, շենանա, ուժեղանա…Հետո հենց սովորեցիք միանալ, էդպես միասնական կանցնենք մյուս սահմանամերձ գյուղերին:

Ես գլխով եմ անում:

-Դժվարը միանալն է,- հետո ավելացնում եմ:- Հոդված գրել հաստատ կարող եմ:

-Քո կարծիքով՝ ի՞նչ է պետք, որ երիտասարդները չհեռանան գյուղից,- հարցնում է Արան: Գրելով չես պրծնելու՝ մտքիս մեջ ասում եմ ինքս ինձ ու փորձում աշխատեցնել ուղեղս:

-Աշխատանք: Ապրուստի միջոց:

-Ապրե՛ս,- Արան քաջալերում է ինձ:- Որոշ չափով ապրուստի միջոց կա, գյուղացիները անասնապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում: Կարողանում են յոլա գնալ: Բայց դա քիչ է:

-Երիտասարդներին պետք է գեղեցիկ ժամանց՝ կինո, թատրոն, համերգ, սրճարան…վարժասարքեր…

Արան նայում է շվարած:

-Լուսնի՞ց ես իջել, մեր լեռնային գյուղում ի՞նչ սրճարան ու թատրոն…Ես մտածեցի ու որոշեցի առաջին հերթին պետք է գրքեր հայթայթել գյուղի համար:

-Գյուղը գրադարան չունի՞,- այս անգամ զարմանալու հերթը իմն է,- ոչ էլ կուլտուրայի տո՞ւն: Մեր գյուղում նույնիսկ երաժշտական դպրոց կա:

Արան բացասաբար շարժում է գլուխը:

-Դրա համար են ասում, որ համայնքները պիտի համաչափ զարգանան: Մտածեցի՝ երկարատև ձմռան ամիսներին, երբ գյուղացիները անելիք չունեն, առավոտից երեկո տանը նստած են, գիրք կկարդան: Գիրքը աշխարհը կբացի նրանց առաջ, խելոք մտքեր կհուշի, սիրուն պատմություններ կպատմի, հույս կտա, լավատեսություն…Ում հնարավոր էր, դիմեցի: Ու ահա «Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանի» ղեկավար Լևոն Ղարիբյանը արձագանքեց: Զանգեց, խոսեցինք: Հազար կտոր գիրք նվիրեցին գյուղին: Հետո…մտքից միտք ծնվեց: Լևոն Ղարիբյանը ասաց, որ լավ կլինի մեր գյուղում մի անկյուն բացենք՝ կրթական, մշակութային, հայրենասիրական, պատմաազգագրական: Ցուցադրենք մարդկանց տներում պահպանված հնությունները, գրենք մեր գյուղի պատմությունը, պատերից կախենք մեր մեծերի, մեր հռչակավոր մարդկանց նկարները, նրանց կենսագրությունը… Էս ամենը որ եղավ, զարկ կտանք տուրիզմին: Մեր գյուղը կընդգրկվի տուրիստական կազմակերպությունների երթուղիներում: Արտասահմանցիները կգան, կտեսնեն, կօգտվեն մեր հայկական խոհանոցից: Շարժ կսկսվի, աշխուժություն….

Արան պատմում է, իսկ ես մտածում եմ, որ պետք է տեսնեմ «Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանի» ղեկավար Լևոն Ղարիբյանին, որ հասկանամ, թե Արայի պատմածի որ մասն է իրատեսական, այլապես Արան էնքան է ոգևորվել՝ ինչ-որ տերմիններ է գործածում՝ լանդշաֆտային մասնագետներ, տնտեսական էֆեկտ, մոդելային ծրագիր… Երբ դեռ գրադարանավար էլ չունեն, որ գրքերը բաժանի ընթերցողներին…

-Գրադարանավար կունենանք, մարզպետարանը շուտով կքննարկի հարցը,- հավատացնում է Արան,- եթե ինքնակազմակերպվենք, սարեր շուռ կտանք:

….Լևոն Ղարիբյանը իր խանդավառությամբ ու լավատեսությամբ չէր զիջում երիտասարդ տորունիքցուն:

-Երբ Արան գրքեր խնդրեց, մենք գրադարանավարների միջոցով գրքահավաք կազմակերպեցինք: Գյուղապետարանը տեղ հատկացրեց գրքերի համար: Հետո ծնվեց գյուղում կրթական, մշակութային, հայրենասիրական, պատմաազգագրական անկյուն ստեղծելու միտքը: Նույնիսկ ծրագրի անունը գտանք՝ «Իմ գյուղի մեր տունը»: Փորձը ցույց է տալիս, որ գյուղի մարդիկ իրենց քունջուպուճախներում այնքան հնություններ ունեն պահած, որ փոխանցել են ավագից կրտսեր՝ սերնդեսերունդ, ու արդեն որպես ընտանեկան մասունք՝ սրբորեն պահպանում են: Նրանք հաստատ կցանկանան այդ իրերը տեսնել այն վայրում, որտեղ կլինեն նաև գյուղի հանրահայտ մարդկանց կյանքի պատմությունը, գերդաստանների պատմությունը, գյուղի կենսագրությունը….

-Տարիներ առաջ, երբ մայրս մեր գյուղի մշակույթի տան տնօրենն էր, ճիշտ այդպիսի անկյուն էր ստեղծել մշակույթի տանը, որին թանգարան էին կոչում: Ես այդտեղի նյութերից իմացա, որ հորական կողմով խոյեցի եմ, ապուպապս Խոյի Սալմաստ գավառից է եկել Նորաշեն: Ես այդ թանգարանում այնպիսի իրեր տեսա, որոնց մասին պատկերացում չունեի, օրինակ՝ ածուխով արդուկ…Մայրս նաև գյուղի ստեղծագործողների գործերն էր հավաքել մշակույթի տանը ու ցուցադրում էր՝ գեղանկարչություն, հելունագործություն, խեցեգործություն, դարբնություն, փայտագործություն…,- իմ փորձի մասին պատմում եմ Լևոն Ղարիբյանին. գուցե հոդված գրելուց բացի մի ուրիշ բանով էլ օգտակար լինեմ:

-Հետաքրքիր, իրագործելի մտահղացում է գյուղի շնորհալիների գործերը ցուցադրելը:

Ես ոգևորվում եմ:

-Իսկ մորական կողմի նախնիներս Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան սահմանամերձ գյուղից են: Այդ գյուղում ինքնապահպանության, ինքնաճանաչողության ուրիշ տարբերակ էին մտածել. գիրք էին հրատարակել՝ գերդաստանների մասին: Ես այնքան հետաքրքրված էի, թե ինչով են զբաղվել իմ նախնիները, ասենք, 200 տարի առաջ, ի՞նչ անուններ են ունեցել, ինչո՞ւ են մերոնց կոչել՝ Աշուղանց…Ու պարզեցի, որ մերոնք ասացողներ են եղել:

-Մենք նույնպես գերդաստանների ու գյուղի մեծերի մասին գիրք հրատարակելու մտադրություն ունենք: Կփորձենք քայլ առ քայլ իրագործել «Իմ գյուղի մեր տունը» ծրագիրը: Անշուշտ, աշխատանքը, բարեկեցությունը, զվարճանքի ու ժամանցի հնարավորությունը կարևոր են, բայց առավել կարևոր է, որ մարդն զգա իր արմատը սեփական հողի մեջ, հասկանա, որ ինքը այդ հողի ծնունդ է, այդ ամբողջության մի մասնիկը և ուր էլ գնա, որքան էլ բարեկեցիկ ապրի օտարության մեջ, արմատից պոկված ծառի նման է լինելու: Եթե այս միտքը ամրագրվի յուրաքանչյուրի մեջ, ապա մարդն իր բնօրրանը չի լքի, այլ շենացնելու ուղիներ կփնտրի, ինչպես Արան:

Հետո Լևոն Ղարիբյանը ավելի մանրամասն ու համոզիչ պատմում է այն, ինչ հակիրճ ասել էր Արան: Տորունիք գյուղը վերածնելու ծրագիրը պարունակում է բազմակողմանի գործունեություն: Պետք է հրատարակվեն գյուղի մասին պատմող պրակներ՝ տուրիստների համար այս վայրը հրապուրիչ ու հետաքրքիր դարձնելու նպատակով: Գյուղացիների առավել հարմարավետ տները կհյուրընկալեն տուրիստներին, նրանց կմատուցեն ազգային կերակուրներ: Հետզհետե կլինեն նաև ներդրումային ու ֆինանսական հոսքեր: Եվ ծրագիրը կլինի մոդելային՝ տարածելու և այլ սահմանամերձ գյուղերում նույնպես կիրառելու նպատակով…

-Իսկ գումա՞ր,- հարցնում եմ ես,- ո՞վ է հովանավորելու այս ամենը:

-Այս ծրագիրը մյուսներից տարբերվում է նրանով, որ մեծ գումարներ չի պահանջում, այլ՝ ինքնակազմակերպում,- պատասխանում է Լևոն Ղարիբյանը:

Ես զանգում եմ Արային:

-Չենք թողնի՝ քո գյուղը ծերանոց դառնա,- ասելուց հետո եմ զգում, որ գոռում եմ խոսափողի մեջ:

-Ապրե՛ս,- ասում է Արան ծիծաղելով:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1464) 27.12.2022 - 29.12.2022, Բանակ և հասարակություն


28/12/2022