Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ «ՍՊԻՏԱԿ ԲԱՆԱԿԻ» ՇԱՐՔԵՐԸ



ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ «ՍՊԻՏԱԿ ԲԱՆԱԿԻ» ՇԱՐՔԵՐԸԱրթուր Գրիգորյանը պաշտպանության նախարարության պատվերով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում, որտեղ, մեկ տարի սովորելուց հետո, նա և իր համակուրսեցիները հինգ տարի ժամկետով՝ որպես բժիշկ, կմեկնեն զինվորական ծառայության:

-Քանի որ զինծառայողի ընտանիքից եմ, ծանոթ եմ զինվորական կյանքին, և ինձ հետաքրքրեց ծրագիրը, հավանեցի այն և որոշեցի  կրթություն ստանալ հենց այդ ծրագրով և հետագայում ծառայությունը շարունակել որպես ռազմական բժիշկ: Ծնողներս արդեն քառորդ դար ծառայում են հայկական բանակում, և ես որոշեցի  համատեղել զինվորական գործն ու բժշկի մասնագիտությունը,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մեծ պատիվ է որպես ռազմական բժիշկ Հայրենիքին ծառայելը. «Հուսով եմ, որ կարդարացնեմ ինձ հավատացողների ու ճանաչողների վստահությունը: Կստացվի՛ իմ գործը զինված ուժերում»,- վստահեցրեց քսաներեքամյա երիտասարդը:

Նորայր Հովհաննիսյանը նույնպես ծնվել և մեծացել է զինծառայողի ընտանիքում և մանկուց սիրել է թե՛ ռազմական գործը և թե՛ բժշկությունը, ուստի առանց վարանելու նա էլ է որոշել Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում սովորել։ Նորայրն արդեն երկրորդ կուրսում է:

-Երազանքի իրականացման ճանապարհը միշտ չէ, որ հարթ է ու դյուրին: Դժվարություններ կան: Մեր մասնագիտությանը զուգահեռ սովորում ենք նաև ռազմական գիտություն, ծանոթանում ենք մարտավարության կանոններին. թե ինչպես ռազմական իրադրություններում առաջին բուժօգնություն ցուցաբերել, նաև՝ մարտի դաշտում մեր անելիքներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ճիշտ դրսևորենք մեզ,- ասաց Նորայրը։

-Սովորում ենք, թե խաղաղ պայմաններում ինչպես պետք է կազմակերպել բուժկետի աշխատանքը, ինչպես պատերազմական պայմաններում օգտագործել մեր ձեռք բերած գիտելիքները,- ընկերոջն է միանում Հակոբ Ծատուրյանը:

Ռազմաբժշկական ֆակուլտետում առանձին գործում է համազորային պատրաստության ցիկլը, որի շրջանակում դասավանդվում են շարային, կրակային, համազորային կանոնադրություն, տեղագրություն և մարտավարություն առարկաները, իսկ ավելի բարձր կուրսերում նաև՝ «Մարտավարամասնագիտական պատրաստություն» առարկան։

-Քարտեզագրություն ենք ուսումնասիրում և փորձում ենք մեր բժիշկ մասնագետներին վարժեցնել՝ հետագայում զորամասի բուժծառայությանն առաջադրված խնդիրները հասկանալու, ինչպես նաև՝ սեփական գրաֆիկական փաստաթղթեր ստեղծելու հմտություններին,- նշեց ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի պետ Գալուստ Թումասյանը:

ՆՐԱՆՔ ԿՀԱՄԱԼՐԵՆ «ՍՊԻՏԱԿ ԲԱՆԱԿԻ» ՇԱՐՔԵՐԸԵրևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն իր քսանութամյա կենսագրության ընթացքում պատրաստել է հարյուրավոր  ռազմական բժիշկների, որոնք ամենաբարդ իրավիճակներում ու պատերազմական պայմաններում կատարել են իրենց մասնագիտական պարտքն ու փրկել հազարավոր  կյանքեր՝ շատ հաճախ չխնայելով սեփականը։

-Մեր մասնագետները՝ սկսած սանհրահանգիչներից, վերջացրած բուժծառայության սպայակազմով, բոլորը մարտական առաջադրանքները փայլուն են կատարել և մարտի դաշտում իրենց դրսևորել են ոչ միայն որպես բժիշկներ, այլ նաև, հարկ եղած դեպքում, որպես իսկական զինվորականներ,- ասաց ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի պետ, փոխգնդապետ Գալուստ Թումասյանը:- Իսկ վերջին մարտական գործողություններից հետո տղաները ջանում են է՛լ ավելի հմտանալ իրենց մասնագիտության մեջ և ավելի շատ գիտելիք ձեռք բերել:

Կուրսանտ Ռոբերտ Օհանյանը ռազմաբժշկական ֆակուլտետի երկրորդ կուրսում է սովորում։ Նշում է, որ մեծ հպարտությամբ է սովորում այս բուհում և ջանք ու եռանդ չի խնայում  իր մասնագիտության մեջ լավագույնը լինելու համար:

-Հիպոկրատի երդումը, և այն, որ դու պատասխանատվություն ես վերցնում մարդկային կյանքերի համար, սպայի երդումը, որ տալիս ես Հայրենիքին, երկուսն էլ անչափ կարևոր են ու պարտավորեցնող: Ըստ իս՝ ընտրել եմ ճիշտ մասնագիտություն, որովհետև ռազմական բժիշկները իրենց կատարած գործով, իրենց մասնագիտական որակներով և  գործին նվիրվածությամբ բազմիցս ապացուցել են, թե ինչ մեծ նշանակություն ունի բուժծառայությունն առհասարակ։ Ռազմական բժիշկների, ինչու չէ, նաև բուժակների գործը, անգնահատելի է,- ասաց կուրսանտ Ռոբերտ Օհանյանը:

Ֆակուլտետում դասավանդումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երկու տարի առաջ ստեղծված հարթակը թույլ է տալիս ոչ միայն դասավանդում իրականացնել, այլեւ հնարավորություն է տալիս ուսանողներին և կուրսանտներին ինքնուրույն ուսումնասիրել, քննարկել նյութը և փորձնական տարբերակով ինքնուրույն էլ ատեստավորվել։

-Հիմա եռանդուն աշխատանք ենք տանում մեր գործունեության միջազգայնացման ուղղությամբ: Արդեն երեք տարի, ՀԱՊԿ երկրների հետ միջպետական պայմանագրերին համապատասխան, տարեկան հինգ կուրսանտներ գործուղվում են մեզ մոտ կրթական գործընթաց անցնելու,- նշեց ԵՊԲՀ բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի պետ Գոռ Վարդանյանը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսներն էլ պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, մասնակցում տարբեր միջազգային ծրագրերի և Հայրենիք վերադառնում նոր գործնական գաղափարներով։

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #42 (1464) 27.12.2022 - 29.12.2022, Ազգային բանակ


28/12/2022