ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ զինծառայողներ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացած քաջերի հարազատներ, հայրենակիցներ, պատմությանը հանձնեցինք ևս մեկ տարի:
2022 թվականը նշանավորվեց բանակաշինության մի շարք ձեռքբերումներով, զինվորների ու սպաների սխրալի ծառայությամբ, փխրուն խաղաղությունը պահպանելու անմնացորդ ջանքերով, ինչպես նաև մեր երկիրը կանգուն ու անառիկ պահելու համաժողովրդական տքնանքով:
2022 թվականը զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր. Սեպտեմբերին զինված ուժերի ստորաբաժանումները վճռականությամբ դիմագրավեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային: Եվ հիմա Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ:
Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ, իրականացնել նպատակային բարեփոխումներ, զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու շահավետ, ստեղծել 21-րդ դարին հարիր, ճկուն ու մարտունակ բանակ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել երկու ծրագրերի մասին, որոնք, համոզված եմ, կմեծացնեն մարդկային ռեսուրսի հոսքը դեպի զինված ուժեր, կբերեն որակական զգալի փոփոխություններ:
Առաջինը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիրն է: Իր ճակատագիրը բանակի հետ կապած, ռազմական համալսարան ավարտած յուրաքանչյուր զինծառայող կստանա երեք սենյականոց բնակարան մայրաքաղաքում: Այս նորամուծությունը ոչ միայն էապես կբարելավի ապագա զինծառայողների սոցիալական վիճակը, այլև կկարևորի հայրենիքը պաշտպանելու նրանց բացառիկ առաքելությունը հասարակության, հատկապես բարձրացող սերնդի աչքում:
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա կամավորագրվել բանակին, ժամկետային ծառայությունից սահուն անցում կատարել պայմանագրային վճարովի ծառայության: Մենք բանակում խթանելու ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի ներդրումը, որ վաղուց կայացած է զարգացած երկրների զինված ուժերում, այդպիսով՝ դնելու ենք պրոֆեսիոնալ բանակի նոր հիմքեր՝ մարտունակ զինված ուժեր ձևավորելու ռազմավարությամբ:
2022-ի շրջանակում ուզում եմ կարևորել նաև առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Սիրելի՛ հայրենակիցներ, չեմ կարող ասել, որ մենք թևակոխում ենք 2023 թվական բոլոր խնդիրները լուծած և բոլոր դժվարությունները թոթափած, բայց անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքը, բոլորիս ուժերի մեկտեղումն ու հավատարմությունը հզոր ու պաշտպանված հայրենիքի գաղափարին, մեզ հնարավորություն կտա ձիգ ու ամուր քայլել Նոր տարում և լուծել մեր առջև ծառացած կենսական խնդիրները, դիմագրավել լրջագույն մարտահրավերներին: Ես ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի եմ մաղթում բոլորիս: Թող 2023-ը անկորուստ տարի լինի բոլորիս համար: Թող մեր զինվոր որդիները անխախտ պահեն Հայրենիքի սահմանները, ու թող նրանք բանակից տուն վերադառնան ողջ-առողջ ու փառքով: Արևշատություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Ու հավատացնում եմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան: Կեցցե՛ Հայաստանը, փա՛ռք Հայոց բանակին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խորագիր՝ Նորություններ