Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՏԵՂԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է



ԻՄ ՏԵՂԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԷԱմրամ Հայրապետյանը՝ որպես պայմանագրային, Տավուշի սահմանը պաշտպանում է արդեն 17 տարի: Եթե ժամկետային զինծառայությունն էլ գումարենք, ավելի քան 19 տարի համազգեստ է կրում: Ես արագ հաշվում եմ մտքիս մեջ ու ասում.

-8 ու կես տարի ապրել եք դիրքում: 106 ամիս:

Ամրամը սկզբում ծիծաղում է, հետո կկոցում է աչքերը:

-Ճիշտ որ…106 ամիս դիրքում եմ ապրել:

-Մարդիկ Փարիզում, Նյու Յորքում են ապրում, դու էլ՝ դիրքում,- իբր՝ հումոր արեցի: Բայց արդեն ասել եմ ու փորձում եմ մեղմել հետևանքը:

-Ես մեգապոլիս եմ սիրում, երկնաքերներ, որտեղ աղմուկը չի դադարում: Ֆոբիա ունեմ լռությունից:

Իմ ասածից մենակ ես եմ հուզվում: Ամրամը նայում է խոժոռ:

-Իսկ դիրքերում տիեզերական լռություն կա, որը քեզ ստիպում է խորհել: Հայրենիքիդ սահմանի մոտ պատմությունը շնչում է կողքիդ: Թվում է՝ դիրքը հավերժությունից պոկված պատառիկ է, որտեղ ժամանակ չկա, անցյալն, այսօրն ու ապագան մեկտեղված են, ու դու նրանց ժամապահն ես:

-Երևի մանկուց եք երազել զինվորական դառնալ,- ուզում եմ սիրաշահել Ամրամին, որ Նյու Յորքի ու երկնաքերների տպավորությունն անցնի,- դե, ուրիշ էլ ի՞նչ պիտի երազեր Պառավաքարում ծնված տղան, որ աչքը բացել, սահման է տեսել ու կրակոցի ձայն է լսել…

Ամրամը նորից հարթել է հոնքամեջն ու ժպտում է:

-Ադրբեջանցիները կրակում էին, մենք տղաներով ֆուտբոլ էինք խաղում: Կրակոցներին բանի տեղ դնող չկար: Երբ տունդ սահմանաբերանին է, դու ակամա ձերբազատվում ես վախից: Հետո…գիտեինք, որ զինվորը սահմանին է, զինվորը չի թողնի՝ թշնամին գյուղ մտնի: Վստահ էինք:

-Իսկ ի՞նչ են երազում սահմանաբերանին ծնված տղաները,- ես կրկնում եմ հարցս: Ամրամը թոթվում է ուսերը:

-Ուրիշների մասին չգիտեմ, ես օրվա երազով էի ապրում: Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է, կուզեմ՝ տուն կկառուցեմ, կուզեմ՝ տրակտոր կվարեմ, էլեկտրական սարքեր կնորոգեմ…Գյուղատնտեսական աշխատանքներն ու անասնապահությունն էլ՝ կա ու կա: Ինձ համար անհասկանալի են, այսպես կոչված, օտար երազանքները՝ մեգապոլիս, երկնաքերներ…Աշխարհի վրա մենք մեր տեղն ունենք: Այդպես կանխորոշված՝ ծնվել ենք: Մեր միջավայրը, մեր մարդկանց: …Միշտ շատ եմ սիրել ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Ընկերն ո՞վ է…

Ես պատրաստակամ պատասխանում եմ:

-Ընկերը համախոհ է, գաղափարակից, մեկը, որ կրում է նույն արժեքները, ինչ դու:

-Ընկերը առաջին հերթին սրտակից է: Կարող է նույնիսկ գաղափարակից ու համախոհ չլինեն, բայց պիտի սիրտը սրտիդ մոտ լինի, պիտի սիրես նրան, ցավես նրա համար: Որովհետև նա քոնն է, ինչպես եղբայրդ, ինչպես հայրենիքդ: Մարդկային հարաբերությունների մեջ ինձ համար անընդունելի են սուտը, խորամանկությունը, շահախնդրությունն ու նախանձը…Ես երեկ էլ, այսօր էլ նույնն եմ երազում. ուժեղ հայրենիք ունենալ, անձնվեր ընկերներ, հաշտ ու ամուր ընտանիք…Այսպիսի սովորական, առօրյա երազանքներ:

-Ժամկետային զինծառայությունից հետո՞ ծնվեց կյանքը բանակի հետ կապելու ցանկությունը:

Ամրամը բացասաբար օրորում է գլուխը…

-Բանակն ուրիշ մտքեր հուշեց: Բանակը սովորեցրեց չվախենալ դժվարություններից ու հավատալ, որ կամքդ լարելու դեպքում կարող ես հաղթահարել ցանկացած փորձություն: Բանակը սովորեցրեց, որ ամենաճիշտ ճանապարհը ազնիվ ճանապարհն է, որքան էլ այն շատ խութեր ունենա: Բանակը սովորեցրեց նախաձեռնող ու վճռական լինել, այլապես ուրիշները քեզ համար, քո փոխարեն կվճռեն: Բանակը սովորեցրեց ձեռք մեկնել ընկածին, թույլին, տկարին, հասկանալ, որ մարդը կենդանուց տարբերվում է հենց կողքինի ցավը կիսելու մղումով, ու… էլի շատ բաներ:

Իսկ պայմանագրային ծառայության անցա, որովհետև ուզում էի աշխատել ու փող վաստակել: Հետո, որոշ ժամանակ անց, հասկացա, որ իմ տեղը սահմանին է: Զգացի:

-Ինչի՞ց զգացիք…

-Ուր էլ գնանք, թեկուզ տիեզերք թռչենք, մենք անտեսանելի թելերով կապված ենք ինչ-որ կետի…

-Կամ ինչ-որ մեկին…

-Չէ՛,- Ամրամը եռանդով օրորում է գլուխը,- ես մեր հենման կետի, սիրո տարածքի մասին եմ խոսում: Իմը դիրքն է:

Ես նոթատետրիս մեջ հարցերից մի քանիսը ջնջում եմ:

-Ի՞նչ եք ջնջում,- հետաքրքրվում է Ամրամը:

-Դե, էլ իմաստ չունի հարցնել,- ես կարդում եմ ջնջված հարցերը,- եթե ցանկացած գործ կարողանում եք անել, բայց ձեր մտքով չի անցել ավելի հեշտ ու անվտանգ գործ ընտրել: Չե՞ք հոգնել զենքը ձեռքին ապրելուց: Խորհուրդ կտա՞ք ձեր որդուն զինվորական դառնալ…

-Խորհուրդ տալով չի, ամեն մարդ ինքը պիտի գտնի իր տեղը: Մի բան հաստատ է. եթե քո տեղում չես, խանգարում ես, վնասում ես քեզ էլ, ուրիշներին էլ… Եթե գտել ես քո տեղը, ապրածդ ամենասովորական ակնթարթը իմաստավորվում է:

-Դիրքը սիրո՞ւն է…

Ամրամը նայում է նոթատետրիս:

-Էդ հարցն է՞լ էիք գրել:

Ես բացասաբար շարժում եմ գլուխս:

-Հենց հիմա մտքովս անցավ: Պահի տակ ծնվեց՝ մեր զրույցից…

-Դիրքը կատարյալ կառույց է: Դիրքը երկրիդ վահանն է: Դիրքը ժողովրդիդ ուժն է, քո պատիվն է: Քո բարձունքն է: Դիրքը էն է, որ կյանքդ նրա փոխարեն կտաս թշնամուդ…Դիրքապահ տղերքից որին էլ հարցնեք, նույնն է ասելու:

-Բոլո՞րը..

-Նրանք, ովքեր այլ կարծիքի են, կարճ ժամանակ անց զորացրվել են ու այլ աշխատանք են գտել: Գիտե՞ք՝ ինչու չհաջողեցինք վերջին պատերազմում… Որովհետև պատերազմից պատերազմ ընկած ժամանակահատվածը խաղաղություն կոչեցինք:

-Մինչև երբ պիտի ապրենք պատերազմից պատերազմ:

-Մինչև այնքան հզոր լինենք, որ առանց որևէ մեկի վրա հույս դնելու ինքներս մեզ պաշտպանել կարողանանք:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/12/2022