Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԾԻՑ



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԾԻՑՄեր դիրքապահներն իրենց գործը գերազանց են կատարում՝ լիարժեքորեն ապահովելով թիկունքի անվտանգությունը: Անգամ եղանակային անբարենպաստ պայմանները՝ ձնախառն քամիներն ու ջերմաստիճանի կտրուկ անկումը չեն խոչընդոտում շուրջօրյա մարտական հերթապահությանը զուգահեռ իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Մարտական հերթափոխներն էլ իրականացվում են համաձայն կարգացուցակի և սահմանված ժամանակացույցով:

Տարին փոխվեց, ու ինչպես տոնական, այնպես էլ հետտոնական, ուժեղացված ծառայության օրակարգը մարտական դիրքերում անփոփոխ է։

-Դիրքապահները դիտարկում կատարում են աչալրջորեն՝ դույզն-ինչ չթուլացնելով զգոնությունը: Ցանկացած շարժ նկատելու դեպքում զեկուցում են դիրքի ավագին: Բոլորս  էլ գիտակցում ենք մեր ուսերին դրված խնդրի հույժ կարևորությունը: Մենք՝ Հայրենիքի պաշտպաններս, այստեղ ապրում ենք համերաշխ ընտանիքի պես: Իհարկե, եղանակային խստաշունչ պայմանները ստեղծում են որոշակի անհարմարություններ, սակայն, անկախ ամեն ինչից, մեր զգոնությունն ու վճռականությունը անսասան են, և մենք մեր առջև դրված մարտական առաջադրանքը կատարում ենք գիտակցումով ու բարձր պատասխանատվությամբ,- վստահեցնում է դիրքի ավագ Արթուր Ավետիսյանը:

-Ծառայության համար դիրքերում ստեղծված են  անհրաժեշտ բոլոր պայմանները,  փորված են խրամուղիները, կահավորված՝ թաքստոցները:

Ինժեներական, ամրաշինական աշխատանքներ ենք կատարում, կրակելու համար նախատեսված գոտիներն ենք կարգի բերում, ուժեղացնում: Բոլորս էլ այստեղ գիտակցում ենք մեզ վստահված գործի լրջությունը: Եղանակային պայմաններն էլ բնավ խոչընդոտ չեն մարտական խնդրի ճիշտ կատարման համար,- ասում է պայմանագրային Սերգեյ Ջուլհակյանը:

-Մարտական դիրքը հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ ժամանակակից ինժեներական միջոցներով ու տեսադիտարկման համակարգերով, զենք-զինամթերքով, սպառազինությամբ,- նշում է դիրքի ավագը:

Մարտական ծառայության կարևոր բաղկացուցիչներից են նաև ուսումնական վարժանքները։ Դրանց նպատակն է հղկել դիրքապահ անձնակազմի հմտությունները, ամրապնդել մարտունակությունը, հարկ եղած դեպքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու և Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար։

-Անձնակազմն իր խնդրին տիրապետում է գերազանց: Մեր դիրքապահներն անցել են պատերազմի միջով և հրաշալի գիտեն, թե հակառակորդի նախահարձակ լինելու դեպքում ինչ անեն: Ձեռք բերածով չենք բավարարվում: Ամենօրյա պարապմունքներով ու վարժանքներով կատարելագործում ենք մեր հմտությունները: Դիրքապահի ծառայությունը սկսվում  և ավարտվում է առաջնագծում՝ խրամատում: Առաջնագիծն էլ ամուր է, իսկ նրա պաշտպանությունը՝ հզոր ու հուսալի ձեռքերում,- վստահեցնում է հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովսեփ Փայտյանը:

Առաջնագծում հարաբերական անդորր է, սակայն իրադրությունը կարող է փոխվել ցանկացած պահի։ Եվ այդ  գիտակցումն է վերստին ընդգծում խրամատային ծառայության կարևորությունը և այդ առաքելությունը ստանձնած տղաների  անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Ազգային բանակ


20/01/2023