ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆիզիկական պատրաստության դասային որակավորումը զինծառայողի ֆիզիկական կարողությունների բնութագրող ցուցանիշ է, որը որոշվում է ուժի, արագության, ինչպես նաև դիմացկունության բարձր ընդունակությունների արդյունքում: ՀՀ զինված ուժերում բավականին մեծ է դասային որակավորմանը մասնակցող զինծառայողների ներգրավվածությունը: Վերջիններիս կարող են շնորհվել «3-րդ կարգ», «2-րդ կարգ», «1-ին կարգ» և «Պատվավոր մարզիկ» դասային որակավորման կարգեր: Դասային որակավորման կարգ ստացած զինծառայողին տրվում են վկայական, կրծքանշան, հավելյալ վճարումներ և այդ մասին համապատասխան գրառումներ են կատարվում մարտական (հրամանատարական) պատրաստության հաշվառման մատյաններում, զինգրքույկում և զինծառայողի անձնական գործում:
ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստությունից դասային որակավորման կարգ կարող են ստանալ դրված պահանջները կատարող բոլոր զինծառայողները: Հարկ է նշել, որ բարձր է նաև կին զինծառայողների ներգրավվածությունը այս գործընթացում:
Ըստ կանխատեսումների՝ ֆինանսական բարելավում ստանալու հնարավորությունը զինծառայողներին կմղի դեպի մարզահրապարակներ և մարզադահլիճներ: Այս փաստը չափազանց կարևոր է: Այն խթանում է առողջ ապրելակերպը, իսկ մրցակցությունը նպաստում է ֆիզիկական պատրաստության զարգացմանը:
Դասային որակավորման քննությունները կազմակերպվում են տարին 2 անգամ ՀՀ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության կողմից:
ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
փոխգնդապետ
Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Ազգային բանակ