Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՇԱԼԸ. ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑ



ՀԱՅԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՇԱԼԸ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑՀայ ժողովրդի հազարամյակների պատմության ցանկացած ժամանակահատվածում Արցախ աշխարհը մասնակցել է պատմական կարևորագույն դեպքերին և իր հզոր, զորական որդիներով կարևոր հետք թողել համաշխարհային պատմության տարեգրութան մեջ: Նրանցից մեկն էլ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցն է, որն իր ուրույն տեղն ունի խորհրդային զինված ուժերի պատմության մեջ:

Արմենակ Խանփերյանցը շարքայինից հասավ ավիացիայի մարշալի կոչման, դարձավ ԽՍՀՄ օդուժի շտաբի պետ: Նա աշխարհին հայտնի է նաև ուրիշ անուն-ազգանունով՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակով: Ծնվել է Արցախի Մեծ Թաղեր գյուղում 1902 թ. հունվարի 7-ին: Ծնողների մահից հետո առաջին աշխարհամարտի տարիներին հաց վաստակելու նպատակով պատանի Արմենակը մեկնում է Բաքու, աշխատում նավթահանքերում, մասնակցում այն տարիների բուռն իրադարձություններին:

1918 թ. կամավոր ծառայության է անցել Կարմիր բանակում, եղել հետախույզ, իսկ մարտում հրամանատար ընկերոջ զոհվելուց հետո՝ ընդունել նրա անուն-ազգանունը՝ Սերգեյ Խուդյակով: Այնուհետև նա ծառայությունը շարունակում է հեծելազորում, դառնում գնդի շտաբի պետ:

1931 թ. Խուդյակովն ընդունվում է Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան, որն ավարտելուց հետո 1936 թ. նշանակվում է Բելոռուսական հատուկ զինվորական օկրուգում՝ որպես 5-րդ ծանր ռմբակոծիչ բրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ: Մեկ տարի անց նա գլխավորեց օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի բաժիններից մեկը: Իսկ այնուհետև Խուդյակովն արդեն գնդապետի կոչումով Բելոռուսական հատուկ զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի թիկունքի պետն էր: Մինսկում էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Թշնամուն անակնկալ հարված հասցնելու, կռվի ընթացքում բանակի կառուցվածքը փոխելու մարտական խնդիրներն օպերատիվ կերպով վճռելիս նա դրսևորում է զորապետի կազմակերպչական բարձր հատկություններ:

1941 թ. Ս. Խուդյակովը օդային բանակի շտաբի պետն էր, իսկ շուտով՝ բանակի հրամանատար: Այս պաշտոնում շատ ավելի լավ է դրսևորվում նրա զորավարական տաղանդը: Մեկ տարի անց նշանակվում է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատար:

Սերգեյ Ալեքսանդրովիչը ռազմական խորը գիտելիքներ ուներ, կազմակերպչի արտասովոր ունակություններ: Ճակատային ծանր պայմաններում առանձնահատուկ ուժով դրսևորվեցին նրա այնպիսի անձնական հատկությունները, ինչպիսիք են՝ ծառայական պարտականության անբասիր կատարումը, ուշադիր, հոգատար վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:

Խուդյակովը ամեն կերպ խրախուսում էր վերջիններիս աշխատանքային ինքնուրույնությունն ու նախաձեռնությունը: Մարտական կյանքում, ավիացիայի գեներալ-մայոր Ա. Պրոնինի վկայությամբ, եղել է դեպք, որը ցույց է տալիս, թե հրամանատարը որքան բազմակողմանիորեն ու խորն է անձնական պատասխանատվություն զգացել զորքերի ղեկավարման համար:

1943 թ. փետրվարի 23-ին, ճիշտ չգնահատելով հակառակորդի հնարավորությունները, նա ճակատային օդանավակայաններում գտնվող թշնամու ավիացիան անակնկալ հարվածով ոչնչացնելու որոշում ընդունեց: Անակնկալության հաշիվը չարդարացավ:

Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարությունը հրամայեց պատժել ավիացիայի մի շարք հրամանատարների: Ս. Խուդյակովը հանդես եկավ իր ենթակաների պաշտպանությամբ և հետևյալ բովանդակությամբ հեռագիր ուղարկեց Մոսկվա. «Ամեն ինչի մեղավորը ես եմ: Գերմանական ավիախմբավորման հրամանատար ֆոն Գրեյմը ինձ խաբեց: Խնդրում եմ չեղյալ հայտարարել հիշյալ սպաներին անտեղի պատժելու հրամանը»: Արդարությունը հաղթեց, իսկ դա ամեն ինչից վեր էր Խուդյակովի համար:

Սերգեյ Ալեքսանդրովիչը՝ որպես խելացի զորապետ, արժանի հեղինակություն էր վայելում գերագույն գլխավոր հրամանատարության մոտ: Նա քանիցս անձամբ Ստալինին զեկուցել էր պլանների և անցկացրած գործողությունների արդյունքի մասին: Գերագույն գլխավոր հրամանատարը լավ էր ճանաչում Ս. Խուդյակովին և բարձր էր գնահատում նրա ընդունակությունները: Հայրենիքի պաշտպանության գործում Խուդյակովի ծառայությունների ճանաչման վկայությունն է նրան 1941 թ. հոկտեմբերին ավիացիայի գեներալ-մայորի, 1943 թ. մարտին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ նույն թվականի հոկտեմբերին՝ գեներալ-գնդապետի կոչում շնորհելը:

Գեներալ Խուդյակովը գլխավորել է նաև ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի շտաբը: Այստեղ ավելի վառ բացահայտվեց նրա զորավարական տաղանդը: Նա հմտորեն կոորդինացնում էր ավիացիայի գործողությունները, մշակում հարձակման գլխավոր ուղղություններում ավիացիայի զանգվածային կիրառման հիմունքները:

Ավարտվեց պատերազմական 1944 թ., որը պատմության մեջ մտավ որպես Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում՝ ցամաքում, օդում, ջրում, ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի նկատմամբ խորհրդային բանակի տարած մեծ հաղթանակների տարի:

Այդ մարտական հաջողությունների մեջ զգալի է նաև ավիացիայի դերը: Ռազմաօդային ուժերի շտաբի պետ Խուդյակովը մի ամսագրի դեկտեմբերյան համարում նշել է. «1944 թ. մեզ համար վճռական հաղթանակների տարի էր: Մեր ռազմաօդային ուժերն ապացուցեցին իրենց անսահման գերազանցությունը օդում. դա եղավ հակառակորդի ավիացիայի նկատմամբ սովետական ավիացիայի որակական ու քանակական անառարկելի գերազանցության արդյունքը»:

1944 թ. առանձնահատուկ տեղ գրավեց Խուդյակովի կենսագրության մեջ: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվեց զինվորական ամենաբարձր կոչումը՝ ավիացիայի մարշալ: Դա նրա գործունեության արժանի գնահատականն էր:

1945 թ. փետրվար: Յալթա: Այստեղ տեղի ունեցավ 3 մեծ տերությունների ՝ Խորհրդային Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի Ղրիմի կոնֆերանսը: Կոնֆերանսում որոշումներ ընդունվեցին Եվրոպայում և Արևելքում պատերազմի ավարտին, ինչպես նաև պատերազմից հետո խաղաղության կազմակերպմանը վերաբերող բոլոր կարևորագույն հարցերի մասին: Ստալինի գլխավորած խորհրդային պատվիրակության կազմում էր նաև ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը՝ որպես ռազմական փորձագետ:

1945 թ. մայիս: Բեռլինն անձնատուր է եղել: Ֆաշիստական Գերմանիան պարտված է: Բայց սա դեռ չէր նշանակում, թե պատերազմն ավարտված է: Դեռ պետք էր Հեռավոր Արևելքում ջախջախել ճապոնական սամուրայներին: Ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը նույն թվականի հունիսին նշանակվում է Անդրբայկալյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատար:

ՀԱՅԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՇԱԼԸ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻնչպես ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի ռազմաճակատներում, այնպես էլ իմպերիալիստական Ճապոնիայի հետ պատերազմում մարշալ Խուդյակովը դրսևորեց ավիացիոն զորապետի բարձր հատկություններ, օպերատիվ-մարտավարական մեծ վարպետություն: Նրա մշակած բոլոր գործողությունները հաջողությամբ կատարվեցին:

Ավիացիայի մարշալ Ս. Ա. Խուդյակովի հրամանատարությամբ գործող 12-րդ օդային բանակը մանջուրական օպերացիայում լայնորեն օգտագործեց մոտոհրաձգային զորամասերի անձնակազմի դեսանտավորումը՝ ինքնաթիռներն իջեցնելով թշնամու օդանավակայաններում: Դրանով իսկ ավիացիոն դիվիզիաները առաջին անգամ յուրատեսակ առաջավոր ջոկատի դեր կատարեցին հարձակման մեջ: Այն ժամանակ դա նորություն էր ավիացիայի մարտական պրակտիկայում:

Ճապոնիայի դեմ հաղթանակից հետո ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը նշանակվեց Հեռավոր Արևելքի ավիացիայի հրամանատար: Այդ պաշտոնում նա իր ուժերը, փորձն ու գիտելիքները շարունակեց նվիրաբերել խորհրդային պետության պաշտպանական հզորության հետագա ամրապնդմանը:

Սակայն 1945 թ. դեկտեմբերի 14-ին մարշալ Արմենակ Խանփերյանցը հանիրավի ձերբակալվեց Չիտայում և բերվեց Մոսկվա: Նրան մեղադրանք առաջադրվեց հայրենիքին դավաճանելու, ինչպես նաև Մանժուրիայից թռչող անհետացած ինքնաթիռի ռազմավարն ու թանկարժեք իրերը յուրացնելու համար: 1950 թ. ապրիլի 18-ին Խուդյակովը դատապարտվեց ու գնդակահարվեց:

1954 թ. ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան կրկին քննեց նրա գործը: Նյութերում առաջին անգամ նշվեց հռչակավոր մարշալի իսկական անունը, ազգանունն ու հայրանունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց: Ռազմական կոլեգիան չեղյալ հայտարարեց դատավճիռը, իսկ արդեն 1965 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով հետմահու վերականգնվեցին ավիացիայի մարշալի զինվորական կոչումն ու պարգևները:

1957 թ. Արցախի Մեծ Թաղեր գյուղ է այցելել Արմենակ Խանփերյանցի ուկրաինուհի կինը՝ Վարվարա Պետրովնան որդիների՝ Վոլոդյայի ու Սերյոժայի հետ: Գյուղում՝ հոր հայրենի օջախում, համագյուղացիների հետ նշվել է մարշալի կրտսեր որդու՝ Սերյոժայի 14-ամյակը:

Մեծ Թաղեր գյուղի հրապարակում կանգնեցվել է Արմենակ Խանփերյանցի վեհաշուք արձանը, հիմնվել է ավիացիայի մարշալի տուն-թանգարանը:

1995 թ. ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում կանգնեցվել է ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին՝ որպես ապագա հայ սպաներին ուղեկից ու խորհրդանիշ, որպես Հայոց պատմական հիշողության՝ հավերժի ճամփորդ, իսկ 2005 թ. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն ինստիտուտը (այժմ՝ համալսարան) անվանվել է Արմենակ Խանփերյանցի պատվին:

 

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»

ռազմական պատմության թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Պատմության էջերից


27/01/2023