Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ



ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸԱրևելից կողմանց Հայաստանը կամ պատմական Արցախը առատ է շինարար հայ ժողովրդի քարակերտ մեծագործություններով։ Վերջինս հարուստ է հուշարձաններով, որոնցից շատերը երկար դարերի պատմություն ունեն։ Դիմանալով մի կողմից ժամանակի ազդեցությանը, մյուս կողմից՝ բազմաթիվ նվաճողների ավերածություններին, դրանք հասել են մեզ։ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Խաչենի իշխանության Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Արցախի լեռնային մասում, ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից հարավ-արևմուտք Գանձասար լեռան վրա է գտնվում Գանձասար վանքային համալիրը։ Ըստ ավանդության՝ լեռը Գանձասար է անվանվել արծաթի հարուստ հանք ունենալու պատճառով, սակայն վանքի անվան հետ կապված կան նաև այլ վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ այստեղ՝ Սբ. խորանի տակ են ամփոփված նախակարապետ Սբ. Հովհաննես Մկրտչի գլուխն ու Սբ. Պանթալեոն բժշկի հրաշագործ արյունը։

Ներկայումս վանքի կազմի մեջ են մտնում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, նրան կից կառուցված գավիթը, միաբանական խցերը, սեղանատունը, տնտեսական շինությունները, խաչքարերը, պարիսպը, գերեզմանատունը: Գանձասարի մասին իրենց կարծիքն են արտահայտել բազում ականավոր գործիչներ, ինչպես նաև եվրոպական խոշոր հայագետներ։ Նման անդրադարձը կարևորում է հուշարձանի հանդեպ հետաքրքրությունը նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Հատկանշական է Յակոբսոնի և Հասրաթյանի հակամարտությունը ադրբեջանցի հետազոտողների հետ, որոնք փորձում են իրենց հրատարակություններում Գանձասարի վանքը վերագրել որպես Ադրբեջանի մշակութային ժառանգություն։

Զաքարյանների օրոք ավարտվել է ճարտարապետական մի շարք համալիրների կառուցումը՝ Տաթև, Սանահին, Հաղպատ, Կեչառիս, Հաղարծին, Տեղեր, Դադիվանք և այլն։ Կառուցված և վերանորոգված եկեղեցիներից է նաև Գանձասարը, որի իշխանական տոհմին էին պատկանում Հասան-Ջալալյանները։ Վանքը Խաչենի տիրակալների տոհմական դամբարանն է եղել և ընդհուպ մինչև 19-րդ դար հանդիսացել է Աղվանքի կաթողիկոսի նստավայրը [1]։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸԲարձրաքանդակների հարուստ գեղարվեստական հարդարանքով ու լուծումներով, զարդամոտիվների բազմազանությամբ այս սքանչելի կառույցը մարմնավորում է 13-րդ դարի հայ ճարտարապետական արվեստի հանճարի լավագույն նվաճումները։ Գանձասարի մասին առաջին գրավոր տեղեկությունը հայտնում է Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը, ով 949 թվականին հայ-քաղկեդոնական վեճերը հարթելու նպատակով գալիս է Գանձասար և այստեղ՝ Արդախ կոչված վայրում գումարում եկեղեցական ժողով [2]։ Նկարագրելով 12-րդ դարի 40-ական թվականներին Արցախի իշխանության պայքարը բռնագրավիչ սելջուկ-թուրքերի դեմ, Մխիթար Գոշը վկայում է, որ իշխանական այս տան շատ ներկայացուցիչներ նահատակվել են անհավասար պայքարում։ Նահատակվածներից են եղել Խաչենի իշխանազունները և Գրիգոր իշխանը, որին «զկնի ամի միոյ առեալ բերին ի վանքն անուեալ Գանձասար, որ էր տապանատուն նախնեաց նորա, և անդ թաղեցին զնա»։ Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ երբ Գանձասարի նոր վանքը կառուցող Հասան-Ջալալը նահատակվեց Ղազվինում, որդին՝ Աթաբակը (Իվանեն), նրա նշխարները տեղափոխեց հայրենիք և թաղեց «ի վանքն Գանձասար ի գերեզմանս հարց իւրոց»։ Նշանակում է՝ Կիրակոս պատմիչին ևս հայտնի էր, որ ինչպես Մխիթար Գոշի վկայությունից գիտենք, Գանձասարի վանքի գավիթը գերեզմանատուն է հանդիսացել տեղի իշխանական տոհմի ներկայացուցիչների համար [3]։

Եկեղեցու բակում պահպանված 1174, 1181, 1202 թվագրությամբ խաչքարերը, որ կանգնեցվել են Հասան Մեծի և Վախթանգ-Տանգիկի կողմից, նույնպես վկայում են Գանձասարում ավելի վաղ գոյություն ունեցած վանական կյանքի մասին։ Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև աղբյուրագիտական այլ տեղեկությունները, կարող ենք ասել, որ ներկայիս վանքը կառուցվել է նախկինում եղած շինությունների տեղում։

Գանձասարի վանքի կառուցումն ու նրա հետագա գործունեությունը միահյուսված են Հասան-Ջալալյան իշխանական տոհմի պատմությանը։ 1216-1238 թթ. Խաչենի տիրակալ Հասան-Ջալալ Դոլան ու իշխանաց իշխանը իր բարեպաշտ հոր՝ Վախթանգ-Տանգիկի կտակի համաձայն՝ Գանձասար կոչված վայրում կառուցել է տալիս մի չքնաղ կոթող, գեղեցկազարդ հորինվածքով մի եկեղեցի։ Տաճարի ներսում՝ հյուսիսային պատի լայնությամբ, պահպանվել է տաճարի շինարարական արձանագրությունը՝ բաղկացած 27 տողից, որտեղ տեղեկություններ են հաղորդված եկեղեցու կառուցման մասին։ Վանքի նավակատիքն ու օծումը տեղի են ունեցել 1240 թ. հուլիսի 22-ին՝ Վարդավառի տոնին, կիրակի։ Տարբեր ժամանակաշրջաններում Գանձասարում անց էին կացվում հավաքներ և ժողովներ։ Նրանց նպատակը մեկն էր՝ ոգեշնչել ազատագրական պայքարը, հաստատել դիվանագիտական կապեր հզոր Ռուսական կայսրության հետ։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ13-րդ դարում կառուցված վանքը քանիցս և մինչ օրս ենթարկվում է նորոգությունների։ Համալիրը շրջափակված է երկու դարպաս ունեցող քարե բարձր պարիսպներով։ Ուղղանկյուն հատակագծով ու ներքուստ խաչաձև տաճարը ավարտվում է հիասքանչ գմբեթով։ Նրա արտաքին պատերը, որոնք սրբատաշ են ու մշակված 11-րդ դարի հայկական ճարտարապետական կաոուցվածքներին յուրահատուկ դեկորատիվ կիսասյուներով, կամարաշարով ու եռանկյուն որմնախորշերով, խիստ ու մեղմ ձևերի հետաքրքիր ներդաշնակություն են ստեղծում։ Գմբեթը հենված է չորս առանձին հենասյուները միմյանց կապող թեթև կամարների վրա և ունի բազմանիստ թմբուկ զարդարված որմնախորշերով ու կիսասյուների փնջերով, որոնց արանքում տեղադրված են բարձրաքանդակներն ու հարթաքանդակները։ Գմբեթը վերջանում է քարե սալերից պատրաստված բազմանիստ հովհարաձև վեղարով։

Գավիթը կառուցվել է ավելի ուշ՝ 1261 թ., եկեղեցու արևմտյան կողմում, Հասան իշխանի կնոջ՝ Մամքանի, և որդու՝ Աթաբակի կողմից: Այն Հաղպատի Սբ. Նշան տաճարի հետ միասին այդօրինակ կառույցների մեջ լավագույնների շարքին է դասվում։ Հայկական եկեղեցիների անբաժան մաս կազմող քանդակային հարդարանքների  շնորհիվ հնարավորություն է տրվում  պարզելու, թե ովքեր են եղել պատվիրատուները, և որ ժամանակաշրջանում է կառուցվել։ Գանձասարի արտաքին հարդարանքում ճարտարապետի ուշադրության կենտրոնում է եղել 16 նիստ ունեցող  թմբուկը։ Քանդակներ են առկա ոչ միայն բուն նիստերի վրա, այլ նաև դրանց եռանկյունաձև վերջավորություններում՝ տիմպաններին: Նիստերից ութի վրա, մեկընդմեջ, կա եռանկյունի որմնախորշ, որի խորքում՝ պսակված քանդակով կիսասյուն։ Մյուս նիստերը հարթ են, նրանցից չորսը զբաղեցնում են նեղ լուսամուտները, լայն շրջակալներով, ծածկված բարդ ու շատ նուրբ փորագրությամբ, իսկ շրջակալի վերևում կա վարդյակ։ Մյուս չորս նիստերը ունեն փոքր, կլոր լուսամուտներ։ Դրանք բոլորն էլ ժանյականման փորագրություններով են։ Նիստերից մեկը զուրկ է լուսամուտից, որին փոխարինում է ժանյակահյուս վարդյակի զարդաքանդակը։

Վանքային համալիրի թմբուկի վրա առկա են հին ու նոր կտակարանային կերպարներ, կենդանիների ու խորհրդանշական բնույթի պատկերներ: Արևմտյան նիստի վրա քանդակված է Քրիստոսի խաչելության տեսարանը։ Լայնաթև խաչի երկու կողմերում պատկերված են երկու կանայք։ Գլուխները  դիմահայաց  են, ոտնաթաթերը՝ պրոֆիլ։ Ձեռքերով ցույց են տալիս Քրիստոսին, դեմքերն ուղղված են դիտողին, որն ընկալելի է որպես Քրիստոսից միջնորդության հայցում, այն մարդկանց համար, որոնց նվիրված էր հուշարձանը։ Քրիստոսի պատկերագրական այս տիպը՝ փակ աչքերով, մինչև 13-րդ դար հազվադեպ է հանդիպում։ Այս պատկերաքանդակի համար որպես օրինակներ կարող էր ծառայել Գրիգոր Տաթևացու աշակերտի կողմից ստեղծված Ավետարանի Խաչելության մանրանկարը և Գլաձորի Ավետարանի Խաչելության մանրանկարը։ «Գանձասարի խաչելությունը» համապատասխանում է Մեծ Հայքի պատկերագրական ավանդույթներին։ Քրիստոսի ոտքերի մոտ երկու կերպարների առկայությունը նորություն էր սյուժետում։ Կա երկու վարկած, թե ովքեր են պատկերված։ Դրանք կարող էին լինել կամ Հասան-Ջալալը և նրա որդին՝ Աթաբակը, ովքեր ավարտեցին գավթի կառուցումը, կամ Հասան-Ջալալն ու նրա հայրը՝ Վախթանգը, ովքեր նախաձեռնեցին շինարարությունը։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸԱրևմտյան ճակատին՝ եռանկյունաձև խորշի մեջ, պատկերված է անմորուս Քրիստոսը, որը ձախ ձեռքում պահել է գիրք, իսկ աջ ձեռքը օրհնող ժեստով է։ Նման ժեստ հանդիպում ենք նաև Դովեղ (6-7 դդ.) գյուղից հայտնաբերած մեդալիոնի վրա։ Քրիստոսի պատկերը մարմնեղ է և ստատիկ։ Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ մեր առջև ունենք Քրիստոս Քահանայի կերպարը, ով կատարում է երկնային պատարագը։

Քրիստոսի ֆիգուրից ներքև՝ 9-րդ նիստի վրա, Ադամն ու Եվան են պատկերված՝ լուսամուտի շրջակալի վրա։ Նրանք կանգնած են կենաց ծառի երկու կողմերում, որի վրա օձ է բարձրանում։ Ծառի կենտրոնում ծաղկած ծաղիկ է։ Վերջինիս վրա երկու թռչուններ են նստած, որոնք կտուցները մոտեցրել են իրար։ Սա կարելի է հասկանալ որպես «կյանքի աղբյուր», որից հոսում են դրախտի գետերը։ Ծառի ձախ կողմում հայերեն մեծատառերով գրված է՝ «Ադամը օձ է», իսկ աջ կողմում՝ «Եվա»։ Ադամի դեմքի կողմում կա երկրորդ արձանագրությունը՝ «Ադամ»։ Այս սյուժետը մանրանկարչության մեջ հանդիպում է 14-րդ դարից Կիլիկիայի և Սյունիքի դպրոցներում, քանդակագործության մեջ՝ Աղթամար կղզու Սբ. Խաչ տաճարում (915-921թթ.), որտեղ քանդակի կոմպոզիցիան ավելի կենդանի է, բայց պահպանում է նմանությունը, ինչն էլ թույլ է տալիս ասելու, որ այն հնարավոր է թողել է իր ազդեցությունը։

Թմբուկի հարավային ճակատին՝ 5-րդ նիստի վրա, պատկերված է Աստվածամայրը մանկան հետ։ 4-րդ նիստի ճակատային հատվածում ևս պատկերված է Տիրամայրը մանկան հետ, որը պատկերագրորեն համարվում է Գթասիրտ։ Այստեղ մանուկը աջ ձեռքով սեղմում է օձը։ Դա ամենայն հավանականությամբ ցույց է տալիս քրիստոնեական և հեթանոսական աշխարհների բախումը։ 5-րդ նիստի վրա գտնվող Տիրամոր կերպարը պատկերագրորեն կարող ենք համարել Ողբացող։ Երկու տեսարանները մեկ իմաստով համատեղելով, կարող ենք ասել, որ Մարիամի կյանքի երկու հիմնական փուլերն են ներկայացված: Գանձասար վանքային համալիրի 4-րդ նիստի վրա գտնվող պատկերաքանդակը չի հանդիպում ավելի վաղ ստեղծված և ոչ մի հուշարձանի վրա։ Նման կոմպոզիցիա հանդիպում է միայն մանրանկարչության մեջ։

Հակիրճ անդրադառնալով  կենդանական պատկերներին` նշենք հետևյալը. համաձայն վաղ քրիստոնեական պատկերացումների` արծիվը խորհրդանշում է ինչպես համբարձվող Քրիստոսին [4], Հովհաննես ավետարանչին, այնպես էլ հրեշտակներին, և, այս առումով, դրանց պատկերումը Երկնային գոտում՝ թմբուկին, լիովին հասկանալի է: Մյուս էակը հուշկապարիկն է (թռչնի մարմնով և կնոջ դեմքով առասպելական էակ), որն իր իմաստային խորքով կապվում է հայ ժողովրդի դիցաբանական պատկերացումների ամենավաղ շրջանի հետ։ Խառնածին կամ առասպելական  էակ, որն օժտված էր աստվածային շնորհով և համարվել է միջնորդ երկնային և երկրային աշխարհների միջև։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸԳանձասարի եկեղեցու թմբուկին առկա են պատվիրատուների քանդակները։ Վերջիններս իրենց գլուխներից վեր պահում են մի-մի տախտակ, որոնց վրա եկեղեցիների մանրակերտներն են, հյուսիսային նիստինը՝ գմբեթազարդ կլոր տաճար, հարավայինը՝ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի։ Երկու քանդակներն էլ նման են իրար։ Երկար բեղերով ու ոչ այնքան երկար մորուքով տղամարդ է, փոքր-ինչ ուռուցիկ այտոսկրերով։ Գլխանոցը հավանաբար ծոծրակալով է և խույրի պես իջնում է վար՝ երեք կողմից պաշտպանելով գլուխը։ Հագին պատմուճա՞ն է, թե՞ վերարկու՝ դժվար է որոշել, քանի որ քանդակը կտրվում է կոնքից ներքև։

Ըստ Ա. Յակոբսոնի. «Երկու կտիտորներից մեկը, հավանաբար, ինքը՝ Խաչենի տեր Հասան-Ջալալն է, Գանձասարի տաճարը կառուցողը։ Մյուս կտիտորն էլ, հնարավոր է, նրա որդին է՝ Վախթանգը, հիշված տաճարի շինարարական արձանագրության մեջ»։ Բագրատ Ուլուբաբյանն ասում է, որ ենթադրության պես ասված այս կարծիքը չի կարելի ընդունել, նախ, որովհետև տաճարի շինարարությանը վերաբերող միակ արձանագրությունը միայն Հասան-Ջալալի անունից է, և այնտեղ որդու՝ Աթաբեկ-Իվանեի և ոչ թե Վախթանգի անուն չկա։ Խաչենի գերագահ տերը այստեղ խոսում է նաև որպես միակ կառուցողը տաճարի։ Բագրատ Ուլուբաբյանի համոզմամբ՝ Գանձասարի երկու՝ իրար հար և նման կտիտորական քանդակները ներկայացնում են Հասան-Ջալալին։ Երկրորդ հովանավորի պահած մանրակերտը, ենթադրվում է, ներկայացնում է Վաճառի եկեղեցին, որը նույնպես Հասան-Ջալալն է կառուցել 1299 թ.։ Սույն եկեղեցու ճարտարապետական հորինվածքի մասին մոտավորապես պատկերացում կարելի է կազմել այս մանրակերտի հիման վրա։ 10-13 դդ. հայկական ճարտարապետական հուշարձանների համար հովանավորական քանդակները սովորական երևույթ էին։ Գանձասարի քանդակում հովանավորն իր գլխից վեր բարձրացրել է մանրակերտը։ Եվ թեպետ պատկերաքանդակի որոշ մանրամասներ սխեմատիկ են ու ոճավորման ենթարկված (չեն պահպանված, օրինակ, գլխի, ձեռքերի ու մարմնի համաչափությունները), այն իր ընդհանրության մեջ պլաստիկ ցայտուն արտահայտչականություն ունի և դիտողի վրա թողնում է անջնջելի տպավորություն։ Նմանատիպ թմբուկի հարդարանք առկա է նաև վրացական եկեղեցիներում (11-12 դդ.)։ Գանձասարի կամարաշարի ձևավորման համար հեռավոր աղբյուր կարող է լինել Երուսաղեմի Սբ. Հարության տաճարի Սբ Գերեզմանի թմբուկը, որը վերակառուցվել է խաչակիրների կողմից 12-րդ դարում։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ4-րդ և 6-րդ նիստերի վրա կան  ծնկաչոք ֆիգուրներ։ Լ. Դուռնովոն գտնում է, որ կանանցից մեկը Խորիշահն է՝ Հասան իշխանի մայրը, իսկ մյուսը՝ Մամքանը՝ նրա կինը: Ծնկաչոք ֆիգուրների գլխավերևի երկու ֆանտաստիկ կենդանիների դեմքի կատարման տեխնիկան համահունչ է Քրիստոսի, Ադամի և Եվայի դեմքերի կատարման տեխնիկայի հետ, ինչն էլ խոսում է դրանց համաժամանակյա լինելու մասին։ Յակոբսոնի կարծիքով՝ դրանք հուշկապարիկներ են, իսկ Թիերիի և Հասրաթյանի կարծիքով՝ հրեշտակներ են։ Գմբեթի, տաճարի ու գավթի բոլոր պատուհանները շրջափակված են գեղեցիկ ոճավորված կենաց ծառերի զարդաքանդակներով։ Վանքի պատերն ու խաչքարերը հարուստ են արձանագրություններով, որոնք հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Խաչենի իշխանության, Աղվանից (հետագայում Գանձասարի) կաթողիկոսության գործունեության ու վանքի վերանորոգման մասին։ Տաճարի ու գավթի կառուցման հանգամանքներն արձանագրված են ներսի հյուսիսային և արևմտյան պատերի վրա։

Այսպիսով՝ վանքային համալիրը ունենալով մի շարք առանձնահատկություններ իր ժամանակի մյուս հուշարձանների նկատմամբ, այնուամենայնիվ, որոշ պատկերագրական մոտիվներ վերցրել է մինչ այդ կառուցված հուշարձաններից։ Ուսումնասիրելով որոշ հետազոտողների աշխատությունները, եկանք այն եզրակացության, որ Գանձասարը, ինչպես և 13-րդ դարի մի շարք հուշարձաններ, նպաստել են Արցախում ճարտարապետական յուրօրինակ դպրոցի հետագա զարգացմանը, սակայն ոչ մի տեղ արտաքին քանդակային հարդարանքը  այդքան արտահայտիչ չէ, ինչպես Գանձասարում։

 

ԱՆԱՀԻՏ ԱՊԵՐՅԱՆ

«Մայր Հայաստան»

ռազմական պատմության թանգարան

Էքսկուրսավար

Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Հոգևոր-մշակութային


02/02/2023