ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԸՆԴԳՐԿՄԱՆ»
Երկրի զինված ուժերում տիրող իրավիճակն այսպես է բնութագրել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին և հավելել. «այնքան շատ են գողանում, որ չեն էլ կարողանում ծախսել»: Նա պատմել է, որ աղմկահարույց յուրացումների համար մեղադրվող բարձրաստիճան մի սպա այն հարցին, թե ինչու չէր ծախսել խուզարկության ընթացքում տանը հայտնաբերված տասնյակ միլիոնները, անկեղծորեն պատասխանել էր, որ արդեն չգիտեր, թե էլ ինչ կարելի է գնել:
Պետական ունեցվածքի յուրացման համար վերջին մեկուկես տարվա ընթացքում պատասխանատվության են ենթարկվել ավելի քան հազար պաշտոնյա, որոնց թվում` 18 գեներալ, նրանցից երեքը այժմ իրենց պատիժն են կրում ազատազրկման վայրերում:
2011 թվականին ռուսական բանակում էապես աճել են կաշառակերության դեպքերը: Բացահայտվել է 250 դեպք, իսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետևանքով պետությանը հասցվել է ավելի քան երեք միլիարդ ռուբլու վնաս: Միայն էլեկտրամագնիսական համատեղելիության վերլուծության «Воентелеком» կենտրոնի հնարամիտ ղեկավարությանը հաջողվել է իրականում զինվորական ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքները թղթի վրա տարբեր կազմակերպությունների պատվիրելու միջոցով յուրացնել 700 միլիոն ռուբլի, որոնք նախատեսված էին քաղաքացիական ու զինվորական կապի համատեղման համար: Կենտրոնի ղեկավարն ու նրա տեղակալը, որոնք հաջողությամբ մշակել էին պետական գումարների յուրացման մեխանիզմը, այժմ գտնվում են հետախուզման մեջ, իսկ թաքնվել չհասցրածները` դատարանում ու կալանավայրում:
Միաժամանակ բացահայտվել է բարձրաստիճան զինվորական հրամանատարության կողմից ունեցվածքն ու եկամուտները թաքցնելու 380 դեպք, որոնցից վեցի «հեղինակները» գեներալներ են: Հակառակ օրենսդրական արգելքին, գլխավոր զինվորական դատախազության հսկողության տիրույթում գտնվող բոլոր զորատեսակների ու գերատեսչությունների ղեկավարությունն էլ զբաղվում է գործարարությամբ, ու թեեւ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են խստագույն միջոցներ, բայցեւայնպես այս երևույթը նվազելու փոխարեն ավելի է մեծանում, և ՌԴ նախագահի կարգադրությամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է բարձրաստիճան զինվորականների կողմից հակակոռուպցիոն օրենսդրության խախտման ավելի քան 700 դեպք: Մասնավորապես, Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալներից մեկը թաքցրել էր կնոջ անունով գրանցած արտասահամանյան շքեղ ավտոմեքենա, երկու բնակարանի և ութ բանկային հաշիվ ունենալու փաստը, իսկ զինվորական ակադեմիաներից երկուսի պետերը 2005 թվականից առևտրական կազմակերպությունների հիմնադիրների խորհրդի անդամ են:
Ֆրիդինսկու հավաստմամբ, բացառյալ յուրացումների ու կոռուպցիայի դեպքերը, մյուս ասպարեզներում սակայն, իրավիճակը կայունացել է: Շուրջ 16 տոկոսով նվազել են զինծառայողների, այդ թվում և սպաների կատարած հանցագործությունները, հաստատուն ընթացքով մեծանում է որևէ հանցագործություն չգրանցած զինվորական կոլեկտիվների թիվը: Նվազել են ծանր հանցագործությունները, երկու անգամ կրճատվել են ծառայությունից խուսափելու և զենքի ու զինամթերքի գողության դեպքերը:
ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկու խոստովանությամբ, ՌԴ բանակում օրինականության պահպանման գործում դեռ անչափ շատ անելիքներ կան: