ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում օրերս տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ցերեկույթ։ Հայաստանի Հանրապետության օրհներգից հետո ներկաները հոտնկայս հարգեցին Արցախյան գոյամարտում նահատակված մեր քաջորդիների անմահ հիշատակը։ Ներկա էին Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչներ, ՀՀ ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ Սարգիս Գրիգորյանը, «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Սամվել Մաթևոսյանը, ազատամարտիկներ, ծնողներ, հյուրեր։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ. Համբարձումյանը: Այնուհետև բեմ ելան դպրոցի երաժշտական խմբերի սաները՝ զինվորական համազգեստներով։ Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր՝ «Սահմանին…», «Գինի լի՛ց…» և այլն։ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ» երգը հնչեց խմբի կողմից։
Հավաքվեցինք, բանակ դարձանք,
Մեր անցյալի հերոսներից
Ժառանգեցինք մի երազանք:
Երկիրը սեր է, հողը՝ կյանք:
Թե կռվից չգամ ու քո համբույրը չզգամ,
Արցունքներդ լի թող հաղթանակը սրբի,
Կներես դու ինձ, մայր, քո որդուն,
Ես խաղաղ երկնքով կգամ տուն:
Թող գրկի քեզ ընկերս հիմա…»։
Արվեստի դպրոցի սաները հանդես եկան նաև թատերական ներկայացումով։ Մարտադաշտում զինվորները հայրենի երկրի սահմանն են պաշտպանում, հերոսանում, իսկ տանը նրանց մայրերը որդիների նամակներն են ընթերցում և հավատով սպասում՝ հերոս տղան տուն է գալու։ «Վե՛ր կաց, եղբա՛յր…» երգը կատարեց Սյուզին՝ Կարինեի կիթառի ու դաշնամուրի հնչյունների ուղեկցությամբ, ժողնվագարանների համույթը հանդես եկավ Գագիկ Դանիելյանի ղեկավարությամբ։ Համերգն ավարտվեց, և դպրոցի սաները ներկաների ծափերի ներքո բեմ բարձրացան…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Բանակ և հասարակություն