ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՆԱՎ-ՈՒՐՎԱԿԱՆ»
Ամերիկյան «Juliet Marine Systems» նավաշինական ընկերությունը ցուցադրել է «Ուրվական» չարագուշակ անվանումը կրող ռազմանավի մշակումը, որի նմանակը չկա ամբողջ աշխարհում:
Արտաքուստ այն հիշեցնում է ականջները կախ շնիկի, մարտական ուղղաթիռի ու արագընթաց նավակի խառնուրդ, իսկ «ականջների» ծայրերին ամրացված են նավի շարժիչները: Մի շարք նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ «Ուրվականը» կարող է դառնալ ամենաարագընթաց լողացող ջրային միջոցը աշխարհում:
Նավն անտեսանելի է հավանական հակառակորդի ռադարների համար և, ամենայն հավանականությամբ, արագընթացության ու քիչ տեսանելիության շնորհիվ էլ ստացել է «Ուրվական» անվանումը: Այն ունի շուրջ հազար ֆուտ բեռնատարողություն և սպառազինված է ժամանակակից հրթիռային համալիրներով, որոնք միմյանցից անկախ կարող են միաժամանակ կրակ վարել մի քանի նշանակետերի վրա:
Նոր մշակման բազային մոդելը նախատեսվում է օգտագործել կապի ու պարեկման, հետախուզական, դեսանտային և փրկարարական արագընթաց նավերի ստեղծման համար:
«Ուրվականի» անձնակազմը բաղկացած է երեք հոգուց: Սակայն ընկերությունն արդեն իսկ աշխատում է նույն սկզբունքների կիրառմամբ անհամեմատ մեծ՝ 50 մետր երկարությամբ ռազմանավի ստեղծման ուղղությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական