ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Զինված ուժերում մեկնարկել են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակը որակապես նոր բանակ ունենալու գաղափարն է՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը՝ ամուր հիմք ստեղծելով արհեստավարժ բանակի համար:
2022-ը սկսվեց, շարունակվեց ու ավարտվեց զինված ուժերի արդիականացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների քննարկմամբ ու ներդրմամբ: Նման առաջնահերթ ծրագրերից է «Պաշտպան հայրենյացը»:
Պայմանագրային զինվորական ծառայության անցման այս համակարգն արդեն գործողության մեջ է՝ սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:
– Ինձ համար պատիվ է ծառայել իմ երկրի զինված ուժերում: Կարծում եմ, որ բոլորս մեր ներդրումը պետք է ունենանք բանակի հզորացման ու Հայրենիքի շենացման գործում: Ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս,- ասում է ժամկետային զինծառայող Գրիշան:
-«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կես տարի ծառայելուց հետո կարող ես անցնել զինվորական պայմանագրային ծառայության: Համոզված եմ՝ այն անպայման կնպաստի մեր բանակի հզորացմանը: Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, պաշտպանելու իմ երկիրը,- ընկերոջը միանում է Էդմոնը:
-Երբ լսեցի ծրագրի մասին, հետաքրքրվեցի և ցանկացա մասնակցել: Ոգևորված եմ, պետք է լավ ծառայեմ, առաջադրված խնդիրները գերազանց կատարեմ, որ կարողանամ ընդգրկվել ծրագրում,- ասում է Արթուրը: Իսկ նրա ընկեր Հովհաննեսն ավելացնում է.
-«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հեռանկարային լավ հնարավորություն է:
Ծրագրի հաջող մեկնարկի մասին է փաստում ոչ միայն հայրենյաց պաշտպանների զինվորական լավ մասնագետ դառնալու, պատվով ծառայելու պատրաստակամությունը, այլև ծրագրի շահառուների մեծ թիվը, որն ի դեպ մրցակցային խթան կդառնա լավագույն կադրերի ընտրության հարցում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Ազգային բանակ