Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴԸ



ՎԱՐԴԱՆԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴԸ«Ժողովուրդը պետք է կարողանա նվաճել իր ապրելու իրավունքը»

 Եղիշե  (V դար)

 

Բյուրավոր ցավերի մեջ գտնվող մեր Հայրենիքը քաջարի հայորդիների հեղած արյան շնորհիվ շարունակում է իր պատմական գոյությունը՝ պետականության և հոգևոր առաջընթացի համար արարելու, ստեղծագործելու և Հայրենիքը շենացնելու ճանապարհ հարթելով։ Մեր նահատակ զինվորների կողմից գործած սխրալի քաջագործությունները արդյունքն էին հայրենասիրական դաստիարակության և հոգևոր ինքնագիտակցության, որը նրանց մղեց անվախորեն պաշտպանելու մեր Հայրենիքի սահմանները, ուր ամեն խաչքար ու սրբատեղի դարերի կնիքն իր վրա ունեցող նվիրական սրբություն է՝ Հանուն հայրենիքի ու հավատքի, կամ ինչպես լատինական ասացվածքն է ասում՝ հանուն խորանների ու օջախների (Pro aris et focis):

Մարտնչած քաջազուն հայկազյանների համար ուղեցույց-օրինակ է եղել Վարդանանց շարժումը, դարերով փոխանցված պատմության գաղափարաբանական հենքը, որը պատվեր է չընկճվել թշնամու դավերից և նենգամիտ քայլերից, միշտ տոկուն մնալ և չկորցնել արիությունը։ Աստծո զորությունն ու օժանդակությունն այնտեղ է, որտեղ սրբությունները պահպանվում են, և չկա նահանջ քրիստոնեական հավատի սկզբունքներից։ Ավետարանական ճշմարտություններին հետևող Վարդանանց սերունդը դարերի հեռավորությունից շեփորահարում է կարևորագույնի մասին, առանց որի ազգը կկորցնի իր ապրելու առհավատչյան։

Ազատատենչ մեր ժողովուրդն իր հոգեկան կերտվածքի հերոսականությունն ու վեհությունը ցույց տվեց Վարդանանց պատերազմի ժամանակ 5-րդ դարում, երբ բոլորը, մի բռունցք դարձած, անպետականության պայմաններում հոգևոր հայրերի առաջնորդությամբ և անմիջական ուղեկցությամբ դուրս եկան կռվի ասպարեզ և արեցին հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու սրբազան Հայրենիքի նահատակաբույր հողը։ Պատերազմի անձնվեր հայրենասիրության և մարտական անվեհերության զորագլուխը՝ Վարդան Մամիկոնյանը, իր զինվորներին ուղղված ճառում գոտեպնդում է նրանց, որպեսզի չերկնչեն հեթանոսների բազմությունից, Տիրոջ կողմից հաղթության առավելությունն ստանալու դեպքում կարողանան ոչնչացնել նրանց զորությունը՝ ճշմարտությունը բարձրաձայնելու համար, իսկ եթե հասել է սուրբ մահով կյանքի ավարտը կնքելու ժամանակը, մահն ընդունեն ուրախ սրտով. «Միայն թե՝ արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»։

Սուրբ Վարդան Մամիկոնյանի ճառը ցօրս չի կորցրել իր ուժը և այնքան հնչեղ է ու զգաստացնող, որ կարող է մեր ժողովրդին արթնացնել թմբիրից՝ ի պայքար և ի պաշտպանություն մեր հայրենի հողի։ Վարդանանք պատերազմը քաջությամբ հաղթահարեցին շնորհիվ քրիստոնեական ամուր հավատքի, որը միտված էր ազգային էական այն առանձնահատկության պահպանմանը, որը ազատությունն է, ազատորեն դավանելու քրիստոնեությունը՝ Աստծո հայտնության ճշմարտացի կրոնը, որը մեր ազգի հենարաններից մեկն է, ինչպես սահմանում է հայազգի իմաստասեր, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը. «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն»։

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴԸՆախքան պատերազմ մեկնելը՝ նախորդող վերջին գիշերը հայկական  բանակն իր ժամանակն անցկացնում է եկեղեցական արարողություններն անցկացնելով, աղոթքի ու խոկման մեջ։ Ղևոնդ Երեցն ու Հովսեփ կաթողիկոսը քարոզում էին ամրապնդելով զորքի հավատքն ու նահատակության ոգին՝ պատրաստելով հերոսական ճակատամարտի, որը վճռելու էր ազգի գոյընթացի և դրա կերպի հետագա ճակատագիրը։ Ամբողջ բանակը հաղորդվում է, ընդունում Տերունական Մարմինն ու Արյունը, չմկրտվածները մկրտվում և արժանանում են Աստծո որդիությանը՝ լիովին պատրաստ անվախորեն կռվի նետվելու։ Նրանք իրենց անձնական կյանքից առավել նախընտրեցին հավաքական կյանքը, որդեգրեցին՝ «Իմացյալ մահն անմահություն է» կարգախոսը, որը դարձավ ճակատամարտի մասնակիցների սևեռակետը։ Միասնականությունը դարձավ այն ուժը, որը  ուղենշեց ժողովրդի համար փրկության ճանապարհը. «Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» (Եղիշե Չարենց)։

Տղմուտ գետի ափին տարածվող Ավարայրի դաշտը դարձավ հերոսամարտի այն վայրը, ուր անհավասար ուժերի պայքարում հայ ժողովուրդն իր տիրական ներկայությամբ, անսասան կամքով պայքարեց հաղթելու և իր ազգային-կրոնական երթը չդադարեցնելու համար։ Մեր ժողովրդին մեծ լիցք է հաղորդել Ավարայրի ճակատամարտի խորհուրդը, որը ցույց տվեց, որ իր հողի և հավատքի համար ոտքի ելած ժողովուրդը չի մեռնի, կհարատևի, ինչպես հայրենի լեռները։

Եվ այսօր էլ Վարդանանց խորհուրդը ազգային-հոգևոր գաղափարախոսության այն մարտահրավերն է, որն ուղղված է յուրաքանչյուր հայորդու։ Շարունակվող համաշխարհային ապազգային քարոզարշավների, տարատեսակ հոսանքների և ապակառուցողական երևույթների դեմ պայքարո՞ւմ ենք այն ոգով, որով համակված էին մեր հայրերը՝ ազգային ինքնությունից չօտարվելու համար։ Միայն Վարդանանց նվիրական անուններով պարծենալը մեզ չի դարձնում արժանի ժառանգորդներ, եթե չենք կարևորում մեր ազգային դիմագիծը, հավատարիմ չենք քրիստոնեական ուսմունքին, գերիվեր և առաջնահերթ խնդիր չէ հայապահպանությունն և այն վեհ արժեքները, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են մեզ որպես սրբազան մասունք։

Սուրբ Վարդանանց զորավարների տոնը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2023 թվականին նշում է փետրվարի 16-ին:

 

ՆԱՐԵԿ սարկավագ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Զորամասի գնդերեց

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Պատմության էջերից


17/02/2023